«Ալիևի ելույթը կարելի է համարել Ադրբեջանի նախագահի ֆիասկո ԵԽԽՎ-ում»,-Aravot.am-ի հետ զրույցում հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթն այսպես բնորոշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը:
Հիշեցնենք, որ Ալիևի ելույթը լի էր հակահայկական քարոզչությամբ. նա հայտարարեց, թե Հայաստանը օկուպացրել է իր տարածքները, խոսեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացներում ՀՀ-ի ապակառուցողական դիրքորոշման մասին, ակնարկեց, թե այս վիճակը (նկատի ունի հրադադարի ռեժիմը -Տ.Հ.) անվերջ ձգվել չի կարող և այլն:
Մինչդեռ Կարեն Ավագյանը Ալիևի «ջղաձգումները» համարում է դիվանագիտական հարթության մեջ ադրբեջանական կողմի` իր դիրքորոշումներով ոչ շահեկան վիճակում հայտնվելու արդյունք: Պատգամավորը նկատում է, եթե Ալիևի հավաստիացումները ժողովրդավարության, խոսքի ազատության, մարդու իրավունքների պաշտպանության մասին հավատ չեն ներշնչում, ապա ինչո՞ւ ենք զարմանում, որ նա սուտ է խոսում Արցախի վերաբերյալ:Անդրադառնալով հայկական կողմի դիրքորոշմանը` պարոն Ավագյանը նկատեց. «Հայկական կողմը միշտ խոսել է միջազգային բոլոր սկզբունքներին համապատասխան, միջազգային հանրության ականջին հասանելի, և բնականաբար մեր դիրքորոշումները կիսվում են նաև ԵԽԽՎ-ում: Այլ բան է, թե ով ինչ է հասկանում դրա տակ, մասնավորապես, նկատի ունեմ Ալիևին, քանի որ ինքը, իմ կարծիքով, հասկանում է այդ նորմերը իր իսկ մեկնաբանություններով: Դրա համար էլ բանակցային սեղանին խոսվում է մի բան, սեփական լսարանի համար` մեկ այլ բան: Ճիշտ է, Ալիևը հոդաբաշխ խոսք ասում է, բայց նրա միտքը տրամաբանությունից շատ հեռու է: Անգամ Ալիևի պապերը գիտեին, որ Արցախը Ադրբեջանինը երբեք չի եղել»:
Կարեն Ավագյանը չի կարծում, որ այն ձևակերպումները, որոնք հնչեցին Ադրբեջանի նախագահի շուրթերից, ԵԽԽՎ-ում կիսողներ լինեն: Նա մանրամասնեց. «Այնտեղ հասցրել են այս տարիների ընթացքում ծանոթանալ խնդրին և գիտեն, որ Արցախին միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծում է անհրաժեշտ: Ամենացավալին այն է, որ Ալիևը փորձում է իրեն բնորոշ ռազմատենչ հայտարարությունները փոքր-ինչ մեղմացնելով` հնչեցնել անգամ ԵԽԽՎ ամբիոնից: Նկատի ունեմ նրա այն հայտարարությունը, թե այս իրավիճակը երկար տևել չի կարող»:
Կարդացեք նաև
Կարեն Ավագյանը համոզված է, որ ԵԽԽՎ-ում Ալիևն այլ սցենար էր ակնկալում և այլ պատրաստվածություն ուներ, սակայն սցենարն իր նախատեսածով չզարգացավ, ու նրա ջղաձգումներն իրեն ոչ շահեկան վիճակի մեջ դրեցին: Այս առիթով Կարեն Ավագյանը նկատեց. «Դրա վկայությունն է նաև վերջին շրջանում սահմանում հրադադարի ռեժիմի որոշակի խախտումները: Ես համամիտ եմ այն կարծիքին, որ եթե իրենք դիվանագիտության մեջ հաջողություն ունենային, կշարունակեին դրա հետևից գնալ, և սահմանային լարվածություն չէր լինի»: Ըստ Կարեն Ավագյանի` Ադրբեջանի մոտ այդ հարթությունում «չի ստացվում», քանի որ «ԼՂՀ հարցը, ՀՀ դիրքորոշումները հստակ ու հասկացված են աշխարհի կողմից»:
Մեր դիտարկմանը` Ալիևի համար ՀՀ դիրքորոշումը հստակ չէ, քանի որ նա իր ելույթում https://www.aravot.am/2014/06/24/474125/ հայտարարեց, թե «անգամ ՀՀ-ն չի ճանաչել ԼՂ անկախությունը»: ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «ՀՀ-ն բազմիցս ասել է, թե ինչու չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: Մեկ Ալիևն է նման բան ասում, մեկ ժամանակ առ ժամանակ մեր որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Ակնհայտ է, որ նրանք ուզում են շեղել խաղաղ բանակցային գործընթացները»:
Մեր մյուս դիտարկմանը ինչպե՞ս է, որ Ադրբեջանին հաջողվեց հավաքել 58 ստորագրություն ընդդեմ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության, պարոն Ավագյանն արձագանքեց. «Դենգի պախնուտ նավթային բույրերով: Բոլորս գիտենք, թե Ադրբեջանն ինչքան մեծ գումարներ է ծախսում լոբբիստական գործընթացներում»:
Հետաքրքրվեցինք` ԵԽԽՎ նախագահի` ՀՀ-ի համար ոչ շահեկան հայտարարությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին արդյոք ՀՀ-ի` դեպի Եվրասիական միություն կողմնորոշման պատասխանը չէ՞ր, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Պետք չէ խառնել ղարաբաղյան գործընթացները տնտեսական գործընթացների հետ: Չեմ կարծում, որ ԵԽԽՎ նախագահը տարածքային ամբողջականություն ասելով նկատի է ունեցել Արցախի տարածքը: Արցախի ժողովուրդը բոլոր իրավունքներն ունի, ինչ այլ ժողովուրդները, այդ թվում նաև ինքնորոշման իրավունքը»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ում են պետք ձեր ,,թթու դրած,, բանակկցությունները…