«Արտաքին քաղաքականությունը տարբերվում է ներքինից: Ըստ ԵԽԽՎ ընթացակարգի` հարցը կարող է տևել մեկ րոպե, և ասենք, ձեր լեզվով ասած, «արժանի հակահարված» հասցրիր մեկ րոպե, այդ «արժանի հակահարվածին» հետևում է երեք կամ հինգ րոպեանոց անարժան հարձակում մեզ վրա: Մեր ուզածը դա՞է»,- Aravot.am-ի հարցին` արդյոք ճի՞շտ էր այն մոտեցումը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հակահայկական բնույթի ելույթին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունն արժանի հակահարված չտվեց, այսպես պատասխանեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը:
Ադրբեջանի նախագահը հունիսի 24-ին ընդգծված հակահայկական բնույթի ելույթ ունեցավ` Արցախը ներկայացնելով Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածք, նշեց, թե իբր հայերը ոչնչացրել են ադրբեջանական հուշարձաններ եւ այլն: Բայց ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները ոչ մի կերպ չարձագանքեցին Ալիևին. նրանք նախապես չէին գրանցվել հարց հղելու համար:
Այս առիթով հնչող քննադատություններին ի պատասխան ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, թե «Հայ պատվիրակների կողմից ճիշտ չէր լինի հարցեր ուղղել Իլհամ Ալիեւին, քանի որ եվրոպացի պատվիրակություններին տրված պատասխանները արդեն վկայում էին, որ խոսքը ոչ ադեկվատ մարդու մասին է: Այդ իրավիճակում հարցեր տալը կնշանակեր եւս մեկ հնարավորություն տալ աղավաղելու հասարակական կարծիքը եւ խաղալ հերթական քարոզչական ներկայացումը»:
Մեզ հետ զրույցում Վլադիմիր Կարապետյանը նշեց, թե ամենևին չի ցանկանում պաշտպանել Հերմինե Նաղդալյանին, բայց քանի որ տեղյակ չէ մանրամասներին, և պատվիրակությունը դեռ Ստրասբուրգից չի վերադարձել, կփորձի ձեռնպահ մնալ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության վարքագծին գնահատականներ տալուց` հաշվի առնելով որոշ ընթացակարգային առանձնահատկություններ: Այնուհետեւ նա նշեց. «Հաճախ լինում է, որ հաշվի առնելով քո ընթացակարգերը նման խնդիրներում, դու որոշում ես կայացնում` ելնելով տվյալ պահի թելադրանքից: Հասկանո՞ւմ եք, ամենևին տիկին Նաղդալյանին պաշտպանելու միտում չունեմ, այն էլ այն տիկնոջը, որը հրապարակային խոսում է մեր հաղթանակների տարիների մասին եւ բացարձակ չի գնահատում ՀՀ հաղթանակը, ըստ երևույթին նաևԱրցախի հարցը, թերևս չի հասկանում` դա ի՞նչ է: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով որոշ ընթացակարգային առանձնահատկություններ, ես ձեռնպահ կմնայի գնահատական տալուց` ոչ պրոֆեսիոնալ չլինելու համար»:
Կարդացեք նաև
Նշենք, որ հայկական պատվիրակությանն ուղղված քննադատությամբ էր հանդես եկել ԵԽԽՎ ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանը և դատապարտել մեր պատվիրակների լռությունը` նշելով, թե «նրանք գոնե պետք է ինչ-որ բողոքի ձեւով դուրս գային դահլիճից, կամ թեկուզ տեղից ռեպլիկ անեին »: Ի պատասխան ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը նշել է. «Եթե աղմուկ հանելու նպատակ ունենայինք, կարող էինք դուրս գալ դահլիճից, ինչ-որ բան նետել Ալիևի ուղղությամբ, սուլել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
բա դուք ինչի նպատակ ունեիք այ ողորմելիներ