Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քվորումն ու կոնսենսուսը

Հունիս 25,2014 14:20

Ճիշտն ասած, միշտ զարմանում եմ, երբ ասում են, թե բացարձակ ոչ մի տարբերություն չկա Սովետի ժամանակվա համագումարների եւ հանրապետականների այժմվա հավաքների միջեւ: Շատ լավ հիշում եմ՝ այն ժամանակ գոնե մի «ոչ ստանդարտ» մտածող կուսակցական որտեղից որտեղ հայտնվում էր ԽՄԿԿ-ի քսանքանիերորդ համագումարում ու մի փոքր, թեթեւակի կասկած, այնուամենայնիվ, հայտնում էր, ընդհանուր գծից շեղվում էր, բայց այնքան ճկուն էր շեղվում, որ չնստեցնեն, ավելի վատ բաներ չանեն, ինչպես 37 թվականին… Այո, շատ ճիշտ եք, միգուցե նախօրոք բեմադրված ներկայացում էր՝ Արեւմուտքի համար, բայց հո կար…

Հիմա չկա: Ու տարբերությունը հենց դա է: Հիմա բոլոր իշխանական հավաքների ժամանակ գլխավոր խնդիրը քվորումն է: Այն, որ որեւէ մեկը կհամարձակվի կասկած հայտնել, ձեռնպահ քվեարկել՝ բացառվում է: Միայն քվորում՝ բետոնակուռ կոնսենսուսի պայմաններում: Ուրիշ բան պետք չէ:

Ինչ-որ շատ ու շատ ծանոթ պատկեր է ուրվագծվում: Անցած դարի սկզբին էլ նման մի բան տեղի ունեցավ՝ «տատանվողները» հեռացան, թողներով բոլշեւիկներին մենակ, այժմ պարզապես դեժավյու տեղական՝ հայաստանյան մասշտաբով:
Մեզ համար հանգիստ նստած էինք սովետական խոհանոցում՝ էժան արաղ էինք խմում, արգելված երգեր երգում, կոմունիստներին հայհոյում, հետո նորից էինք խմում եւ այդպես մինչեւ ուշ գիշեր…

Քնեցինք, Վաշինգտոն Իրվինգի հերոս Ռիփ վան Վինքլի նման 20 տարի հետո արթնացանք, տեսանք ամեն ինչ փոխվել է… Եթե կային իշխողների մեջ ինչ-որ թեթեւ բանավեճի նշույլներ, դրանք տեղափոխվեցին հասարակության մեջ:
Վերեւում հիմա այլեւս ոչ ոք չի վիճում, մենք ենք միմյանց հետ թեժ վիճում, նրանք վերեւից հանգիստ նայում են: Որովհետեւ մի գրպանում քվորում ունեն, մյուսում՝ հավերժ կոնսենսուս:

Իսկ մենք բոլորս վարակվեցինք debato disputicusi-ի վիրուսով: Խաժակ Գյուլնազարյանի անվան գրադարանից տարածվեց այդ վիրուսը, Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերից»: Ու հիմա բոլոր եղանակներին, ամեն տեղ՝ բնակարաններում, սրճարաններում, խորովածի ու քյաբաբի շուրջ, մամուլի ասուլիսներում եւ հեռուստաէկրաններից անընդհատ իրար ենք ուտում, հայհոյում, ամոթանք տալիս միմյանց, միայն թե ապացուցենք՝ խաշած ձուն սո՞ւր կողմից պետք է ջարդել, թե՞ հակառակ:

«Դու ո՞վ ես: Իսկ դո՞ւ ով ես: Չէ, ես քեզ հարցնում եմ՝ բայց դու ո՞վ ես»: Հասնում ենք Ղարաբաղին, միանգամից բոլորս սսկվում ենք, միմյանց ձեռք ենք սեղմում, նստում՝ միասին մի բաժակ բան խմում, գրկախառնվում ենք, հետո մեկն անզգուշորեն արտասանում է երկու բառերից մեկը՝ «Ամերիկա» կամ «Ռուսաստան»… Ու գնաց՝ Փսաքի, Կիսելյով, ռուսամետ, արեւմտամետ, ուկրաինացի ֆաշիստներ, կրեմլյան սրիկաներ…

Իսկ վերեւից մեզ բոլորիս հեգնական ժպիտով նայում է քվորումը: Հանրապետական կոնսենսուսին գրկած: Նրանք՝ փողկապավոր այդ քվորումը եւ զոլավոր կոստյումով կոնսենսուսը, շատ լավ գիտեն, որ մեզ խելագարության հասցնող վիճաբանական վիրուսը իրենց վրա երբեք չի տարածվի: Իրենց շարքերում կասկածներով վարակված բորոտները բացառվում են: Զտվել են դեռ ընտրացուցակներ կազմելիս:

Իսկ մենք՝ վարակվածներս, շարունակում ենք ամեն օր կատարելագործել միմյանց դեմ պայքարի մեխանիզմները: Հզոր ճամբարներ ենք կազմել: Փորձեք թթու խոսք ասել առաջին նախագահի հասցեին: Խորհուրդ չեմ տալիս: Ֆեյսբուքյան «Գռադ» կայանքի համազարկը երանություն կթվա, «Տոպոլ-Մ» նորագույն համալիրը հողին կհավասարեցնի ոչ միայն ձեզ, այլեւ ձեր մոտիկ ու հեռու բոլոր հարազատներին:

Առողջության եւ կյանքի համար նույնքան վտանգավոր է իշխանությունների հասցեին որեւէ դրական բան ասելը՝ անմիջապես դեմ կտան հայելին, որի մեջ զարմանքով կհայտնաբերեք ձեր իսկական էությունը՝ ծախված, դավաճան, պնակալեզ… մնացած գեղեցիկ որակումները՝ համապատասխան կայքերում եւ թերթերում…

Անգլիացի գրողի ստեղծագործությունից սկիզբ առած այս վիրուսն արդեն պրոֆեսիոնալներ է ծնում մեր հողում: Մասնագետներ կան, որոնք կարող են առանց վարանելու վերցնել սպիտակը ու հմտորեն ապացուցել, որ դա սեւ է: Երկու ճամբարում էլ դրան ծափահարում են, հաճույքով մեջբերում, որպես օրինակ են ներկայացնում…

Իսկ վերեւից, ամառային տապից բարձր հովանու տակ պատսպարված՝ այս ամենին մեծագույն հաճույքով հետեւում են քվորումն ու կոնսենսուսը… Նրանք հասել են իրենց նպատակին…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30