Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստ. «Սա անկում էր ոստիկանության համակարգի համար»

Հունիս 25,2014 14:48

«Ոչ ադեկվատ եմ գնահատում ոստիկանության պահվածքը»,- այսօր՝ հունիսի 25-ին, «Բլից ինֆո» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց ոստիկանների եւ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստների միջեւ բախումներին, հայտարարեց բողոքի ակցիայի մասնակից Արման Ավետիսյանը:

Հիշեցնենք ՝ երկուշաբթի մի խումբ ակտիվիստներ հավաքվել էին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց՝ իրենց դժգոհությունն արտահայտելու օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հանգամանքի դեմ: Նրա խոսքերով՝ բազմաթիվ բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների եւ քաղաքացիական ակտիվիստների միջեւ բախումներ եղել են, բայց այս մասշտաբի բախում դեռ չէր եղել:

Նա ոստիկանների պահվածքն անակնկալ է համարում.«Սա անկում էր ոստիկանության համակարգի համար, այսինքն՝ ոստիկանները կոնտակտի մեջ չէին մտնում ցուցարարների հետ, չէին փորձում շփվել, չէին փորձում հասկանալ միմյանց, չէին փորձել բանակցել, խնդիրը տեսնել եւ լուծել: Սա ուղղակի անակնկալ էր, եւ եթե համապատասխան քայլեր չձեռնարկի ոստիկանության ղեկավարությունը, կարող է համարել, որ ինքը հսկայական մի քանի քայլ հետ է գնացել եւ փորձում է բարեփոխումներ անել այդ բարեփոխումների ճանապարհին»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե իրենց հավաքը արտոնված չէր, Արման Ավետիսյանը նշեց, որ ակցիայի մասնակիցների թիվը չէր գերազանցում հարյուր հոգին եւ այդ դեպքում հավաքը արտոնելու որեւէ խնդիր չունի. «Այդ փոքր հավաքի համար զարմանալի էր այդքան շատ ոստիկանների առկայությունը տարածքում: Մի՞թե մենք հարկ ենք վճարում, աշխատավարձ ենք տալիս ոստիկանին, որ հարյուր ցուցարարների դիմաց բերեն կանգնեցնեն երեք հարյուր ոստիկան»:

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Արսեն Ադամյանը, հայտարարեց, որ ոստիկանները օրինական պահանջ չեն ներկայացրել եւ իրեն բերման են ենթարկել: Նա նշեց, որ ոստիկանը ներկայացել էր միայն որպես ոստիկանության ծառայող.
«Մենք պարզապես մայթի վրա կանգնած էինք, ոստիկանները տեսել էին, որ մեզնից մեկի ձեռքը եռագույն դրոշ կա, եւ դա հիմք էր հանդիսացել: Եվ այդպես առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու բռնի կերպով տեղափոխեցին մեքենայի մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30