Ռաֆայել Հարոյանի, Տիգրան Հովհաննիսյանի, Կարեն Վարդանյանի, եւս վեց ամբաստանյալների գործով երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նիստը չկայացավ:
Այս գործը, որը կոչել ենք «Բանդա 2», դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ պետք է ընթանա: Երեկվա նիստի հետաձգվելը պայմանավորված էր ամբաստանյալ Վահե Ստեփանյանի՝ բուժհաստատությունում գտնվելու հանգամանքով: Ըստ մեր աղբյուրի, նա անգամ վիրահատվել էր: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը ստորագրությունն է՝ քաղաքից չբացակայելու մասին:
Հերթական դատական նիստը նշանակվել է հուլիսի 8-ին:
Հիշեցնենք, որ այս բանդայի գործն, ի տարբերություն նույն դատարանում արդեն երկու տարի ընթացող «Բանդա 1»-ի, որով անցնող ամբաստանյալները մտել էին պետական պաշտոնատար անձանց առանձնատները, նրանց դղյակներից «մաքրել» չհրկիզվող հեքիաթային պահարանների պարունակությունը, տարբերվում է նրանով, որ այս ամբաստանյալները մտել էին տարադրամի փոխանակման կետեր, ավազակային հարձակումներ կատարել տեղի աշխատակիցների նկատմամբ:
Կարդացեք նաև
Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք «Հայբիզնեսբանկ» ՍՊ ընկերության միջոցով, համակարգչային տեխնիկայի օգնությամբ տիրացել էին խոշոր չափի գումարների: Ի դեպ, առաջին անգամ չէ, որ մեր բանկերի աշխատակիցները, տիրապետելով ինֆորմացիայի, աջակցում են խոշոր գումարների մասին տեղեկատվական արտահոսքին:
Վերջերս, Կենտրոնի դատարանում ավարտվեց HSBC բանկի աշխատակցի գործով դատաքննությունը, նրան մեղադրել էին ինֆորմացիա տրամադրելու համար, որի արդյունքում հիսունվեց միլիոն դրամ գումար էր գողացվել ընկերություններից մեկի փոխտնօրենի ավտոմեքենայից:
«Բանդա 2»-ի գործով կան բազմաթիվ ուշագրավ դրվագներ: Մասնավորապես, «Դաշինք» ընկերության հիմնադիր Բաբկեն Հովհաննիսյանի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը:
Այդ նպատակով 200 հազար դրամով ավազակները գնել էին «Վինչեստր» տեսակի որսորդական հրացան, ըստ գործի կատարել դերաբաշխում:
Ամբաստանյալներից երկուսը հետեւել էին Բաբկեն Հովհաննիսյանին, որը դուրս էր եկել տարադրամի փոխանակման կետից, ճամպրուկով, հասել իր տան շքամուտք:
Նրանք զենքի սպառնալիքով փորձել էին խլել ճամպրուկը: Չէր հաջողվել: Կրակել էին ոտքերի ուղղությամբ, ապա դիմել փախուստի:
Տուժողին նրանք պատճառել էին աջ ազդոսկրի բազմաբեկոր հրազենային վնասվածքներ:
Տարադրամի փոխանակման կետի աշխատակից Հակոբ Մկրտչյանի ոտքին եւ որովայնին կրակելով, ամբաստանյալներից Հայկ Կոջոյանը հափշտակել էր 34.051.872 դրամին համարժեք ռուսական ռուբլի, 800 դոլար եւ 4. 100. 000 դրամ գումար:
Վնասվածք էր ստացել նաեւ «հերոսը»` Հայկը, որը խուսափել էր բուժհաստատություն դիմելուց: Իր գործընկեր ամբաստանյալներից մեկի սիրուհու մորն էին դիմել, որը վիրակապել էր վերքը`ձախ նախաբազկի շրջանում ստացած, ապա ոչնչացրել Հայկի արյունոտ հագուստները, դիմակն ու ձեռնոցները` այրելով դրանք:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ