Կամ՝ ամերիկացի դրամատուրգ
Էդվարդ Օլբիի էլբակյանական մեկնաբանությունը
«Էդգար Էլբակյան» թատրոնում օրերս կայացած հերթական պրեմիերան «Ինչո՞ւ ենք հնարել սեր բառը» ներկայացումն էր՝ ըստ «աբսուրդի թատրոնի» ներկայացուցիչ, ամերիկացի ճանաչված դրամատուրգ Էդվարդ Օլբիի՝ «Ի՞նչ էր պատահել գազանանոցում» (The Zoo Story) պիեսի: Ներկայացումը երիտասարդների հետ միասին բեմադրել էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, սիրված ռեժիսոր եւ դերասան Արմեն Էլբակյանը:
Ներկայացման առանցքում միայնակ մարդու, տվյալ պարագայում Ջերիի (Մեսրոպ Աբտոյան) տառապանքներն են, հասարակությունից օտարացած ու դրանով իսկ ողջ աշխարհի վրա չարացած մարդու, որին ասես Աստված էլ մեջքով է շրջվել: Անհնար է երկար մնալ Նյու Յորքի հետնախորշերից մեկի խղճուկ սենյակում, որն ավելի շատ գազանանոցի վանդակ է հիշեցնում: Սենյակն էլ չլինի, էլի վանդակի զգացողություն կա՝ շուրջդ մարդկային բազմություն է, իսկ դու միայնակ ու անօգնական ես: Ավելի հեշտ է շփվել տանտիրոջ չար շան հետ, անգամ մկնդեղով նրան թունավորելու փորձ անել, քան մարդկանց հետ: Ջերիի փրկությունը թվում է՝ Փիթերն (Հմայակ Ադիյան) է, «կանոնակարգված» կյանքով ապրող ամուսնացած տղամարդը, որը կոնկրետ ժամերի աշխատանքի է գնում, կոնկրետ օր գալիս է զբոսայգու նստարանին նստում գիրք կարդալու, ունի ռեժիմով ապրելակերպ, կին, երկու դուստր, երկու կատու, երկու թութակ, արտաքուստ երջանիկ է: Բայց միայն արտաքուստ: Նրա հոգին եւս լեցուն չէ: Նա էլ Ջերիի երկվորյակն է՝ ողջ մոլորակում միայնակ լինելու իր զգացողությամբ: Ներկայացման ուղերձը հետեւյալն է՝ մարդիկ սիրո կարիք ունեն, պարզ մարդկային երջանկության պահանջ, որը իրական է ու առանց ձեւականությունների… Ներկայացման ավարտից հետո էլ ներկայացումը չի «ավարտվում», այն շարունակվում է մտքումդ, «տալիս ու առնում» ես տեսածդ ու ինքդ քեզ խոստովանում, որ հերոսների բերանով երբեմն դու էլ խոսեցիր. այո, կյանքն իսկապես գազանանոց է հիշեցնում:
Հավելենք, որ Էդվարդ Օլբին ամենագնահատված հեղինակներից է, նա մի շարք մրցանակներ է ստացել, պատիվների արժանացել, իսկ ամերիկյան եւ համաշխարհային մշակույթում ունեցած ներդրումի համար 1997 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի ձեռքով Ազգային մեդալ է շնորհվել նրան:
Իմիջիայլոց, Օլբին միասեռական է եղել, ինչը երբեք չի թաքցրել: Նման դրվագ կա նաեւ պիեսում. գլխավոր հերոսը՝ Ջերին, խոսելով մարդկային խղճից ու Աստծո փնտրտուքից, ասում է, որ Աստված իրենց շենքի՝ թաքուն լացող կնոջ մեջ է, տանտիրուհու շան մեջ, այն միասեռականի մեջ, որը հոնքերն է հանում, կիմանո հագնում ու որեւէ մեկին նեղություն չի տալիս…
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում` Ներկայացման գլխավոր հերոսները՝ Փիթերը (ձախից)
եւ Ջերին խոսում են մարդու միայնության մասին:
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014
Է. ՕԼԲԻ
Շնորհակալ եմ, ուղղեցի:
Արմեն Էլբակյանը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչէ: