Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ամենից շատ կատարվում են քթի պլաստիկ վիրահատությունները». Պլաստիկ վիրաբույժ

Հունիս 24,2014 21:47

Պլաստիկ վիրաբույժ Արմեն Հովհաննիսյանի խոսքերով ՝ Հայաստանում մարդիկ սկսել են ավելի շատ ձգտել լինել գեղեցիկ եւ երիտասարդ, այդ իսկ պատճառով պլաստիկ վիրաբուժության պահանջարկը աճել է

ՀՀ պլաստիկ վիրաբուժության ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանն այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում հայտնեց, որ Հայաստանում պլաստիկ վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության պահանջարկը տարեցտարի աճում է: Վիրաբույժը աճը պայմանավորում է մարդկանց ձգտումով լինել ավելի գեղեցիկ եւ երիտասարդ.  «Նաեւ պայմանավորում եմ ինֆորմացիայի մեծ ծավալով, որը շատ հասանելի է այսօր բոլորին, եւ դրսի աշխարհի հետ ավելի լայն կապեր ունենալու հետ»:

Պրն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ, ինչպես եւ տասը տարի առաջ, այսօր էլ ամենից շատ կատարվում են քթի պլաստիկ վիրահատությունները, հետո արդեն մնացածը՝ կրծքագեղձի, փորի, կոպերի, ականջախեցիների պլաստիկ վիրահատություններ, լիպոսակցիաներ եւ այլն:

Վիրաբույժի խոսքերով՝ երիտասարդ աղջիկները եւ տղաները ավելի շատ դիմում են քթի վիրահատության համար, իսկ արդեն ավելի մեծ տարիքային խմբի մարդիկ դիմում են տարիքային փոփոխությունների հետ կապված խնդիրները լուծելու համար. «Օրինակ` որովայնի առաջնային պատի դեֆորմացիաները շտկելու համար կամ կրծքագեղձերի իջեցում կատարելու համար»:

Ըստ Արմեն Հովհաննիսյանի տվյալների՝ ամեն տարի Հայաստանում պլաստիկ վիրաբույժները կատարում են մոտ 10 հազար վիրահատություն: ԱՊՀ երկրների տարածքում Հայաստանը առաջավոր տեղ է զբաղեցնում պլաստիկ վիրաբուժության ոլորտում: Պրն Հովհաննիսյանի խոսքերով՝ բացի հայ այցելուներից, վիրաբույժներին շատ են դիմում նաեւ արտասահմանից ժամանած հաճախորդները. «Հայաստանում վիրահատության որակի եւ արժեքի փոխհարաբերությունը շատ օպտիմալ է՝ ի օգուտ հիվանդի: Հիմնականում այցելուները Ռուսաստանից են, Եվրոպայից, ԱՄՆ-ից: Ու այցելուների մեջ ոչ միայն մեր հայրենակիցներն են, այլեւ բազմաթիվ այլազգիներ կան»:

Ասուլիսի ընթացքում Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ  Հայաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում անընդհատ նոր մեթոդներ են կիրառվում. « Փորձում ենք Հայաստան բերել լավագույն տեխնոլոգիաները, որովհետեւ շուկան հագեցած է բազմաթիվ անորակ թե՛ դեղորայքով, թե՛ տեխնիկայով, եւ թե՛ գործիքներով»:

Պլաստիկ վիրաբուժության մեջ կիրառվող նորագույն մեթոդներից պրն Հովհաննիսյանը առանձնացնում է բջջային տեխնոլոգիաները. «Սա այն մեթոդն է, երբ օգտագործվում են օրգանիզմի բջիջները՝ ցողունային բջիջները: Օրինակ` այսօր արդեն հնարավոր է կատարել կրծքագեղձի մեծացում ՝ սեփական ճարպային բջիջների միջոցով: Բջիջները նաեւ օգտագործվում են մաշկի, դեմքի երիտասարդացման նպատակներով»:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30