Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է երեխաների և դեռահասների մասնակցությունը բնապահպանական ծրագրերին». Հենրիետ Արենս

Հունիս 25,2014 19:10

Նորարար փորձառական արվեստի կենտրոնում այսօր տրվեց «Բնապահպանական կրթության ցանցի հզորացում հանուն Հայաստանում բնապահպանական կրթության ամրապնդման» 18-ամսյա ծրագրի պաշտոնական մեկնարկը:

Բնապահպանական կրթության ցանցը (ԲԿՑ), որն ստեղծվել է 2013 թ. 12 տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ու GIZ կազմակերպության աջակցությամբ, նպատակ ունի Հայաստանում զարգացնել բնապահպանական կրթությունը:

Ծրագիրը կիրականացվի «էյ Թի Փի» (Armenia Tree Project) բարեգործական հիմնադրամի կողմից, Եվրոպական միության «Ամրապնդել բնապահպանական կառավարումը ՀԿ-ների կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհային ծրագիր) կողմից:

18 ամիսների ընթացքում ծրագիրը կբարձրացնի հանրության, հատկապես երեխաների և երիտասարդների՝ բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակը:

«Մենք բոլորս հանձն ենք առել օգնել Հայաստանին, որովհետև շատ ենք կարևորում երեխաների առողջության ապահովումը,- ասում է Հայաստանում ԵՄ պատվիրակության միջազգային աջակցության և համագործակցության հարցերի պատասխանատու Ջոն Բարքերը,- սակայն այս ծրագիրն սկսկելուց առաջ բոլորս պիտի հասկանանք, որ աղտահանումը չի կարող իրականացվել միայն մի քանիսի ջանքերով, փոփոխություններ կլինեն, եթե դրան նպաստեն հասարակության բոլոր շերտերը: Երբ ես երիտասարդ էի, հավատում էի, որ ամեն ինչ հնարավոր է, և կարծում եմ, որ երիտասարդները պետք է ակտիվորեն մասնակցեն այս միջոցառումներին»:

Պարոն Բարքերը նշեց նաև, որ Եվրամիությունն անընդհատ հետևելու է ծրագրի ընթացքին, արդյունքներին և ամեն կերպ աջակցելու է:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը նույնպես կարևորում է երեխաների և դեռահասների մասնակցությունը բնապահպանական ծրագրերին, որոնք կխթանեն նրանց բնապահպանական կրթությունը:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությանը, Հ. Արենսն ասաց. «Մեր նպատակն է Հայաստանում նվազեցնել աղետների ռիսկերը, որոնք կապված են կլիմայական փոփոխությունների կամ բնական միջավայրի դեգրադացիայի հետ և անմիջական ազդեցություն ունեն երեխաների առողջության ու բարեկեցության վրա»:

Նշենք, որ ծրագրի ընթացքում կքարտեզագրվեն նաև Հայաստանի բնապահպանական կրթության կենտրոնները, և կստեղծվի առկա կենտրոնների տեղեկատու: Կգնահատվեն բնապահպանական կրթությամբ զբաղվող ՀԿ-ների կարիքները՝ բացահայտելու, թե հատկապես, որ ոլորտները կարողությունների զարգացման կարիք ունեն:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30