Այսօր Երեւանի ավագանու նիստում ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել ԲՀԿ խմբակցության անդամ Ռաֆֆի Գյոզալյանի նախաձեռնությանը` «Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի հ.1-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշման նախագծին: Այդ նախագծով առաջարկվում էր ավագանու կանոնակարգում ամրագրել, որ յուրաքանչյուր նիստից հետո խմբակցություններն անցկացնեն ճեպազրույցներ, ինչպես, օրինակ, ԱԺ-ում են անցկացնում: ՀՀԿ-ի «դեմ» քվեարկելը հարուցել էր նախագծի երիտասարդ հեղինակի զայրույթը: Նա ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ քննադատելով ՀՀԿ խմբակցության անդամների պահվածքը:
Այս առնչությամբ Aravot.am-ը Երեւանի ավագանու անդամ, ՀՊՃՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ «դեմ» քվեարկեցին այդ նախագծին, տապալեցին այն եւ ինչպես կմեկնաբանի Ռաֆֆի Գյոզալյանի գնահատականը:
Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Հարցը ակնհայտորեն վատ էր նախապատրաստված եւ բավարար չափով հիմնավորված չէր: Ավելին, պարզ երեւում էր, որ զեկուցողը չի տիրապետում ներկայացվող հարցին: Մասնավորապես, նա այդպես էլ չկարողացավ բացատրել «ճեպազրույց» եւ «հարցազրույց» հասկացությունների տարբերությունը: Ճեպազրույցը, կամ այլ կերպ ասած, բրիֆինգն ունի «brief» արմատը, որը նշանակում է «կրճատ», «կարճ»: Իմաստային առումով դա պաշտոնական անձանց հանդիպումն է՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ, որտեղ կարճ ներկայացվում է, տվյալ դեպքում` խմբակցության տեսակետը ինչ-որ հարցի վերաբերյալ: Հարցազրույցը մամուլում որեւէ հարցի վերաբերյալ կարծիքի տարածում է, որը ԶԼՄ-ի ներկայացուցչի հետ իրականացվում է հարց ու պատասխանի տեսքով: Ըստ էության այս երկու հասկացությունները շատ բանով չեն տարբերվում իրարից; Ցավալի է, սակայն երիտասարդ ավագանին այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե ինչու է պետք ունենալ պարտադիր ճեպազրույցների կանոնակարգված անցկացման ինստիտուտ, երբ որեւէ մեկը նրան, կամ որեւէ այլ անձի չի արգելում բրիֆինգ հրավիրելու կամ հարցազրույց տալու: Ինձ, համենայն դեպս, թվաց, որ երիտասարդն օրենքի ուժով պարտադրված ճեպազրույցի հնարավորություն էր ուզում ստեղծել` մամուլի ուշադրության կենտրոնում ավելի հաճախ հայտնվելու համար: Անհասկանալի էր նաեւ Ազգային ժողովի կանոնակարգի հետ անընդհատ զուգահեռներ տանելը: Երեւանի ավագանու շատ անդամներ, այդ թվում` ես տարբեր ժամանակներում եղել են ԱԺ պատգամավոր, եւ գիտակցում են Ազգային ժողովի և Երեւանի ավագանու խնդիրների տարբերությունը: Իմ կարծիքով, երիտասարդ ավագանուն հարիր չէ «խրատներ կարդալ» ճանապարհ անցած եւ վերջապես լուրջ կրթություն ստացած իր գործընկերներին»:
Պարոն Թոքմաջյանը հիշեց Երեւանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանի կողմից վերջերս ասված մի պատմություն. «Գյումրիում Ամենափրկիչ եկեղեցու կառուցման ժամանակ Ուստա Թաթոսի աշակերտն անընդհատ փնթփնթում ու դժգոհում է կյանքից, իր կարգավիճակից, Վարպետի կողմից բավարար գնահատված չլինելու հանգամանքից, թե «Ուստա, ինչղ կէղնի, օր մենք իրար չենք հասկընա… »: Վարպետը ոչինչ չի պատասխանում: Անցնում են օրեր: Աշակերտը կրկին ու կրկին նույն հարցն է բարձրացնում, թե «Ուստա, ինչղ կէղնի, օր մենք իրար չենք հասկընա»… ու ճարահատյալ պատասխանում է Վարպետ Թաթոսը. «Օղուլ, ըդիք ընօրից է, օր դու քիչըմ քիչ կհասկընաս: Համ էլ շատ հասկընալու հմար երկար ճամփա պիտի անցնես»: Ասեմ, որ Ուստա Թաթոսը լեգենդար այն անձնավորությունն էր, որ նստում էր ֆայտոն, մեկնում Անի` ուսումնասիրելու Մայր Տաճարը: Հետո վերադառնում էր Գյումրի ու կառուցում Ամենափրկիչ եկեղեցին: Երբ քարը` քարին չէր համընկնում, նա նորից մեկնում էր Անի` ուսումնասիրությունները շարունակելու: Համոզված եմ, որ երիտասարդ ավագանին իր հաջորդ նախաձեռնության պատրաստմանն ավելի լուրջ կմոտենա: Ես, ամեն դեպքում, շատ կուզենայի, որ այդպես լիներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ