Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր գծերից երեւի իրեն փայ չի հասել՝ բողոքում է»

Հունիս 25,2014 15:00

Շահեն Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին խորհուրդ է տալիս
լռել ու սպասել իր դատավճռին

«Ռոբերտ Քոչարյանին, հավանաբար, թվում է, թե մեր ժողովրդի հիշողությունը շատ կարճ է եւ նման քայլերով իրեն լավ PR կարող է անել: Բայց նա շատ լավ պետք է գիտակցի, որ այն ամենի համար, ինչ որ տեղի է ունեցել Հայաստանում, նախեւառաջ ինքը պետք է պատասխան տա` սկսած Պողոս Պողոսյանի սպանությունից, երբ ինքն ինդուլգենցիա էր տալիս իր թիկնապահներին, ապա ինդուլգենցիա սկսեց բաժանել օլիգարխներին, որ ստեղծվի մենաշնորհային համակարգը: Չհաշված, որ իր իշխանության տարիներին Հայաստանում սկսվեց Ռուսաստանին վաճառվել ստրատեգիական նշանակության բոլոր օբյեկտները»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահի վերջին հարցազրույցին՝ փաստելով, որ Հայաստանը ՌԴ-ին ածանցյալ կամ գուբերնիա դարձավ հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք, իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը շարունակում է այդ քաղաքականությունը:

Հիշեցնենք, Yerkir.am-ին տված հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է «Որոտանի ՀԷԿՀ» վաճառքին՝ այն անվանելով «ծայրահեղ կասկածելի», «անօրինական գործարք», օրենսդրության պահանջներն անտեսող: Խոսելով տեսանկարահանող սարքերի եւ կարմիր գծերի մասին՝ Հայաստանի 2-րդ նախագահը անհեթեթություն եւ ցինիզմ է որակում քաղաքացիների հաշվին մասնավոր անձանց հարստացումը: Նա խոսել է նաեւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի դրական լինելու եւ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու մասին: Այդ կետերը, ի դեպ, ընդգրկված են խորհրդարանական հրաշալի քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», 12 կետից բաղկացած պահանջում:

«Ինչո՞ւմն է Ռոբերտ Քոչարյանի վրդովմունքը»,- հարցնում է Շահեն Պետրոսյանն ու ինքն էլ պատասխանում. «Քաղաքական իմաստով իր ակտիվանալը միանգամայն հասկանալի է. քառյակի մեջ ինքն ունի որոշակի ուժեր, որոնց համարում է իր ստեղծածը, եւ կարծում է, որ դրանք կարող են իրեն սատարել: Առայժմ չեմ ցանկանում անվանական բաներ ասել, քննադատել եւ այլն, քանզի քառյակի աշխատաոճը նպաստավոր է հայ ժողովրդի համար: Առայժմ: Բայց մի բան է, երբ քառյակն է այդ բաներն ասում, այլ բան, երբ Ռոբերտ Քոչարյանն է ասում: Ասա` ինչի՞ ես կոտրած գդալի պես քեզ մեջ գցում եւ փչացնում այս ամենը»: Հարցին՝ իսկ քառյակի ոչ քոչարյանածին ուժերը չպե՞տք է այս ամենից հետեւություններ անեն, Շահեն Պետրոսյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ հետագայում ով ինչ նպատակ է հետապնդելու, ապագայի մասին խոսել չեմ կարող, բայց Ռոբերտ Քոչարյանը լավ կլիներ՝ սպասեր, թե իր անձի նկատմամբ երբ են գործընթացները սկսվելու: Իրեն ես այդ խորհուրդը կարող եմ տալ. լավ կլինի՝ ինքը լռի, չմիջամտի ու չփչացնի քառյակի գործունեությունը: Ինքն այդպիսով փչացնում է նաեւ ՀՅԴ-ին, ԲՀԿ-ին: Հիմա այդ ուժերն իրենց վախի աստիճանի տակ ինչ-որ քայլ են անում: Նրանք էլ կաշկանդված են իրենց գործողություններում, քանի որ ինչ-որ մեղսակցություն ունեն մարտի մեկի համար: Իրենք ուզում են իրենց մեղքերը քավել: Դա քրիստոնեաբար ընդունելի է: Բայց Ռոբերտ Քոչարյանը ներողություն խնդրելու փոխարեն՝ դեռ մի բան էլ հոխորտում է: Ինքն առաջին հերթին Հայաստանն ապականեց»:

Շահեն Պետրոսյանը հիշեց Քոչարյանի իշխանության տարիներին տեղի ունեցած մի քանի իրադարձություններ, որոնցից մեկն էլ «Հայկական ավիաուղիների» սնանկացումն էր. «Իր գավառական ագահությամբ ինքն ուղղակի իրենով արեց ու չկարողացավ նույնիսկ նորմալ մենեջմենթ իրականացնել, չնայած նրան, որ ես քանիցս զգուշացնում էի` նման բաներ չի կարելի անել»: Մեր զրուցակիցն ընդհանրապես կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչնչացրեց հայկական ավիացիան: Հաջորդը էներգետիկ եւ գազային համակարգերի վաճառքն էր` ՀԱԷԿ-ը, էներգացանցերը, որոնք նույնպես տրվեցին ՌԴ-ին` Հայաստանը ամբողջությամբ տանելով ՌԴ-ի ազդեցության տակ: «Ընդհանրապես, խողովակով գազ քաշելը ամենամեծ հիմարությունն է այս դարում: Դա տարրական ֆիզիկա է, ՏԷՑ կամ ՊՇԷԿ ես կառուցում, գազն ուղղում ես էնտեղ, գազը վառելով էլեկտրականություն ես ստանում, բնակչությանն էլեկտրականություն ես տալիս: Այդ ժամանակ ոչ գազը կթանկանար, ոչ էլ էլեկտրաէներգիան: Իսկ հիմա մենք այդքան խողովակներ բերել տներն ենք հասցրել, որ ինչ-որ մեկը` խողովակի արտադրողը, հարստանա: Դա տարրական գիտելիքների բացակայությունից է: Իր հեռակա ավարտածը` չգիտեմ քանի տարեկանում… անհարմար էլ է: Ու դրա համար էլ, երբ տարրական կրթություն չունեցող մարդը հայտնվում է իշխանության վերին էշելոնում, ապականում է ամեն ինչ: Հիմա զավեշտն այն է, երբ ցինիկը խոսում է ցինիկների դեմ: Կարմիր գծերից երեւի իրեն փայ չի հասել` բողոքում է»: Անդրադառնալով «Որոտանի ՀԷԿՀ» վաճառքի վերաբերյալ Ռ. Քոչարյանի դիտարկումներին՝ Շահեն Պետրոսյանը հեգնեց. «Էդ ո՞ւմ է ինքը սիրաշահում` եթե ամերիկացիներին են վաճառում, դա շատ դրական բան է: Ի՞նչ տարբերություն՝ ամերիկացիների՞ն, ֆրանսիացիների՞ն, թե՞ ռուսներին: Եթե չեք կարողանում մենեջմենթ իրականացնել, տնօրինել ունեցվածքը` հեռացեք, հրաժարական տվեք: Ի՞նչ է նշանակում վաճառել: Ինչի՞ ես քո ունեցվածքը վաճառում: Դա պետական ունեցվածք է»:
Ռոբերտ Քոչարյանը նկատում է` հաշվի առնելով կոռուպցիայի ծավալներն ու կառավարչական անարդյունավետությունը՝ ընդդիմությանը վերահսկիչ լծակներ տալը, հավանաբար, կարող է իրական զսպիչ գործոն դառնալ չհիմնավորված, իսկ երբեմն աբսուրդային բյուջետային ծախսերի եւ պաշտոնատար անձանց անսահման ախորժակի դեմ: Նման գնահատականներ է հնչեցնում մի մարդ, ում իշխանության օրոք առանցքային պաշտոններ զբաղեցնող անձինք այսօր էլ շարունակում են առանցքային պաշտոններում մնալ: Ի՞նչ է ուզում Ռոբերտ Քոչարյանը` «Առավոտի» հարցին Շահեն Պետրոսյանը նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանը վստահություն չունի ոչ իշխանական, ոչ էլ ընդդիմադիր դաշտում, ու անհասկանալի է նրա ակտիվությունը. «Խամաճիկ խաղալիքներ կան, որ խաղացնում ես` խաղում են: Ո՞վ է «կուկլավոդը»` չգիտեմ»:

Ռոբերտ Քոչարյանն անդրադառնում է նաեւ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու ոչ իշխանական ուժերի պահանջին՝ ընդգծելով, թե դա անկասկած նպաստավոր է: Եթե այդքան դրական է վերաբերվում 100 տոկոսանոց ընտրակարգին, ինչո՞ւ իր իշխանության օրոք այն չներդրեց, մանավանդ՝ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ընդդիմությունն այդ պահանջը դնում էր: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը պատճառաբանեց, որ հասարակությունը դեռ պատրաստ չէր: Շահեն Պետրոսյանը, մինչդեռ, համարում է, որ հասարակությունն այն ժամանակ ավելի հասուն էր, ու այդ մասսան այսօր արտագաղթել է. «Ի՞նչն է հասունացել: Պարզապես ամեն մարդ մտածում է` ինչպե՞ս անի, որ գա իշխանության: Հավանաբար, ինքն ակտիվ քաղաքականություն վերադառնալու ինչ-որ քայլ է ուզում անել, ուստի ուզում է վերցնել տեղական օլիգարխների 40 մեծամասնական տեղերը: Այդ ամենում մի տեսակ միամտություն կա, բայց հավանաբար ինքը մտածում է, որ 2017 թվականին ինքը ԲՀԿ-ի ցուցակում երկրորդ կամ առաջին համարով գա եւ, ասենք, ԱԺ նախագահ կամ վարչապետ դառնա: Հուսով եմ` սխալվում եմ: Ես չգիտեմ` ինչ այլասերված պիտի լինի մեր հասարակությունը, եթե մոռացության տա նրա արածները»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30