Նախորդ դատական նիստին «Բանդայի գործով» մեղադրվող Արտուշ Հակոբյանը ապացույցների հետազոտման փուլում ներկայացրեց մի տեսանյութ, որից պիտի պարզվեր, որ իրեն ձերբակալելու պահին իր մոտ չի եղել ատրճանակ, ավելին՝ ինքը դիմակով չի եղել:
Մինչդեռ դիմակի վրա… քրտինք եւ այլ մասունքներ էին «հայտնաբերվել»:
Տեսանյութը հետազոտվեց այսօր: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը ապացույցը հետազոտվելուց հետո հայտնեց, որ կցվում է քրեական գործի նյութերին, եւ վերաբերելի ապացույց է:
Տեսանյութը «02» հաղորդաշարի պատրաստածն էր` անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներով:Այնտեղ ցույց է տրվում, թե ինչպես են «վնասազերծել» բանդայի անդամներին, խուզարկել Ամառանոցային փողոցի տներից մեկը, որը դիտվել է բանդայի «որջը»: Ցույց տրվեց, թե ինչ են հայտնաբերում ոստիկանները 2012թ.սեպտեմբերի 24-ին:
Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սեպտեմբերի 25-ին է դատարանը թույլ է տվել խուզարկություն իրականացնել նշյալ հասցեում, մինչդեռ տեսանյութում մեկ օր առաջ արդեն խուզարկվել եւ հայտնաբերվել էին ինչ-որ բաներ:
Արտուշ Հակոբյանին ոստիկանության պաշտոնական հաղորդաշարը ներկայացրեց 6 անգամ դատված, ինչի կապակցությամբ նա հայտնեց, որ դատապարտվել է 3 անգամ:
Ամբաստանյալների անձնական գործերը ներկայացնելիս այնտեղ խոսք էր գնում նաեւ Արտուշ Հակոբյանի եւս 3 անգամ ձերբակալվելու , համաներում կիրառելու մասին:
Տեսանյութում կային այլ անուններ նույնպես, որոնք այս գործով ընդհանրապես չեն «անցել»: Եվ տարբեր տեղերում ձերբակալելով նրանց, ոստիկանները «կարողացել» էին հայտնաբերել նրանց մոտից…թմրանյութ հիշեցնող զանգված:
Պաշտպան Հովիկ Արսենյանը տեսանյութը դիտելուց հետո հայտարարեց.«Չկա մի նախադասություն, որից պարզ դառնար, թե ինչպես է իմ պաշտպանյալը պարագլուխ դարձել, եւ երբ»:
Կարդացեք նաև
Մեղադրող Սասուն Խաչատրյանը հրապարակեց ամբաստանյալներ Դավիթ Գալստյանի, Սամվել Դավթյանի, Արթուր Մանուկյանի, Արտուշ Հակոբյանի դատվածության մասին տեղեկանքները:
Սամվել Դավթյանը, որը դատվել էր երեք անգամ, բանդիտիզմի եւ անձին առեւանգելու համար, ասաց. «Աշխատել եմ մնալ դրսում, իմ ընտանիքի հետ, իմ զավակի կողքին, եւ ինձ զրպարտել են»: Նա համաձայն չէր մարդու առեւանգման հետ կապված տեղեկատվությանը՝ դատավճռին:
Ամբաստանյալ Արթուր Մանուկյանն էլ նախկինում եղել է մեկ անգամ դատված:
Պաշտպանական կողմից Արտուշ Հակոբյանի պաշտպանը միջնորդեց, որպեսզի հրապարակվի նաեւ Մյասնիկյան պողոտայում ոստիկանների կողմից վնասազերծված, հանգուցյալ Գուրգեն Հայրապետյանի մասին տեղեկատվությունը նույնպես: Միջնորդության տրամաբանությունն այն էր, որ հանգուցյալն ու Արտուշ Հակոբյանը, ըստ մեղադրանքի կողմի, համարվել են բանդայի կազմակերպիչներ, որոնց նպատակն է եղել բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններից գողություններ կատարելը:
Դատարանը մերժեց այս միջնորդությունը:
Մանրամասները՝ տեսանյութում
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ