Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ուզեն՝ կանե՞ն. այդպես չէ

Հունիս 25,2014 12:45

Քաղաքացիների պայքարը տալիս է եւ կտա իր արդյունքները

Զվարթնոցում եւ Գառնիում տեղի ունեցած խնջույքների առթիվ հասարակական բողոքի հետեւանքով համապատասխան պաշտոնյաներն ազատվել են աշխատանքից կամ նկատողություն են ստացել, վարչապետը, իր խոսքերով, լուրջ խոսակցություն է ունեցել մշակույթի նախարարի հետ, նախարարությունն արգելել է նման միջոցառումներ անցկացնել պատմամշակութային հուշարձանների տարածքում:

Քի՞չ է դա, թե՞ շատ: Իհարկե՝ քիչ է: Պետք է այդ տարածքներում իրականացվող գործունեությունը կանոնակարգել օրենքով: Այս բնագավառում օրենսդրական աշխատանքը չափից դուրս դանդաղ է ընթանում: Հավանաբար, իր դերն է խաղում խորհրդային ժամանակներից մնացած իներցիան` մշակույթի խնդիրները շարունակում են 10-րդ տեղում մնալ: Մասնավորապես, թանգարանների մասին օրենքը «թթու է դրվել» մի քանի տարով:

Բայց ասել, թե հասարակական բողոքն ապարդյուն էր, իհարկե, սխալ կլինի: Չլիներ բողոքը, վաղը մեր օլիգարխները այդ տարածքներում այնպիսի «քեֆեր» կկազմակերպեին, որ տեղի ունեցած «փարթի»-ներն ու «կորպորատիվները» չափազանց զուսպ կթվային: Չլիներ ընդդիմության եւ «Դեմ եմ»-ի բողոքը, բոլոր երիտասարդներից հիմա անարգել կխլեին իրենց աշխատավարձի 5 տոկոսները: Իհարկե, «կուտակայինի» վերաբերյալ կառավարության եւ Ազգային ժողովի տված ներկայիս լուծումները բավարար չեն: Բայց իրավիճակն այդ ոլորտում էապես ավելի բարվոք է, քան տարվա սկզբին:

Բոլոր դեպքերում վստահ եմ, որ այստեղ «Դեմ եմ» նախաձեռնության պայքարը պետք է շարունակվի: Թե չէ կստացվի, որ IT ոլորտի երիտասարդները պայքարում էին միայն իրենց համար, եւ երբ իրենց (իբր, երեք տարով) հանգիստ թողեցին, նրանք էլ հանգստացան: Պետական հիմնարկներում աշխատող երիտասարդները ՀՀ ճիշտ նույնպիսի քաղաքացիներ են, ինչպես մնացածները` նրանք աշխատում են պետության, ոչ թե իշխանության համար:
Նույնը` Աֆրիկյանների շենքը: Երբ 2001-2005 թվականներին մի քանի տասնյակ «Աֆրիկյանների շենքեր» էին քանդվում, առանձնապես բողոքի ալիքներ չկային: Նախ՝ ռեժիմն էր ավելի կարծր, հետո զարգացած չէին սոցիալական ցանցերը: Իսկ ամենակարեւորն այն է, որ նրանք, ովքեր այսօր 20-25 տարեկան են, այսինքն՝ մեր երրորդ հանրապետության հասակակիցները, այն ժամանակ 10-15 տարեկան էին եւ չէին կարող ակտիվորեն մասնակցել քաղաքացիական պայքարին: Իսկ հիմա ամեն ինչ կախված է նրանցից` եթե հետեւողական լինեն, Աֆրիկյանի տունն իր տեղում կմնա, եթե հոգնեն, հիասթափվեն, կքանդեն եւ քարերը կկորցնեն:

Հույս դնել քաղաքական գործիչների վրա՝ անիմաստ է: Նրանք, կախված նրանից՝ իշխանություն են, թե ընդդիմություն, մերթ մահակն են վերցնում եւ խփում մարդկանց գլխներին, մերթ այնպիսի դեմոկրատներ են դառնում, որ ակադեմիկոս Սախարովը նրանց կնախանձեր: Իշխանության գալու համար՝ քահանա, իշխանության գալուց հետո՝ սատանա. դա է քաղաքական պայքարի տրամաբանությունը: Ոչ միայն Հայաստանում:
Այլ է քաղաքական հավակնություններ չունեցող քաղաքացիների պայքարը: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը վերջերս ճիշտ է նկատել. պետք է ազատվել ճակատագրապաշտական տրամադրություններից՝ միեւնույն է, իշխանություններն ինչ կուզեն` կանեն: Դա փնթփնթան, մշտապես բողոքավոր, հիվանդ հասարակության կարգախոս է: Դա նաեւ կեղծ թեզ է. երբեք այդպես չի եղել, առավել եւս` հիմա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    Հարգելի Պարոն Աբրահամյան
    Լինելով ՏՏ ոլորտի ներկայացուցիչ (ծրագրավորող), իմաստ չեմ տեսնում պայքարելու պետական հիմնարկների այն աշխատողների փոխարեն (ուրիշ բան, եթե նրանք նույնպես պայքարեին), ովքեր ոչինչ չեն անում իրենց գումարը պահելու համար: Այդ հինարկների աշխատողների բացարձակ մեծամասնությունը քավորախնամիական կապերով է հայտնվել այնտեղ և աննշան պայքարի դեպքում հարվածի տակ կդնի ո’չ միայն իրեն, այպես էլ իրեն այնտեղ տեղավորողին: Ես պայքարել եմ իմ գումարի համար, և ոչ թե անօրինականության:
    Կարծում եմ, որ խաղաղ ցույցեր անելով օրենք չես հաստատի Հայաստանում:
    Ինչպես ասել էր մի խելացի մարդ (անունը չեմ հիշում), օգնել պետք է այն ընկածին, ով փորձում է ոտքի կանգել, և ոչ նրան, ով պարկած պահանջում է որ իրեն կանգնեցնեն:

  2. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի Կարապետ, նույն տրամաբանությամբ, մենք Ձեզ հետ չպիտի պայքարենք հոսանքի թանկացման դեմ, որովհետեւ ամիսը 3-4 հազար դրամը, որը հավելյալ պետք է մուծենք, մեզ համար մեծ գումար չէ: Բայց կան, չէ՞ քաղաքացիներ, որոնց համար դա մեծ գումար է: Կամ` ես, որ ծնվել եմ 1960 թվականին, չպիտի պաշտպանեմ նրանց իրավունքները, ովքեր ծնվել են 1974 թվականից հետո: Իսկ նրանք, ովքեր քաղաքում են ապրում, չպիտի հետաքրքրվեն այն հարցով, որ գյուղացիներին 24 տոկոսով վարկեր են տալիս եւ նրանք տնով-տեղով «տոկոսի տակ են»: Ես չեմ կարծում նաեւ, որ բոլոր ուսուցիչները կամ, ասենք, գրադարանների, թանգարանների աշխատակիչները աշխատանքի են տեղավորվել խնամիական կապերով:

    • Կարապետ says:

      Պարոն Աբրահամյան, ես նկատի ունեի, որ եթե պետական աշխատողները (բացառությամբ մի քանի տասնյակ ուսուցիչների) իրենք չեն պայքարում, ապա ո՞րն է իմաստը պայքարել նրանց փոխարեն։ Պետական ԲՈւՀ-երից մեկում, որում ես դասավանդում եմ, երիտասարդները չեն գալիս հանրահավաքներին, միայն դիմումներ են գրում, այն էլ միայն վերադասից թույլտվություն ստանալուց հետո։ Միակ բանը որ մեծ խանդավառությամբ անում են, դա խորհուրդներ տալն է ու քննդատելը, որ վճռական չենք և այսինչ ելույթը այպես պետք է հնչեր։ Շատ մանկապարտեզներում նույնիսկ չեն էլ բողոքում, քանի որ ունեն աշխատավարձից ավել “կողմնակի եկամուտ”, իսկ այդ 3-4000 դրամները ծնողներից հետ կբերեն։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30