Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը փորձում է մտնել Հովիկ Աբրահամյանի աչքը՞

Հունիս 24,2014 22:53

Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց ոստիկանների «գազազած» պահվածքը կապում է Հայաստանի՝ Եվրասիական միություն անդամակցելու հետ:

«Եթե վերջին տարիներին ՀՀ իշխանությունները ձգտում էին ինտեգրվել Եվրոպա, փորձում էին ինչ-որ ձեւով զսպել բռնապետական հակումները, ցույց տալ, որ կարող են քաղաքակիրթ լինել, փորձում էին դերասանություն անել: Այն պահից, երբ քաղաքական վեկտորը Եվրոպական միությունից փոխվեց դեպի Մաքսային միություն, հետո Եվրասիական միություն, ապա նման դերասանություն անելու խնդիր այլեւս չունեն, ցույց են տալիս իրենց իրական դեմքը: Դա բռնապետական ոստիկանի դեմքն է»,- Aravot.am –ի հետ զրույցում ասաց պարոն Կիվիրյանը:

Ըստ նրա, Եվրասիական միությունում ընդունված են ոստիկանական բռնապետական մեթոդները. «Եթե նայենք, թե ոնց են ճնշվում ակցիաները Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, այդ նույն ձեռագիրը Հայաստանի իշխանությունները փորձում են կյանքի կոչել նաեւ այստեղ: Ցույց տալ, որ Եվրասիական միության անդամ երկրների նման երկիր են»:

Պարոն Կիվիրյանը ոստիկանների կիրառած բռնությունները պայմանավորում է նաեւ ծառայողական առաջխաղացումների նրանց ունեցած ակնկալիքներով. «Տարիներ շարունակ բռնություններ իրականացրած ոստիկանները ոչ միայն չեն պատժվել, այլեւ այդ բռնությունների շնորհիվ ծառայողական առաջխաղացումներ են ունեցել: Ներկայիս ոստիկանները նույն ձեւով են մտածում՝ եթե իրականացնեն այդ բռնությունները, ապա նույնպես կունենան առաջխաղացումներ: Շարքային ոստիկանները այսկերպ փորձում են մտնել իրենց վերադասի աչքը: Իր հերթին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ փորձում է, նման մեթոդներ կիրառելով, մտնել իր վերադասի` Սերժ Սարգսյանի աչքը»:

Նա չբացառեց նաեւ, որ ոստիկանապետի հրահանգով էին երեկ բռնությունների ենթարկվում ակտիվիստները, որովհետեւ նրանք հիմնականում «Դեմ եմ» նախաձեռնության ակտիվիստներն էին, որոնք վերջին ակցիաներից մեկի ժամանակ հրաժարվեցին հանդիպել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. «Չի բացառվում, որ Վովա Գասպարյանը, փորձելով իրականացնել այդ բռնությունները, փորձում է մտնել Հովիկ Աբրահամյանի աչքը` հասկանալով, որ Սերժ Սարգսյանը գնացող նախագահ է ու այդկերպ փորձում է ապահովել Հովիկ Աբրահամյանի ապագա թիմում իր տեղը: Գնալով ոստիկաններն ավելի բիրտ ուժ են կիրառելու ցանկացած ակցիայի մասնակցի նկատմամբ, քանի որ մինչ օրս ինչ բռնություններ կատարել են ոչ միայն մնացել է անպատիժ, այլեւ դա արդեն համարվում է իրենց համար հերոսություն ու պարտադիր պայման ծառայողական առաջխաղացումների համար»:

Ինչ վերաբերում է ոստիկանապետի հայտարարություններին` ոստիկանների վերափոխման վերաբերյալ, թե նրանք այլեւս չեն հարվածում, չեն ծեծում, պարոն Կիվիրյանն ասաց.«Նրա խոսքերն անհնար է լրջությամբ ընկալել: Եթե նայում ենք նրա նշանակման օրվանից մինչ օրս իր ողջ գործունեությունը, ապա այդ մարդը մշտապես ընկրկում է քրեաօլիգարխիայի ներկայացուցիչների հանցագործությունների առջեւ եւ փորձում է ինքնահաստատվել միայն ակտիվ քաղաքացիների դեմ բռնություններ իրականացնելու դաշտում»:

Պարոն Կիվիրյանը նաեւ պատմեց, որ երեկ Ազատության հրապարակում
քննարկել են` ինչպես դիմագրավել ոստիկանների այս ճնշումներին ու փորձել հասնել այն նպատակներին, որոնք դրվում են ակցիաների ժամանակ

«Որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ այս ձեւով ոստիկանությունը մշտապես իրականացնելու է բռնություններ, եւ ակցիայի մասնակիցները չեն կարողանալու հասնել ոչ միայն իրենց առաջ դրված նպատակների կատարմանը, այլեւ մշտապես հայտնվելու են ծեծված, ջարդված վիճակում հիվանդանոցներում եւ ոստիկանական բաժիններում»:

Նրա խոսքով, չորեքշաբթի երեկոյան քննարկումները շարունակելու են Աֆրիկյանների տան մոտ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30