Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ հունիսի 23-ին, Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ քաղաքացիները դուրս էին եկել պայքարի՝ ընդդեմ կառույցի ապօրինի ապամոնտաժման: Բողոքի ցույցն արդեն ինչ-որ չափով հանդարտվել էր, երբ քաղաքացիների շարքում երեւաց հայտնի դերասան Հովհաննես Ազոյանը:
Լրագրողների հետ զրույցում կատարվողի մասին նա ասաց. «Տեղյակ եմ, որ սա պատմամշակութային շենք է, լավ կլինի, եթե նորն են ուզում կառուցեն, չքանդեն, լավ դիզայներներ կան, որ կարող են հինը պահպանելով՝ ստեղծեն նաեւ նորը»,- ասաց նա՝ ավելացնելով,- «հիմա, որ սա արժեք է ներկայացնում, ինչի՞ են քանդում»:
Կարդացեք նաև
Ա1+-ի լրագրողի հարցին, թե ինչպես է վերաբերում ակցիաների ժամանակ ոստիկանների պահվածքին, դերասանը պատասխանեց. «Ես ուզում եմ, որ մեր բողոքի ակցիաները, որ անում են քաղաքացիները, պետք է անեն շատ կոռեկտ, առանց վատ տեքստով, առանց հայհոյելու: Մենք պետք է բարձր կոռեկտություն դրսեւորենք, որպեսզի ոստիկաններին խոսելու հնարավորության անգամ չտանք: Դրանից հետո, եթե ոստիկանները կպահեն իրենց, ինչպես երեկ պահեցին, ուրեմն մենք ոստիկանություն չունենք»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ