Նինոծմինդայի շրջանի Մեծ Արագյալ գյուղում հունիսի 24-ին, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վարդապետ Սալբիյանի և հոգևոր դասի, կատարվեց գյուղի հնօրյա խոնարհված Սուրբ Խաչ եկեղեցու տեղում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողություն:
Մեծ Արագյալը Նինոծմինդայի շրջանի հայկական գյուղ է, որի նախնիները Էրզրումի գավառի Բրթունք գյուղից այստեղ են եկել 1830 թվականին: Գյուղն ընկած է Ջավախք լեռնաշխարհի հյուսիս-արևելյան մասում, Թափարվան գետի ձախ ափին: 1840 թվականից հիշատակվում է գյուղի փայտաշեն եկեղեցին, որից հետո գյուղացիները իրենց միջոցներով կառուցում են մի քարաշեն եկեղեցի, տալով նրան Սուրբ խաչ անունը:
Մեծ Արագյալի խոնարհված եկեղեցու տեղում կկառուցվի գմբեթավոր եկեղեցի, որի շինարարության մեջ կօգտագործվեն հին եկեղեցու քարերը:
Եկեղեցու բարերարությունը ստանձնել են ծնունդով Մեծ Արագյալից, այժմ Ռուսաստանի Դաշնությունում բնակություն հաստատած Արթուր և Աիդա Իսոյան ամուսինները: Արթուր Իսոյանը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անվանի անդամ, գրող,հասարակական գործիչ Ալբերտ Իսոյանի զավակն է: Արժանավոր հայորդին իր երազանքներում միշտ էլ ունեցել է ծննդավայրի եկեղեցին վերակառուցված տեսնելու նպատակը:
Կարդացեք նաև
Հիմնարկեքի արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի Նինոծմինդայի շրջանից պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի շրջանից՝ Սամվել Պետրոսյանը, ինչպես նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի շրջանային ժողովների նախագահներ Սմբատ Կյուրեղյանը և Համլետ Մովսիսյանը, Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Գագիկ Կարսլյանը և Ախալքալաքի շրջանային վարչության նախագահ Էդվարդ Աղասարյանը: Հյուրեր էին ժամանել մայր հայրենիքից և Վրաստանի տարբեր շրջաններից, նաև Ռուսաստանից:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ