ՌԴ ԱԳ նախարարի երեւանյան այցն ավելի
շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխաններ տվեց
Ռուս-ադրբեջանական «ռազմավարական» բնութագրվող համագործակցության վերաբերյալ հավաստիացումները վերջին շաբաթներին շարունակվում են առանձնահատուկ ինտենսիվությամբ: Հունիսի 23-ին, մինչ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցում էր ՀՀ իշխանությունների հետ, Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցի մասին. «Կարծիքների փոխանակման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային օրակարգային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցը։ Ռուսական կողմը հաստատել է պատրաստակամությունը՝ խաղաղ լուծում գտնելու հարցում օժանդակելու վերաբերյալ»։
Բացի այդ, Գաբալայում ընթանում է ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային 5-րդ գործարար համաժողովը, որում ընթերցվել է ՌԴ-ի եւ Ադրբեջանի նախագահների ուղերձները: Ըստ Haqqin.az-ի` Ադրբեջանի նախագահն ընդգծել է հարաբերությունների ընդլայնումը ՌԴ-ի եւ Ադրբեջանի միջեւ եւ երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման հույս հայտնել: Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուղերձում ընդգծել է, որ միջտարածաշրջանային կապերը Ադրբեջանի եւ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների կարեւոր բաղադրիչն են:
Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Բաքվում էր: Նրա այցի ավարտին Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն ուշագրավ հայտարարությամբ էր հանդես եկել` տեղեկացնելով, որ ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել է ԼՂ հակամարտության հարցը. «ՌԴ-ն ի սկզբանե հատուկ դիրք է զբաղեցրել տվյալ հարցում: Հակամարտության սկզբնական փուլում ՌԴ-ն անգամ բացասական ազդեցություն է ունեցել դրա վրա: Դրանից հետո ՌԴ-ն՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, մասնակցելով քննարկումներին, վերանայել է հարցի նկատմամբ իր վերաբերմունքը եւ ձեւավորել այլ մոտեցում: Որքանով որ հասկանում եմ, տարածաշրջանում ՌԴ-ի հիմնական շահը պետք է կապված լինի Ադրբեջանի հետ, որն ունի ամենամեծ տարածքը (Հարավային Կովկասում), ամենամեծ մարդկային ռեսուրսները, կայուն, հուսալի ու որակյալ կառավարություն: Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է լինել լավ գործընկեր: Ըստ իս՝ ՌԴ-ի հիմնական շահը պետք է լինի Ադրբեջանը՝ որպես զարգացած, կայուն ու հուսալի ռազմավարական հարեւան ընկալելը: ՌԴ-ն կարող է շատ բանի հասնել՝ Ադրբեջանին օգնելով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»: Թե ԼՂ հարցում Մոսկվայի ինչ «այլ մոտեցման» մասին է խոսքը` Ազիմովը չի մանրամասնել… Շաբաթ օրը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ Ալի Հասանովն էլ վստահեցրել է, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ ՌԴ-ում տարվում է ինտենսիվ աշխատանք` երկու երկրների միջեւ փոխգործակցության ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ. «Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պահպանումն ու խորացումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է»:
Կարդացեք նաև
Հիմա դառնանք Լավրովի երեւանյան այցին, որն ավելի շատ հարցականներ առաջացրեց, քան պատասխաններ տվեց: Օրեր առաջ Բաքու ժամանած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրվանից պաշտոնական այցով Երեւանում էր: Հունիսի 23-ին նա ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, բանակցություններ վարել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, նախագահ Սերժ Սարգսյանի հետ: ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում Լավրովը նշել է, որ ՌԴ-ն երկկողմ ձեւաչափով, ինչպես նաեւ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շահագրգռված է ԼՂ խնդրի շուտափույթ կարգավորմամբ. «Մենք ելնում ենք նրանից, որ խնդիրների լուծման հիմք կա, խնդրի կարգավորման սկզբունքները արձանագրված են նախագահների հայտարարությունում: Ամենագլխավորը այդ սկզբունքների իրականացման չափանիշները համաձայնեցնելն է եւ քայլերին հետեւելը»: Լավրովի խոսքով՝ ՌԴ-ն, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, կձգտի, որպեսզի երկխոսությունը երկու երկրների նախագահների միջեւ շարունակվի: Լավրովը նշել է, որ ՌԴ-ն պաշտպանում է ցանկացած ջանք, որը կմոտեցնի խնդրի կարգավորումը. «Ֆրանսիացի գործընկերները առաջ են քաշում հենց այն գաղափարները, որոնք թույլ կտան նախկինում առաջարկված սկզբունքները բերել պրակտիկ լեզվի: ՌԴ-ն համարում է՝ որքան պարբերական լինեն նախապատրաստված հանդիպումները, այնքան բանակցային գործընթացն ավելի դինամիկ կդառնա»:
Հատկանշական է, որ Լավրովի հետ Երեւան էր ժամանել ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Սա, թերեւս, վկայում է այն մասին, որ Լավրովը ՀՀ իշխանությունների հետ ԼՂ կարգավորման գործընթացի առնչությամբ ինչ-որ հարցեր է քննարկել:
Հետաքրքրական է, որ ռուսաստանցի լրագրողը մամլո ասուլիսում Էդվարդ Նալբանդյանին հարցրել է, թե արդյոք ՌԴ-ն կարո՞ղ է օգնել Հայաստանին բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչին կատակելով միջամտել է Լավրովը՝ հասկացնել տալով, թե ինչո՞ւ է ՌԴ-ի աջակցության վերաբերյալ հարցը տրվում ՀՀ ԱԳ նախարարին։ Նալբանդյանն, իհարկե, առիթը բաց չի թողել՝ հիշեցնելու, որ Լավրովը Ցյուրիխում ներկա է եղել հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը:
Ընթերցողին հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, երբ հանդիսավոր կերպով նախաստորագրվում էին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, եւ երբ Նալբանդյանը Թուրքիայի պատճառով դիմադրել էր` չցանկանալով ստորագրել արձանագրությունները, սկանդալային իրավիճակը փրկել էր հենց ՌԴ ԱԳ նախարար Լավրովը, որը երկտող էր գրել Էդվարդ Նալբանդյանին. «Էդվարդ, համաձայնիր առանց հայտարարությունների արարողության»։
Ինչեւէ, Երեւանում Լավրովն ընդգծել է ռուսական կողմի պատրաստակամությունը, որը արտահայտվել է արձանագրությունների ստորագրումից առաջ եւ հետո` աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Լավրովը նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցել ենթակառուցվածքների կարգավորմանը, սակայն միաժամանակ հիշեցրել է, որ հիմնական խոսքը պիտի ասեն Հայաստանն ու Թուրքիան:
Լավրովի երեւանյան այցը լույս չի սփռել Հայաստանի` Եվրասիական միությանը միանալու հարցի վրա: Նախագահականի հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Լավրովը հույս է հայտնել` «այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»: Փաստորեն, Հայաստանի եվրասիական ճակատագրի մասին Լավրովն ու Նալբանդյանը որեւէ նորություն չունեին հայտնելու լրագրողներին: Լավրովը Երեւանում ընդամենն ասել է հետեւյալը. «Մենք այսօր քննարկեցինք եվրասիական ինտեգրացիային Հայաստանի միացման հարցերը: ՌԴ-ն ակտիվորեն սատարում է այդ գործընթացը»: Մինչդեռ մայիսի 29-ի Աստանայի գագաթնաժողովից հետո հրապարակված որոշման մեջ նշվել է, որ մինչեւ հուլիսի 1-ը պետք է նախապատրաստվի Հայաստանի պայմանագիրը: Անցյալ շաբաթ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սակայն, «Ազատության» հարցին, թե ի վերջո ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը, հայտնել է, թե հուլիսի 3-ին հանդիպում է նախատեսված այդ հարցով:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014
Ռուսական զորքերը Հայաստան մշտապես եկել են Կասպից ծովի ափերով և համալրվել են կովկասյան թաթարներով/ազերիներով/,այս անգամ էլ կգան նույն ճանապարհով,եթե ադրբեջանական իշխանությունները համաձայնեն գազն ու նավթը արտահանել ռուսական խողովակաշարերով և ԵՄ-ին զրկեն այլընտրանքային էներգակիրներից:Իսկ,որ Ռուսաստանը ամեն ինչ /նաև Արցախը/ կտա այդ նպատակին հասնելու՝չկասկածեք:Ռուսաստանը լավ է հասկանում,եթե հայ-թուրքական սահմանը բացվի մենք այլընտրանք կունենանք դաշնակիցների ընտրության հարցում,հետևաբար այդ սահմանը չի բացվի … և այլն