Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը վիճաբանություն սարքեց դատարանում

Հունիս 25,2014 18:10

Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությունը այսօր դատարանում հունից հանեց Շանթ Հարությունյանին:

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում էր Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստը:

Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց գրավի դիմաց ազատ արձակել իր պաշտպանյալին՝ նշելով, որ դատարանին դեպոզիտ հաշվին նրա հարազատները պատրաստ են վճարել 2,5 միլիոն դրամ: Նա վստահեցրեց, որ ազատության մեջ գտնվելու դեպքում իր պաշտպանյալ Տիգրան Պետրոսյանը չի թաքնվի քննությունից.«Խնդրում եմ՝ կալանքից գրավով ազատել»:

Փաստաբանը նաեւ հղում կատարելով մի շարք միջազգային կոնվենցիաների եւ Արդարադատության խորհրդի որոշումների, պնդեց, որ իր պաշտպանյալի մեղադրանքն անհիմն է:

Հետո հիշեցրեց, որ նրա նկատմամբ առաջադրված Քրեական օրենսգրքի 316 հոդվածով առաջին մեղադրանքը սա էր՝ ոստիկաններին քաշքշել, իսկ հետո արդեն նոր  հոդվածով նոր մեղադրանք առաջ քաշեցին՝ հարվածել ու քաշքշել է ոստիկան Արա Մարտիրոսյանին:

Փաստաբանին ընդհատեց Շանթ Հարությունյանը ու հեգնեց.«Ես էլ աղաչում եմ՝ բաց թողեք Տիգրանին թող գնա»: Հետո սկսեց բղավել իր ընկեր, ամբաստանյալ Տիգրանի վրա՝ հարցնելով, դո՞ւ ես սովորեցրել փաստաբանիդ պրովակացիաներ անել ու փաստաբանի ներկայացրած միջնորդությունը որակեց գործարք դատարանի հետ՝  մյուս ընկերներին գործ տալու տեսքով. «Ի՞նչ է նշանակում Տիգրան Պետրոսյանը խուլիգանություն չի արել: Փաստորեն հանցանքը հաստատում եք մեր վրա ու կասկածում ձեր պաշտպանյալի մեղավորությունը: Ու ձեր պաշտպանյալը չի ասում՝ իմ ընկերները անմեղ են: Նոյեմբերի հինգին դուրս եմ եկել Սերժ Սարգսյանի դեմ, համոզված, որ Հայաստանում ոչ մի ոլորտում արդարադատություն չկա: Դուրս եմ եկել հեղափոխության՝ քաղաքական մոտիվացիայով, հիմա իմ ընկերներին հարց եմ տալիս՝ կա՞ն մարդիկ, որ այդ օրը եկել են ու չգիտեն՝ ինչի են եկել, իրենց փոխարեն իրենց փաստաբանը կարող է բացատրել, թե նոյեմբերի հինգին Շանթի կողքին ինչու են եկել:Նրանք,  որոնք հավատում են, որ Սերժ Սարգսյանը արդարադատ նախագահ է ու հետս եկել են հեղափոխության, որ Սերժին գցեն, ուրեմն դեբիլ են:  Էնպես չլինի, վաղը ասեք՝ ախպեր էդ ես չասացի փաստաբանս ասեց, ուրեմն ասում եմ՝ այն ինչ փաստաբանն ասում է, ու նա չի հերքում տեղում, ուրեմն նրա խոսքն է: Կողմնորոշվեք…ինձ համար արժանապատվության հարց է, ինձ համար տարբերություն չկա, չորրորդ կալանքս է, խնդիր չունեմ մեկ տարի էլ, տասը տարի էլ կնստեմ, բայց ինձ վատ եմ զգում, որ իմ հետ մարդ է եղել, որ արժանապատվությունից զուրկ է եղել ու ես չեմ ճանաչել»:

Հետո կպավ փաստաբան Զաքարյանին. «Պարոն Զաքարյան, փոխանակ Սահմանադրությունից խոսեք, ասեք էս մարդը սահմանադրական իրավունք ուներ ցույց, երթ անելու, խոսում եք միջազգային կոնվենցիաներից, տո թքած ունեմ դրանց վրա, խոսեք նրանից, որ միջազգային ուժերը կոնվենցիան ցույց են տալիս, ասում են՝ ինչու «Մարտի 1-ի» հանցագործներին չեք պատժել, բայց դուք չեք, ասում ձեր փոխարեն եվրոպացին է ասում: Հիմա դուք իշխանությա՞ն յանից եք, թե՞ էս մարդկանց, որոնց պաշտպանությունն եք ստանձնել»:

Հետո կրկին դիմելով Տիգրան Պետրոսյանին՝ Շանթ Հարությունյանն ասաց.«Վերջին խոսքով պահանջելու եմ, որ ասես ինձ մեղավոր ճանաչո՞ւմ ես, թե՞՝  չէ… ես միշտ էլ պատրաստ եմ մենակ գնալ»:

Ամբաստանյալներից մի քանիսը վեր կացան ու հայտարարեցին, որ միանում են Շանթ Հարությունյանի հայտարարությանը:

Դատախազ Երիցյանն էլ առարկեց փաստաբանի միջնորդությունը՝ այն անհիմն համարելով:

Դատարանը կես ժամ խորհրդակցության սենյակում քննարկելուց հետո որոշեց մերժել միջնորդությունը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30