Այսօր «Հայելի» մամուլի ակումբում ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր Գառնիկ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «բավականին արժեքավոր» որակեց: Նա կարծում է, որ Քոչարյանը հստակ հայտարարություն է անում կոնկրետ գործարքների մասին եւ ասում է, թե դրանցում ի՞նչն է ոչ ճիշտ:
Aravot.am-ի դիտարկմանը`ժամանակին բավականին փաստարկված քննադատություն հնչեց նաեւ այն գործարքների մասին, որոնք կայացել են Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, մասնավորաբար, խոսքը «Գույք պարտքի դիմաց»-ի մասին է, որով ռազմավարական նշանակության բազմաթիվ օբյեկտներ տրվեցին ՌԴ-ին ու այդ գործարանների մի մասն էլ, ի դեպ, մինչ օրս չի աշխատում, Գառնիկ Իսագուլյանը հակադարձեց. «Հանեք փաստեր` դրեք սեղանին եւ ասեք`ստեղ կատարվել է այս գործարքը, բայց էս գործարանը այսքան շահույթ էր բերում: Կոնկրետ ասեք»: Միջամտեց մյուս բանախոս Ազատ Արշակյանը`ասելով. «Այսօրվա թշվառության հիմքը հենց այդ գործարքով է դրվել»: Իսագուլյանը կարծում է, որ «Գույք պարտքի դիմացը» բաց եւ թափանցիկ գործարք էր:
Aravot.am-ի մյուս հարցին`եթե գործարքը բաց ու թափանցիկ է, բայց չի բխում կամ չի պաշտպանում Հայաստանի շահը, այն ավելի լա՞վն է, կարելի՞ է նման գործարքներ կնքել, Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ այդ դեպքում գոյություն ունի հասարակություն ե այն անդամները, որոնք դեմ են, կարող են բարձրաձայն ասել: Պարոն Իսագուլյանն այդպես էլ անտեսեց մեր բոլոր դիտարկումները`ժամանակին այդ գործարքի մասին հնչած քննադատության վերաբերյալ:
Ազատ Արշակյանի նյարդերն ի վերջո տեղի տվեցին եւ հայտարարեց.«Մենք չենք կարող Կրեմլից տեղեկանք բերել, որ այդ գործարքներում անարդարություն կա»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ