Հիմա էլ ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաբաջանյանի արձանի տեղադրման հարցն է կրքեր բորբոքել: Մասնավորապես Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն առաջարկել է հետաձգել արձանի տեղադրումը եւ որոշումը դնել հանրային քննարկման, սակայն ավագանու ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցության անդամները չեն համաձայնել Մարտիրոսյանի առաջարկին:
Քաղաքապետարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Հայաստանի մշակույթի նախկին նախարար Թամար Պողոսյանը Aravot.am-ի հետ զրույցում չհամաձայնեց այն կարծիքի հետ, թե Բաբաջանյանի արձանը իրարանցում է առաջացրել:
«Ոչ մի աժիոտաժ էլ չկա: Համազասպ Բաբաջանյանի հուշարձանի տեղադրման վերաբերյալ առաջարկությամբ դեռեւս 2013թ հունվարի 30-ին հանդես է եկել պաշտպանության նախարարը, գրությամբ դիմել է քաղաքապետին՝ Նարեկացի թաղամասի արդեն գոյություն ունեցող Բաբաջանյան փողոցում այդ արձանը տեղադրելու համար: Բոլոր ծախսերը իրականացվելու են պաշտպանության նախարարության հաշվին»,-ասաց տիկին Պողոսյանը: Նաեւ հավելեց, որ գործընթացն ամբողջովին տնօրինում է պաշտպանության նախարարությունը: Նրա խոսքով՝ որոշման նախագիծը մտել է հանձնաժողով, որտեղ հանգամանալից քննարկում է եղել. «Քննարկմանը եղել են Անահիտ Բախշյանը, Հայկ Դեմոյանը, քննարկվել են հիմքերը, իրավական փաստաթղթերը, եւ միաձայն դրական եզրակացություն է տրվել: Առարկություններ ու հատուկ կարծիքներ չեն եղել»:
Թամար Պողոսյանն ասում է, որ չպետք է զուգահեռ անցկացնել Միկոյանի արձանի հետ, որովհետեւ Միկոյանի դեպքում առայսօր չկա համապատասխան գերատեսչության եզրակացությունը, իսկ Բաբաջանյանի դեպքում գերատեսչությունը պաշտպանության նախարարությունն է, որն արդեն տվել է իր եզրակացությունը եւ նախաձեռնել գործընթացը:
Կարդացեք նաև
Հարցին՝ մի՞թե խորհրդային շրջանի գործիչների արձանների տեղադրումը խորհրդային ամեն ինչի իդեալականացման փորձ չէ կամ սովետական մտայնության վերադարձ, Թամար Պողոսյանը պատասխանեց. «Ընդհակառակը, կա միտում՝ ինչ կապված է խորհրդային ժամանակաշրջանի հետ սեւացնել, բացառել, փնովել: Ծայրահեղությունների մեջ չպետք է ընկնել: Այն օրը Աստղիկ Գեւորգյանն էլ ասաց, որ Ադրբեջանում հերոսացնում են Սաֆարովին, իսկ մենք մեր հերոսներին սեւացնում ենք»
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ