Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանն, ով այսօր «Հայելի» ակումբում ներկայացավ «անկախ քաղաքական գործիչ», կարծում է, որ երեք խոշոր նախաձեռնությունները, որոնց որոգայթում եղել է մեր երկիրը վերջին շրջանում` ԵՄ-ի հետ ասոցացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, առնչվում են ԼՂՀ հարցի չկարգավորված լինելու հանգամանքի հետ: «Այս պահի դրությամբ տեսանելի է, որ Ֆրանսիան փորձում է հանդես գալ առաջարկով` վերարտադրել բանակցային գործընթացը: Լավրովի այդ այցը ամփոփեց Սերժ Սարգսյանի դիրքորոշումը, որին հետևեց հեռախոսային խոսակցությունը`ՌԴ-Ադրբեջան: Այդ եռանկյունին` Երևան-Մոսկվա-Բաքու, փորձում է դիրքավորվել Ֆրանսիայի այդ գործողությունների շրջանակում»: Անդրեաս Ղուկասյանը գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի շրջանակներում ԼՂՀ հարցը չի կարող արդար հանգուցալուծման հասնել,քանի որ ԵԱՀԿ-ն այլևս չի գործում իր իսկ հռչակած սկզբունքների շրջանակում. «Խնդիրն է եղել սատարել տարածքային ամբողջականությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, սակայն տեսնում ենք, որ ԵԱՀԿ տարածքում մարդու իրավունքների ոչնչացման դեպքեր կան: Պատերազմական սահմանների հետ խնդրում ճգնաժամ կա` Ղրիմ, Աբխազիա, Կոսովո, և այլ խնդիրներ են առաջացել»:
Բանախոսը գտնում է, որ ԵԱՀԿ-ի ամենահավանական փոխարինողը ՆԱՏՕ-ն է, և, որ ԵԱՀԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող հարցերը պետք է անցնեն ՆԱՏՕ-ի պատասխանատվության շրջանակ: «Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն չեն կարող միասնական սկզբունքներով առաջնորդվել, հետևաբար Մինսկի ֆորմատը մոտենում է իր հանգուցալուծմանը»,- ասաց նա:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, չհամաձայնելով Անդրեաս Ղուկասյանի արած դիտարկումներին, նկատեց, որ բոլոր այդ երկրներում գործել է Ռուսաստան-Տրանսատլանտյան դաշինք հակամարտությունը: «Լավրովի այցը ղարաբաղյան թայմ-աուտի մեզ տրված հնարավորությունն է, բայց այն չի կարող երեք ամսից ավելի տեւել: Աշխարհում իրավիճակ է փոխվում, ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքն ընդլայնվելու է: Դա են հուշում ուկրաինական իրադարձությունները: Փառք աստծո, որ հակամարտող սուբյեկտները ԼՂՀ հարցում առ այսօր ակնառու հակասական մոտեցումներ չունեն: Ես չգիտեմ`դա մեր երջանկությո՞ւնն է, թե դժբախտությունը»,- ասաց նա`հավելելով, որ ղարաբաղյան հարցում «պասային» քաղաքականություն է տարվում. «Ուորլիքը հայտարարում է այն, ինչ բոլոր գիտեն: Ամերիկան փորձեց խախտել լռությունը Ղարաբաղյան խնդրի շուրջ: Իսկ Սերգեյ Լավրովը տառացիորեն կրկնում է այն դրույթները, որ տվել է Մինսկի խումբը»: Նա կարծում է, որ ղարաբաղյան հարցի կարգավորումը «դուրս է մնում վերջին տերիտորիալ խզումների հարցում»: Ըստ Անուշ Սեդրակյանի, ԵԱՀԿ-ն այլևս ի զորու չէ պահել սահմանների խնդիրը. «Սկսվում է Տրանսատլանտյան առևտրի ռազմական համագործակցության գոտին: Հայաստանը մեծ խնդիր ունի. կամ մտնում է այդ գոտու մեջ, կամ դուրս գալով խնդիրներ է ունենում»:
Ինչ վերաբերվում է Հայաստանի`Եվրասիական միությանն անդամակցությանը, ապա Անդրեաս Ղուկասյանը գտնում է, որ այդ փաստաթուղթը հուլիսի 3-ին չի ստորագրվի, ինչպես ասել էր վարչապետը, իսկ Անուշ Սեդրակյանը երազում է, որ այդ գործընթացն այնքան ձգվի, որ ի վերջո չստորագրվի, քանզի ինքը Հայաստանի հեռանկարը տեսնում է Եվրոպայում: Բայց, եթե անգամ Հայաստանը միանա էլ Եվրասիական միությանը, ապա, ըստ Անուշ Սեդրակյանի, դա կլինի ֆորմալ եւ կարճատեւ, քանզի Եվրոպական միության նոր փաստաթուղթն ընդհանրապես չի ենթադրում Հայաստանի`ՄՄ-ին անդամակցությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ