«Հայաստանում անգլերենով կազմակերպվող միջոցառումների թիվը ռուսերենով կազմակերպվողներից պակաս չէ»,- այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի համոզմունք արտահայտեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե հատկապես վերջին շրջանում հաճախակի է խախտվում լեզվի մասին օրենքը՝ մասնավորապես նկատի ունենալով այն միջոցառումները, որոնք անցկացվում են ռուսերենով՝ առանց հայերեն զուգահեռ թարգմանության:
«Ես ուզում եմ հատուկ շեշտել, որ այդ փաստերը, իսկապես, գոյություն ունեն, բայց այնպես չէ, որ միայն ռուսաց լեզվի հետ են կապված,- ասում է նախարարը,- բազմաթիվ սեմինարներ և կոնֆերանսներ են անցկացվում նաև անգլերենով, որոնց մասնակցում են պետական պաշտոնյաներ, և այնտեղ նույնպես չի ապահովվում զուգահեռ թարգմանություն: Ռուսերենը գուցե այս պահին ավելի ցայտուն է երևում, որովհետև պաշտոնյաների մեծ մասը ռուսերեն գիտի, իսկ անգլերենը հենց այդ պատճառով մնում է ստվերում: Իհարկե, կառավարությունն այդ օրինագծի շրջանակներում պիտի իրականացնի իր գործառույթները: Այս պարագայում, եթե ուղիղ կարդանք օրենքը, մենք որևէ գործառույթ չունենք: Լրատվամիջոցներն իրենք կարող են այս կարևոր թեման պահել ուշադրության կենտրոնում: Մյուս կողմից էլ, ծայրահեղությունները, որոնք օրենքի խախտման դեպքեր չեն, չպետք է էմոցիոնալ երանգներ հաղորդեն նման քննարկումներին»:
Կրթության և գիտության նախարարն այս հարցում որևէ վտանգ չի տեսնում: Պարզապես, նրա խոսքով, որոշ լրատվամիջոցներ շատ են սիրում սևեռվել Ռուսաստանի և ռուսերենի վրա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ