Պահածոների արտադրությամբ զբաղվող «Ալիշան» ընկերության տնօրեն Սերժիկ Մոսիսյանն այնքան է հիասթափվել, որ որոշել է բիզնեսը փակել եւ հեռանալ Հայաստանից: Այսօր, գործարարն այս մասին հայտարարեց «Անի Պլազա» հյուրանոցում, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի` (ՏՄՊՊՀ) փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների համար կազմակերպած աշխատանքային քննարկման ժամանակ: Գործարարի պատմելով, «ՀայՌուսգազարդ» ընկերությունը միլիոնների գազի ծախս է հաշվել «Ալիշանի» վրա, մինչդեռ ընկերության գազի հաշվիչի ցուցմունքով միանգամայն այլ գումար է եղել. «Փաստորեն, «ՀայՌուսգազարդն» օգտվելով իր մենաշնորհային դիրքից, ինչ ուզում անում է: Դիմել ենք էկոնոմիկայի նախարարություն, վեց ամիս հետո արձագանքեցին, պարզելով, որ ես ճիշտ եմ, բայց միեւնույն է, ոչինչ չարեցին: Ասում են` գնա դատարան: Ես եկել եմ գործ անե՞մ, թե դատարանի դռներն ընկնեմ: Դատարանը 1-2 տարի էլ գործը կքննի, եւ հետո, ես 6-7 միլիոն չունեմ, որ վճարեմ, հետո մեծ հարց է, դատարանը հօգուտ ո՞ւմ որոշում կկայացնի, ես այդ գումարները հետ կստանա՞մ, թե՞ չէ: 100-150 աշխատատեղ եմ բացել, չե՞ք ուզում աշխատեմ, թողնեմ հեռանամ, էլ չեմ ուզում այստեղ աշխատել»,-իր խնդիրն այսպես ներկայացրեց բիզնեսմեն Սերժիկ Մոսիսյանը:
Արձագանքելով գործարարի բողոքին՝ «Գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը հաստատեց, որ գազամատակարար ընկերությունը չարաշահում է իր մենաշնորհային դիրքը: Պարոն Մակարյանը ներկայացրեց, թե ինչ մեթոդիկայով է այդ ընկերությունը հաշվում գազի ծախսը, ինչի արդյունքում այդպիսի թվեր է ստանում:
Տուրիզմով զբաղվող «Լոկա» ընկերության տնօրեն Ռուզաննա Մելքոնյանը դժգոհություն ներկայացրեց դեպի մեր երկիր ավիատոմսերի` չափից ավելի թանկ լինելու մասին, ինչի արդյունքում տուրիստները գերադասում են գնալ Վրաստան, քան` Հայաստան: Համեմատության համար Ռուզաննա Մելքոնյանը օրինակ բերեց Վարշավա- Քութաիսի եւ Վարշավա-Երեւան ավիատոմսերի արժեքը: Առաջինի պարագայում տոմսն արժե 80 եվրո, իսկ Վարշավա-Երեւանը, տուրիզմի այս թեժ սեզոնին` 400 եվրո. «Գնում ենք, այդքան չարչարվում, պայմանավորվածություններ ձեռք բերում, որ զբոսաշրջիկ բերենք Հայաստան, եւ բոլոր նախադրյալները կան մեզ մոտ տուրիզմը զարգացնելու, բայց տուրիստը գերադասում է գնալ Վրաստան, որովհետեւ տոմսը մի քանի անգամ էժան է»:
Ինչպես «Ալիշան»-ի բողոքին, այնպես էլ տուրիստական ընկերության ներկայացուցչի բարձրացրած հարցին, ՏՄՊՊՀ մասնագետները ասացին, որ իրենց իրավասության տակ չէ հարցը: «Ալիշանի» տնօրենին խորհուրդ տվեցին դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, իսկ Ռուզաննա Մելքոնյանին, տեղեկացնելով, որ ՏՄՊՊՀ-ն մրցակցային հարցերով է զբաղվում, հիշեցրին, որ Հայաստանը ավիատոմսերի գների նվազման համար բաց երկնքի քաղաքականություն է վարում: Ի պատասխան, տուրմասնագետը նկատեց. «Բայց խոսքը տվյալ դեպքում հարեւան երկրի հետ մրցակցության մասին է»:
Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն փոքր եւ միջին բիզնեսի (ՓՄՁ) ներկայացուցիչներին հրավիրել էր նրանց խնդիրները լսելու, սակայն, ինչպես քննարկման ընթացքում պարզվեց, գրեթե ոչ մի գործարարին հուզող հարց հանձնաժողովի իրավասության տիրույթում չէր: Չնայած, որ օրինակ, «Ալիշանի» խնդիրը կոնկրետ մենաշնորհին էր առնչվում:
Կարդացեք նաև
Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանն էլ գտնում էր, որ ՓՄՁ-ները պետք է մասնակցեն պետական գնումներին: Ըստ նրա, կառավարությունը պետք է այնպիսի պայմաններ ստեղծի, որ խոշորներն ապրանքը արտահանեն, իսկ փոքր ու միջին բիզնեսին աջակցի, որ կարողանա մասնակցել այդպիսի խոշոր գնումների:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ