Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում արդեն երրորդ անգամ ցուցադրվեց Միքայել Պողոսյանի և Վիգեն Ստեփանյանի հեղինակած «Շնորհակալություն, Հայրիկ» լիրիկական կատակերգությունը, որի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է: Մեկ ու կես ժամանոց ֆիլմը հայրենասիրության քարոզ է` հայրենիքից հեռու, Ամերիկայում ապրած ու մեծացած աղջկա մասին է, որի հայրը մահից հետո կտակով պատրաստակամություն է հայտնում իր ողջ ունեցվածքը` 50 միլիոն դոլարը, թողնել դստերը, եթե նա մեկ ամսվա ընթացքում պաշտոնապես ամուսնանա հայ տղամարդու հետ, որը կկրի իր պապի անունը` Բարգևոս: Սա էլ ստիպում է հերոսուհուն գալ հայրենիք ու փնտրել Բարգևոսին: Փնտրտուքի ճանապարհին, աղջիկը գտնում է ամենաթանկը`իր իսկական սիրուն, որը և օգնում է նրան ճանաչել հայրենիքը ու սիրել խելագարի պես: Աղջիկը, որը իր հորը հրեշ էր պատկերացնում ու նրա կտակի առաջին թուղթը լսելով` վրդովված բացականչում էր .«Շնորհակալություն, հայրիկ», հայրենիք գալուց հետո հորն ուղղված շնորհակալությունը արտաբերեց իր իսկական իմաստով: Հորը շնորհակալություն հայտնեց իրեն հայրենիք տալու համար:
Aravot.am-ի հետ զրույցում գյումրեցի հանդիսատեսներից մեկը կարծիք հայտնեց, որ սա վերջին շրջանում Հայաստանում նկարահանված ամենահաջողված ֆիլմն է: «Ես այս ֆիլմում շատ գնահատեցի Հայ Առաքելական եկեղեցու դերի ներկայացումը հայապահպանության գործում: Հերոսուհին մկրտվելով եկեղեցում` դարձի եկավ, մեր եկեղեցին իրականում հենց այդպիսին էլ կա, նա փչացածին դարձի է բերում, ինչպես այս ֆիլմում: Ֆիլմը ոչ թե դասական կոմեդիա էր, այլ նաև տրագեդիա, որը լի է հայերիս համար մտածելու տեղիք տվող բազում հարցերով, հուզիչ տեսարաններով: Իրականում Սփյուռքի նախարարություն պահելու ու այդ գերատեսչությանը հսկա փողեր տալու փոխարեն, կարելի է նման ֆիլմեր նկարահանել ու ցուցադրել Սփյուռքում, սա կլինի ամենաազդեցիկ «Արի տուն» ծրագիրը, մեր դերասաններն էլ կարգին գումար կվաստակեն ու մեծ հաճույք կստանան այսպիսի ֆիլմերում նկարահանվելուց: Հայրենասիրությունն այստեղ շատ նրբորեն, շատ ազդեցիկ էր քարոզվում»,- ասաց մեր զրուցակիցը:
Ի դեպ, այս ֆիլմը հունիսի 28-ից կցուցադրվի արդեն Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ուտոպիա առաքելական:
Շնորհակալություն Միքայել Պողոսյան եվ Վիգեն Ստեփանյան,դուք ճիշտ ուղի եք ընտրել: