Զրույց բնասեր, գրող Առլեն Շահվերդյանի հետ
Առլեն Շահվերդյանը չի սիրում գռեհիկ ու «կարգուկանոն» չճանաչող գրականություն: Նա իր բլոգում տեղադրում է իր այն ստեղծագործությունները, որոնք կա՛մ արդեն իսկ լույս են տեսել, կա՛մ ապագայում կտպագրվեն: Չի մոռանում նաեւ ընթերցողներին ծանոթացնել իր երաժշտական ճաշակի ու սեփական ձեռքերով ստեղծված կտավների հետ: Ստեղծագործողի «Ապրելու իրավունք» գիրքը կենդանիների արքային՝ առյուծին վերաբերող գիտագեղարվեստական աշխատություն է, որը գրանցվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:
-Առլեն, Դուք ստեղծագործում եք թե՛ արձակ, թե՛ չափածո: Որո՞նք են այն ընդհանուր գծերն ու տարբերություններն ըստ Ձեզ, որոնք ունեն չափածոն ու արձակը: Ինչպե՞ս է ընտրվում միտքը ընթերցողին հայտնելու «ձեւաչափը»:
– Ինձ համար մշտապես ու հավասարապես կարեւոր են եղել մտքիս շարադրանքի թե՛ արձակ, թե՛ չափածո ձեւերը, դրանք տվյալ հոգեվիճակի՝ այդ պահին ծնվող «սուրհանդակներն» են: Բանաստեղծական շարադրանքի ժամանակ ներքին հոգեվիճակի արտահայտումը լինում է, ասես, մեղեդային ուրույն «նվագակցությամբ», կարծես ներսից մտքի եւ զգայական վիճակի անպայման դուրսբերում ու արտահայտում լինի: Արձակի դեպքում «գործդ» մտքիդ հետ համեմատաբար երկարատեւ է, սակայն՝ ոչ պակաս հետաքրքիր: Ինձ համար, որպես ստեղծագործողի, չափազանց կարեւոր է, որ այդ երկու «ձեւաչափերը» մշտապես ներդաշնակության մեջ են գտնվում նաեւ իմ ներսում:
-Նաեւ նկարում եք: Ձեզ ավելի դուր է գալիս վրձնո՞վ, թե՞ գրչով «նկարելը»:
-Արտաքին աշխարհը ընկալելը, այն ներաշխարհում մշակելը եւ յուրովի մեկնաբանելը ունենում է տարբեր դրսեւորումներ: Նկարում եմ մանկությունից, ինքնուս եմ, նկարչական կրթություն չունեմ, ինչը, սակայն, երբեմն դժվարությամբ եմ համոզում աշխատանքներիս հասցեին հիացական խոսք հղողին: Նկարելը ինձ համար բնության եւ գեղեցիկի հետ առնչվելու եւ նաեւ առերեսվելու յուրօրինակ «գործիք» է, գեղեցիկը մատուցելու, դրա մասին խոսելու «անձնական շարադրություն»: Եթե ասեմ ձեզ, որ ես նաեւ նվագում եմ, ինչպես նաեւ ունեմ բազմաթիվ, առայժմ՝ չհանրահռչակված հեղինակային երգեր, ընդ որում՝ թե՛ երաժշտության եւ թե՛ խոսքերի հեղինակն ինքս եմ, ապա, այո՛, կարելի է վստահաբար ասել, որ նկարչությունը, երաժշտությունը եւ գիրը ինձ համար ստեղծագործական մեկ ընդհանուր «համանվագի» հավասար եւ անսահման սիրելի ոլորտներ են: Ցավոք, վերջին տարիներին ժամանակի սղության պատճառով համեմատաբար քիչ եմ նկարում եւ նվագում, սակայն գիրը երբեք չի զիջել իր տեղը, գրել չեմ դադարել երբեւէ:
-Եթե ցանկություն ունենանք Ձեր ոգեշնչման աղբյուրներին գտնել, որտե՞ղ փնտրենք:
-Ոգեշնչմանս աղբյուրներով թաթախված են իմ բանաստեղծությունները, գրքերը, մտքերը, իմ ամբողջ հեղինակային բլոգը, եւ բավական է մեկ անգամ մարդը հպվի այդ աշխարհին, կզգա այդ աղբյուրների վեհասքանչությունը: Ներշնչանքի անեզր աղբյուրներ են կինը, սերը, բնությունը…Ինձ մոտիկից ճանաչող մարդիկ գիտեն, որ ներշնչանքի աղբյուր կարող է լինել անգամ որեւէ զավեշտալի դրվագ, ասենք՝ թեկուզ տրանսպորտում, եւ դառնալ երգիծական որեւէ ստեղծագործության նյութ:
-Դուք ունեք տպագրված գրքեր, մի քանիսն էլ շուտով են լույս տեսնելու: Ստեղծագործում եք նաեւ համացանցային տիրույթում: Ո՞ր հարթակում է գրողն իրեն ավելի շատ «ձուկը՝ ջրում» զգում: Ի՞նչ առավելություններ ու թերություններ ունեն տպագիր ու առցանց գրականությունը:
-Կարծում եմ, որ գրողի համար յուրաքանչյուր հարթակ ինքնաարտահայտման հնարավորություն է, այլ հարց է, թե այդ հնարավորությունը ով ինչպես է օգտագործում: Ես ինձ հավասարապես «հարմար» եմ զգում թե՛ տպագիր գրքի հետ աշխատելիս, թե՛ համացանցային տիրույթում: Կարծում եմ՝ մտածող եւ իր միտքը գրող մարդը պետք է ներդաշնակորեն հավասարակշռի ավանդական, ժառանգաբար փոխանցվող մշակութային մտածելակերպը ժամանակակից մոտեցումների ու զարգացումների հետ: Արդի տեղեկատվական գործիքարանին տիրապետելու եւ այն գրագետ կերպով ու խելամտորեն օգտագործելու անհրաժեշտությունն այսօր նոր հորիզոն է գրողի համար: Ես, օրինակ, հաջողությամբ հրապարակել եմ մի քանի էլեկտրոնային գրքեր, որոնք շատ ավելի հասու են մեծամասնությանը:
-Դուք ինքներդ հայ նորագույն գրականություն կարդո՞ւմ եք:
– Կարդում եմ գրեթե ամեն բան, ինչ պատահում է՝ փորձելով ինքս ինձ համար առանձնացնել, հաճախ՝ ֆիլտրել հոգեհարազատն ու հետաքրքիրը: Երբ ասում եմ «կարդում եմ», դա վերաբերում է ոչ միայն տպագիր հրատարակություններին, գրքերին, այլեւ համացանցային նյութերին, ստեղծագործական աշխատանքներին, նույնիսկ՝ գրառումներին, ոմանց կիսարթուն մտքերին, երբ առաջին բանը, որ անում են՝ սեփական սոցցանցի էջը գրոհելն է: Մերօրյա գրականությունը նման է բազմագույն կտավի, որտեղ յուրաքանչյուր ստեղծագործող իր ուրույն գույնն է ներբերում այդ ներկապնակին: Գույն կա մնում է, գույն կա՝ մաքրվում: Կան շատ հաջողված ստեղծագործություններ եւ հետաքրքիր հեղինակներ, որոնք ուրույն ձեռագիր ունեն, կան եւ այնպիսիք, որոնք տարրական լեզվական չիմացությունը, խոսքի կուլտուրայի ակնհայտ արհամարհումը, լեզվամտածողական համակարգի խարխլումը, խոսքի շարահյուսության եւ տարրական ուղղագրության բռնաբարումը համարում են նորամուծություն, ոճ՝ կիսագրագետ, անփույթ, կոպիտ, երբեմն էլ զավեշտալի սխալներով շարադրանքը ներկայացնելով որպես «նոր խոսք»: Ամեն միտք էլ «արեւի տակ» տեղ գտնելու իրավունք ունի: Ի վերջո, այդպիսի ստեղծագործությունները մնայուն չեն, սակայն դրանց առկայությունն է, որ ստեղծում է ավելի լավը կերտելու մղում շատերի մոտ: Արարման այդ ճանապարհը դժվարին է: Սակայն ես համոզված եմ, որ դժվարություններն անցողիկ են, իսկ դրանց հաստատակամորեն ու հետեւողական կերպով հաղթահարման ճանապարհին ի հայտ եկող ձեռքբերումները` մնայուն ու հավերժ:
– Ձեր բազմաթիվ նյութեր նվիրված են բնությանը…
-Ինչ ինձ հիշում եմ՝ անսպառ սեր ու նվիրում ունեմ բնության նկատմամբ: Համոզված եմ, որ մարդը կարող է ապրել խաղաղության մեջ միայն, եթե ապրում է բնության հետ խաղաղ գոյակցությամբ եւ չի վնասում բնությանը, հետեւապես՝ նաեւ իրեն: Իմ նյութերը, գրքերը, ստեղծագործությունները սեր, գորովանք ու հոգածություն են քարոզում բնության նկատմամբ՝ փորձելով վեր հանել մարդ-բնություն ազնիվ ու խաղաղ հարաբերության կարեւորությունը: Ես իմ համեստ ջանքերը մշտապես ուղղում եմ դրան: Բնության մասին գրելը, բնապահպանական խնդիրներ արծարծելը ոչ թե սոսկ հարգանք է բնությանը, այլեւ ձգտում՝ նպաստելու մեր հասարակության մեջ էկոլոգիական գիտակցության ձեւավորմանն ու զարգացմանը: Բնասեր լինել, ունենալ էկոլոգիական գիտակցություն եւ կրել այդպիսի մշակույթ, չի նշանակում սոսկ խնամքով վերաբերմունք կենդանական ու բուսական աշխարհի նկատմամբ, այլեւ բարեկամեցություն, հանդուրժողականություն շրջակա միջավայրի նկատմամբ, սեր ու ներդաշնակություն մարդ-բնություն եւ մարդ-մարդ հարաբերություններում: Ունենալ էկոլոգիական գիտակցություն՝ նշանակում է կարողանալ անվնաս ու խաղաղ հարաբերվել թե՛ բնության, թե՛ շրջապատող մարդկանց եւ թե՛ ամբողջ աշխարհի հետ:
Զրուցեց ՍՅՈՒՆԵ ՍԵՎԱԴԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014
Հրաշալի մարդ , հրաշալի ստեղծագործող: