Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողի օրը շատ բժիշկներ նշեցին վիրասրահներում, շտապօգնության մեքենայում ու հիվանդի մահճակալի կողքին

Հունիս 25,2014 14:30

«Չափազանց հպարտ եմ, որ այսօր՝ լինելով Ձեզնից մեկը, հնարավորություն ունեմ թե՛ համակարգելու, թե՛ շնորհավորանքի խոսքեր ուղղելու մեր բուժաշխատողներին՝ ցանկանալով նրանց քաջառողջություն, պաշտպանվածության զգացում, խաղաղ երկինք: Ի խորոց սրտի յուրաքանչյուրիդ ընտանիքին ցանկանում եմ բարեկեցություն: Այն ժամանակը, որը դուք տրամադրում եք կարիքավորներին ձեր բարությամբ, գթասրտությամբ, անսահման ուշադրությամբ, կցանկանայի, որ ձեր ընտանիքի առջեւ գար: Շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի մեր գործընկերներին։ Բոլորին մաղթում եմ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն եւ հաջողություններ պատասխանատու, նվիրական գործում: Առանձնահատուկ կցանկանայի շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք այս տոնական օրը ոչ թե մեզ հետ են՝ դահլիճում, այլ վիրասրահներում են, շտապօգնության մեքենաներում, հիվանդի մահճակալի կողքին»,- հունիսի 21-ին՝ Բուժաշխատողի օրը, շնորհավորական իր ուղերձում ասաց առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Օրվա առիթով առողջապահության նախարարությունը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում բուժաշխատողներին նվիրված մեծարման երեկո էր կազմակերպել: Ոլորտի պատասխանատուների խոսքերով՝ այդ օրը եւս մի հնարավորություն է նրանց մասնագիտական հաջողություններն ու ձեռքբերումներն արձանագրելու, բուժաշխատողներին երախտիքի խոսքեր ասելու:

Երեկոյի ընթացքում մեկ առ մեկ հիշվեցին առողջապահության բոլոր այն ուղղություններն ու հայ բժշկագիտության մեջ անգնահատելի ավանդ ունեցած մասնագետներին, որոնց աշխատանքի շնորհիվ հազարավոր մարդկանց կյանքեր են փրկվել եւ փրկվում:
Ֆանարջյաններ, Ավդալբեկյաններ, Անանիկյաններ, Բաբլոյաններ. այս գերդաստանները սերնդեսերունդ խթանել են մեր առողջապահության զարգացումը, ժողովրդին առողջություն պարգեւել:

Մասնագիտական տոնի առիթով բուժաշխատողներին շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Սիրելի բուժաշխատողներ, շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Սա եւս մեկ առիթ է՝ անդրադառնալու ձեր դժվարին եւ պատասխանատու աշխատանքին, արժեւորելու այն ջանքն ու եռանդը, որ բժիշկը ներդնում է յուրաքանչյուր հիվանդի ապաքինման գործում: Կայուն եւ դինամիկ զարգացող առողջապահական համակարգը մեր հայրենիքի ընդհանուր զարգացման հիմնական եւ կարեւոր ուղղություններից է»:

Միջոցառումն ուղեկցվեց միջնադարյան հայ բժշկության մասին պատմող ֆիլմերով, մոր եւ մանկան առողջության, ռազմական բժշկության եւ առողջապահական այլ ոլորտների մասին պատմող տեսաֆիլմերով:

Մեր երկրում ռազմական բժշկությունը, որպես մասնագիտություն, ձեւավորվել է Արցախյան պատերազմի տարիներին, եւ այսօր այն առողջապահության ոլորտի ամենակարեւոր մասն է կազմում: Ինչպես միջոցառման կազմակերպիչներն են նշում. «Ռազմական բժշկի առաքելությունը կրկնակի բարդ է: Նրանք իրենց գործը կատարում են մարտական ամենաթեժ կետերում»:

Շնորհավորանքներից ու մեծարման խոսքերից անմասն չմնացին նաեւ Սփյուռքի բուժաշխատողները, որոնք իրենց փորձով եւ բարեգործություններով աջակցում են հայրենիքին: Տոնական երեկոյի ընթացքում սիրիահայ բժիշկների դերը նույնպես կարեւորվեց, որոնք Սիրիայում ծագած պատերազմի հետեւանքով ստիպված են եղել տեղափոխվել Հայաստան եւ կարճ ժամանակ անց իրենց ուրույն տեղը գտել առողջապահության ոլորտում: Նրանցից շատերն այսօր աշխատանքի են անցել մարզերի բուժհիմնարկներում: Առողջապահության ոլորտի մասնագետները վստահեցնում են, որ սիրիահայ բժիշկներն էլ իրենց փորձով ու գիտելիքներով բժշկագիտության տարբեր ուղղություններում նոր որակ են բերել:

Երեկոյի ընթացքում միջոցառման կազմակերպիչներն ընդգծեցին նաեւ բուժքրոջ առաքելությունն ու նրա կատարած աշխատանքի կարեւորությունը. «Բուժքույրն առաջինն է դեղորայք հասցնում հիվանդին: Նա մշտապես բժշկի կողքին է եւ կարեւոր ու պատասխանատու դեր է վերցնում իր ուսերին, բարոյական եւ հոգեբանական աջակցություն ցուցաբերում հիվանդին ու նրա հարազատներին»:

Այն, որ առողջապահությունը մեր երկրում համաչափ զարգացում է ապրում, այդ մասին են վկայում նաեւ վերջին տարիներին Երեւանում եւ մարզերում շահագործման հանձնված եւ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած բուժհաստատությունները:

Ոլորտի պատասխանատուների վստահեցմամբ՝ առաջնային բուժօգնության օղակը հռչակվել է որպես գերակայություն: Ընտանեկան բժշկի ծառայությունն էլ, շնորհիվ վերապատրաստված մասնագետների, տարեցտարի կատարելագործվում է:
Տոնական երեկոյին ներկա էին հարյուրավոր բուժաշխատողներ, պետական այրեր, ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Բուժաշխատողներին շնորհավորելու եկած կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ, որը նրանց մի քանի կատարում նվիրեց, իր ելույթում ասաց. «Այսօր յուրաքանչյուր բժիշկ մեր առողջությունը բուժելով՝ բուժում է իր հայրենիքը»:

Երաժշտական կատարումներով ելույթ ունեցան նաեւ Արամ MP3-ն, Հայկոն, Ֆորշը, Էրիկը, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը եւ պարային համույթներ:

Սեփ.լր.
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30