Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալացի դիրիժորն այցելեց Հայաստան՝ հոր երազած երկիրը

Հունիս 25,2014 14:10

Պիեռ Կարլո Օրիցիոն նաեւ խոստացավ Իտալիայում խաչատրյանական շեշտադրումներով փառատոն անցկացնել

Դաշնակահարներին քաջածանոթ է հյուսիսային Իտալիայի Բրեշիա քաղաքում 1964 թվականից անցկացվող Ագոստինո Օրիցիոյի հիմնած «Brescia e Bergamo» դաշնամուրային փառատոնը: 50 տարիների ընթացքում հեղինակավոր այս միջոցառմանը միայն խորհրդային տարիներին են մասնակցել հայ դաշնակահարներ: Դաշնակահար Օրիցիոն, որը ուսանել է անվանի մանկավարժ Արտուրո Բենեդետի Միքելանջելիի մոտ, մտերիմ է եղել ու բարձր գնահատել հատկապես Արամ Խաչատրյանի արվեստը: 92-ամյա մաեստրո Օրիցիոն, չնայած մեծ ցանկությանը, ինչ-ինչ պատճառներով այդպես էլ չի եղել Հայաստանում: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց նրա դիրիժոր որդին՝ Պիեռ Կարլո Օրիցիոն (լուսանկարում), որը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրինության կողմից հրավիրվել է ղեկավարելու հունիսի 27-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք ֆիլհարմոնիկի հերթական համերգը:

Դիրիժորն ասաց, որ 8 տարի է՝ ինչ ղեկավարում է հոր հիմնած «Brescia e Bergamo» դաշնամուրային փառատոնը: Մեր զրուցակիցը նշեց, որ երեւանյան համերգին կհնչեն Դվորժակի «Նոր աշխարհից» 9-րդ սիմֆոնիան եւ արիաներ ու դուետներ համաշխարհային օպերային գրականությունից: Իբրեւ մեներգիչներ հրավիրված են օպերային երգիչներ Իրինա Զաքյանը (սոպրանո) եւ Հովհաննես Այվազյանը (տենոր): Ռեպլիկին, թե ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանն էլ է օպերասեր, Կարլո Օրիցիոն նշեց, որ վերջերս Վիլնյուսի օպերային թատրոնում ինքը ղեկավարել է Վերդիի «Տրավիատան», եւ ինքն էլ պակաս օպերասեր չէ, սակայն իրեն 90 տոկոսով համարում է սիմֆոնիկ դիրիժոր:

Հարցին, թե մինչ Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ ծանոթանալը պատկերացում ունե՞ր մեր նվագախմբի մասին, եվրոպական հայտնի նվագախմբերի եւ անվանի երաժիշտների հետ համագործակցած դիրիժորը պատասխանեց. «Ցանկացած երկիր հյուրախաղերի մեկնելիս, իհարկե, հետաքրքրվում ես, բայց սա այդ դեպքը չէ, քանի որ մինչ Հայաստան այցս Իտալիայի հեղինակավոր Musica ամսագրից տեղեկացա օգոստոսին իմ հայրենիքում տարբեր երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հյուրախաղերի մասին: Կոլեկտիվների ցանկում էր նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, որը օգոստոսի 28-ին հանդես է գալու Իտալիայի Մերանո քաղաքում: Իմիջիայլոց, համբավավոր շատ նվագախմբեր կան, այդ թվում՝ Միխայիլ Պլետնյովի ղեկավարած Ռուսաստանի ազգային նվագախումբը, որը վերջերս ղեկավարելու բախտ եմ ունեցել…»:

Անդրադառնալով «Brescia e Bergamo»-ին, Պիեռ Կարլո Օրիցիոն հայտնեց, որ փառատոնն այս տարի անցկացվել է ապրիլի 25-ից հունիսի 12-ը եւ կրել է «Ռախմանինովը եւ Ռուսաստանը» խորագիրը: Կանխելով հարցը, թե գուցե մի օր էլ փառատոնը վերնագրվի «Խաչատրյանը եւ Հայաստանը», իտալացի հյուրը հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ մտածել են՝ թե՛ ինքը եւ թե՛ Խաչատրյանի արվեստը գնահատող հայրը: Առանց կոնկրետ տարեթիվ նշելու՝ դիրիժորն ասաց, որ անպայման իր հայրենիքում կկայանա խաչատրյանական փառատոնը, հրավիրյալ արվեստագետների թվում էլ կլինեն հայաստանցի դաշնակահարներ:

Պիեռ Կարլո Օրիցիոն ոգեւորված էր, որ Երեւանում գտնվելու օրերին հնարավորություն կունենա այցելել Արամ Խաչատրյանի տուն-թանգարան եւ, իր խոսքերով՝ գուցե որոշ բացահայտումներ անի, ինչը կհետաքրքրի նաեւ հորը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30