Լրահոս
Օրվա լրահոսը

Դիֆերամբներ Եվրասիական տնտեսական միությանը՝ ՀՀ պառլամենտում

Հունիս 25,2014 14:40

Հայաստանի խորհրդարանում կայացավ Հայ-ռուսական
բարեկամության խորհրդարանական ակումբի հերթական նիստը

Հիշեցնենք, որ վերջին անգամ այդ ակումբում հավաքվել էին տխրահռչակ Դմիտրի Կիսելյովի այցի կապակցությամբ: Այս անգամ Հայաստան էին այցելել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներ Վասիլի Լիխաչովը, Բորիս Ռեզիկը, ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Ժաննա Իվանովան, Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրեն Օլեգ Վելիկորեդչանին, Եվրասիական Զարգացման բանկի ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի ղեկավար Միխայիլ Դեմիդենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի զարգացման վարչության վերլուծության եւ հեռանկարային զարգացման բաժնի պետ Զոյա Մոռոչկովան:

Հանդիպման թեման Եվրասիական տնտեսական միությունն (ԵվրասՏՄ) էր՝ առավելություններն ու հեռանկարները: Թերությունների մասին՝ ոչ մի խոսք: Վասիլի Լիխաչովը իր խոսքում, սակայն, նշեց, որ պետք չէ սպասել, թե հենց այն պահից, երբ Հայաստանը միանա ԵվրասՏՄ-ին, երկնքից մանանա է թափվելու: Բայց եւ չմոռացավ ասել, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումը՝ միանալ Մաքսային միությանը, «իմաստուն որոշում էր». «Հայաստանը՝ որպես անկախ եւ սուվերեն պետություն, կարողացավ ճիշտ քաղաքական որոշում ընդունել՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, եւ ճիշտ միության անդամակցել՝ որպես անկախ պետություն»: Նա նկատեց, որ Հայաստանը մեծ փորձ ունի տարբեր ինտեգրացիոն գործընթացների, մասնավորապես նշեց Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունը, նշեց, որ Հայաստանը շատ հարցերում առաջատար է՝ ԵվրասՏՄ-ի մյուս երկրների համեմատ, օրինակ՝ doing business-ի համաթվով 185 երկրների մեջ 37-րդն է եւ հարեւանություն է անում այնպիսի «գրանդների» կողքին, ինչպիսիք են Ֆրանսիան եւ Բելգիան: Բնականաբար, պարոն Լիխաչովը չէր կարող չխոսել Եվրամիության մասին. «Ես հինգ տարի դրա մեջ եմ եղել եւ գիտեմ, թե ինչպես էր Եվրամիությունը ամեն գնով, անգամ խախտելով ընդունված կանոնները, փորձում դառնալ աշխարհաքաղաքական կենտրոն»: Նա անդրադարձավ նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամների միջեւ ոչ միայն տնտեսական, այլեւ հնարավոր քաղաքական միավորմանը՝ ասելով, որ դեռ երկու տարի առաջ եւ Մինսկը, եւ Աստանան համաձայն էին, որ ստեղծվի Եվրասիական միջխորհրդարանական պառլամենտ, բայց հանկարծակի փոշմանեցին: Ըստ Լիխաչովի՝ նման օրենսդիր մարմինը խիստ անհրաժեշտ է, քանի որ անհրաժեշտություն կառաջանա Եվրասիական միության ներսում ընդհանուր մոտեցում ձեւավորել այն ոլորտների համար, որոնցով այդ երկրները միասնական տնտեսական տարածք ենք ձեւավորում:

Բորիս Ռեզնիկն էլ նշեց, որ Կովկասում Ռուսաստանը չունի ավելի հավատարիմ բարեկամ, քան Հայաստանն է, որը կրիտիկական պահերին միշտ եղել է Ռուսաստանի կողքը, եւ թվարկեց այդ պահերը՝ ընդհուպ Ուկրաինայի հարցով քվեարկությունը ՄԱԿ-ում: Նշեց նաեւ, որ ինչպես Հայաստանն է աջակցում Ռուսաստանին, նույնպես էլ Ռուսաստանն է աջակցում Հայաստանին: Հավանաբար պատգամավորը տեղյակ չէր Ռուսաստանի կողմից Ադրբեջանին պարբերաբար վաճառվող մեծածավալ զենքի մասին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30