Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյանը քննադատեց քառյակին

Հունիս 25,2014 12:22

12 կետերի փոխարեն պետք է գրեին`«Վերջ տվեք պետական թալանին»

«Երկրորդ նախագահի ասածները 1000%-ով համապատասխանում են իրականությանը»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին, ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մտահոգություններ էր արտահայտել «Որոտան» ՀԷԿ-երի կասկադի վաճառքի ձեւի, կարմիր գծանշումների, ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու, որպեսզի կոռուպցիոն իրավիճակը փոխվի եւ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին: Նրա մտահոգությունները ներառված են խորհրդարանական քառյակի`ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ Ժառանգություն, 12 պահանջներում:
Պարոն Բոստանջյանը բացասական գնահատեց, որ ռազմավարական օբյեկտները վաճառվում են այլոց, առավելապես ՌԴ-ին: Aravot.am-ի հարցին` կիսում ե՞ք Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկումը, որ եթե «Որոտանը» ՌԴ-ին չի վաճառվում, այլ՝ ամերիկացիներին, արդեն լավ է, Վարդան Բոստանջյանը հակադարձեց. «Ես ոչ մի բանի հետ համաձայն չեմ, համաձայն եմ իմ երկրի շահերի հետ, ցանկացած պարագայում, կլինի «Որոտանի» ԳԷՍ, Նաիրիտ: Բոլոր պարագաներում գերակա է հանրության շահը, եթե դա չկա, անիմաստ է»: Վարդան Բոստանջյանը նշեց, որ «Որոտան» ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիան չափազանց ցածր արժեք ունի եւ դա հրամցվում է ուրիշներին:
Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը, ապա Վարդան Բոստանջյանը նշեց, թե այդպես էլ շարունակվելու է հետագայում եւս, եւ ամեն տարի սակագնի թանկացում կունենանք. «Մինչեւ հանրապետությունն ամբողջությամբ դատարկվի»:

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ հայտարարեց, որ իր համար շատ մտահոգիչ է այսօրվա տնտեսության վիճակը: Որպես կանոն մենք մի ծայրահեղությունից մյուսն ենք անցնում` կամ պետք է պետական լինել, կամ մասնավոր. «Որոտանի հարցում ես կառաջարկեի, որ այն բաժնետիրական ընկերություն լիներ եւ բաժնետոմսերը վաճառվեին հանրությանը: Մենք ինքներս մեզ կախվածության մեջ ենք դնում արտաքին ներդրողներից: Սթափվեք, ուշքի եկեք, խոսքս ուղղում եմ կառավարությանը, խթանեք ներքինը»: Առկա խնդիրները Թաթուլ Մանասերյանը պայմանավորում է վերջին տարիների ապաշնորհ կառավարմամբ:

Վարդան Բոստանջյանը քննադատեց նաեւ խորհրդարանական ոչ իշխանական ուժերի կողմից հրապարակած 12 կետերը` նշելով, որ դրանց փոխարեն ճիշտ էր նախ եւ առաջ գրել` «վերջ տվեք պետական թալանին»: Վարդան Բոստանջյանը դա համարում է ամենակարեւորը, քանի որ մնացած խնդիրները բխում են հենց սրանից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30