Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղա՞ղ ցույց, համաչա՞փ գործողություններ

Հունիս 25,2014 14:58

Սարյան փողոցում տեղի ունեցածը առցանց «Առավոտի» եթերում քննարկում են
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը
եւ «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանը:

Արամ Աբրահամյան.– Ես կցանկանայի երկու բառով Անին ներկայացներ, թե ինչ է տեղի ունեցել. թեեւ չէիք լուսաբանում հենց բուն ցույցը, բայց ոստիկանության բաժնի մոտ գնացել էիք տուժած ցուցարարների հետ: Ի՞նչ էիք այնտեղ տեսել, ո՞ւմ հետ էիք շփվել, ի՞նչ եզրակացությունների էիք եկել:

Անի Գեւորգյան.– Նախ՝ շփվել եմ ոստիկանների հետ բավական բացասական առումով: Այնտեղ՝ բաժնի մոտ, ոստիկանների կողմից ինչպես տարբեր քաղաքացիների նկատմամբ, այնպես էլ իմ նկատմամբ բռնություն գործադրվեց, ես հարված ստացա դեմքիս եւ շրթունքի պատռվածք ստացա, ինչի հետ կապված արդեն հաղորդում եմ ներկայացրել ոստիկանություն:

Ա. Ա.– Ինչպե՞ս է դա եղել. Դուք եկաք ձեր տեսախցիկով լուսաբանելու, հետո ոստիկաններն ասացին՝ մի՛ լուսաբանի:

Ա. Գ.– Սարյան փողոցում բողոքի ակցիային ես ներկա չեմ եղել, սակայն երբ իմացել եմ, որ կան քաղաքացիներ, ում բերման են ենթարկել, որոշեցի գնալ ոստիկանության բաժնի մոտ, քանի որ այդ պահին թեժ իրավիճակը դեռ շարունակվում էր, անընդհատ բերման ենթարկման պրոցես էր գնում: Ոստիկանության բաժնի մոտ ընդամենը մի քանի քաղաքացիներ կային, նաեւ լրագրողներ՝ 3-4, ովքեր, բնականաբար, իրենց աշխատանքն էին կատարում՝ լուսանկարում, տեսագրում էին տեղի ունեցածը: Այնուհետեւ ոստիկանության բաժնից դուրս եկան բաժնի պետ Արտակ Պողոսյանը եւ իր տեղակալներից մեկը՝ Վարդան Գեւորգյանը: Վերջինս քաղաքացիներից եւ լրագրողներից պահանջեց հեռանալ, քաղաքացիներն ասացին, որ չեն հասկանում այդ պահանջի իմաստը, քանի որ իրենք ընդամենը բաժնի մոտ կանգնած են, ոչ ներխուժում են, ոչ ինչ-որ գործողություն են կատարում, որը կարող է վտանգավոր լինել ոստիկանության համար: Սակայն այդ ժամանակ Գեւորգյանը կանչեց մի քանի տասնյակ ոստիկանների, որոնք շղթա կազմեցին եւ սկսեցին բռնի ուժ կիրառելով՝ այդտեղից հրմշտելով, քաշքշելով կենդանի շղթայով հեռացնել քաղաքացիներին եւ լրագրողներին: Այդտեղ արդեն չէին նայում՝ ակտիվի՞ստ է, լրագրո՞ղ է, թե ով է, եւ ընթացքում հարվածներ էին հասցնում:

Ա. Ա.- Նրանք գիտեի՞ն, որ Դուք լրագրող եք:

Ա. Գ.- Իհարկե, իմ պայուսակի վրա ամրացված էր իմ «բեյջը», նաեւ ես ներկայանում էի որպես լրագրող: Բացի այդ՝ ասեմ, որ բազմաթիվ ոստիկաններ, այդ պահին նաեւ այդտեղ գտնվող, անձամբ էին ինձ ճանաչում, քանի որ տարիներ շարունակ ես լուսաբանել եմ նման տարբեր միջոցառումներ:

Ա. Ա.– Ի՞նչ է նշանակում՝ խաղաղ ցույց եւ ոչ խաղաղ ցույց: Այս հարցի վերաբերյալ Ֆեյսբուքում ոստիկանության ներկայացուցիչն ասում էր՝ ինչպես եք դուք դա անվանում խաղաղ ցույց, դա խաղաղ ցույց չէ, որովհետեւ՝ ասում են, ոստիկանները շղթա էին կազմել, եւ 2 հոգի փորձել են անցնել այդ շղթայի միջով, հետեւաբար դա խաղաղ չէր: Ձեր կարծիքը:
Ավետիք Իշխանյան.- Նախ ես կուզենայի բաժանել այս դեպքը 3 մասի. մի մասը կապ չունի ոստիկանության գործողությունների հետ, երկրորդ, երրորդ մասերը կապ ունեն: Առաջինը՝ ի վերջո քաղաքացիների ինչ-որ մի ակտիվ հատված որոշել է բողոքել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, դա նրանց իրավունքն է, եւ գնացել են բողոքելու: Այստեղ հարց է առաջանում՝ այն մարմինը, հանձնաժողովը, որի դեմ բողոքում են, ինչո՞ւ այդ մարմինը չի ընդառաջում բողոքավորներին եւ նրանցից պատվիրակություն չի ընդունում՝ լսելու նրանց բողոքը, բացատրություններ տալու եւ բանակցություններ անցկացնելու: Սա ցույց էր տալիս իշխանության ոչ ադեկվատ վերաբերմունքը Հայաստանում բողոք իրականացնող անձանց նկատմամբ, որը կարող է բերել բավական տխուր հետեւանքների, ինչն էլ եղավ: Հաջորդը ոստիկանությունն է. ի վերջո այդ մարդիկ եկել են այդտեղ բողոքելու, եւ նրանցից մի-երկու հոգի ուզել են մտնել ներս՝ փակ ռեժիմային հաստատություն չի, որ հատուկ թույլտվություն ունենան, այսինքն՝ այդ մարդիկ չեն դիմադրել ոստիկանությանը, ուղղակի ուզել են մտնել: Ի՞նչ հիմնավորումով նրանք թույլ չեն տալիս քաղաքացիներին մտնելու այդ հանձնաժողովի շենք, նրանց մտնելու փորձը համարվում է ոչ խաղաղ: Այսինքն՝ եթե ուզում են մտնել պետական հիմնարկ, դա համարվում է ոչ խաղաղ ցույց: Այստեղ ես լուրջ հիմնավորում չեմ տեսնում: Երկրորդ՝ եթե եղել է, որի հետ ես համաձայն չեմ, անօրինական քայլ ցուցարարների կողմից, այստեղ պետք է դիտարկել ոստիկանության կողմից ուժի կիրառման համաչափության աստիճանը: Այն, ինչ որ ես իմացա, թե ինչ տիպի վնասվածքներ են ստացել քաղաքացիները, ինչ ձեւով է նրանց ոստիկանությունը այդտեղից դուրս մղել եւ ոստիկանության բաժանմունքներ տարել, ի դեպ՝ ասեմ, որ ուժի կիրառումը նաեւ տեսաժապավեններով է երեւում, այստեղ բացարձակապես ոստիկանությունը համաչափություն չի կիրառել, եթե նույնիսկ այնտեղ եղել են անկարգություններ, բայց անկարգության հարցը ես նույնպես չտեսա:

Քննարկումն` ամբողջությամբ

Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30