Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային այսօրվա նստաշրջանում հակահայկական ելույթներ են հնչել, իսկ հայկական պատվիրակության անդամները, կարելի է ասել, «բերանները ջուր էին առել ու նստել»:
ԵԽԽՎ-ում Հայաստանը ներկայացնում են Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ), Նաիրա Կարապետյան (ՀՀԿ), Լեւոն Զուրաբյան (ՀԱԿ), Արմեն Ռուստամյան (ՀՅԴ), Վահե Հովհաննիսյան (ԲՀԿ),Նաիրա Զոհրաբյան (ԲՀԿ), Մհեր Շահգելդյան (ՕԵԿ):
Aravot.am-ի հետ զրույցում ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանն, որն այս պահին գտնվում է Բրյուսելում` ԵԽԽՎ նստաշրջանում, նշեց, որ պատվիրակության նման թույլ կազմ, որը հիմա ներկայացվում է ԵԽԽՎ-ում Հայաստանը երբեք չի ունեցել:
Պարոն Իգիթյանի խոսքերով` «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը
1 ժամից ավել ելույթ ունեցավ` թե ինչպիսի տնտեսական զարգացում ունեն, ինչպիսի միջազգային լավ համբավ ունենի, ինչ մեծ ձեռքբերումեր ունեն մարդու իրավունքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում: Բայց ելույթի զգալի մասը վերաբերում էր Հայաստանին, անուղղակի ձեւով` Ղարաբաղին, անընդհատ շատ կոպիտ զրպարտություններ էին հնչում մեր հանդեպ եւ ԼՂՀ հարցը խեղաթյուրված կերպով ներկայացվում էր եվրոպական հանրությանը եւ այս ամբողջ ընթացքում հայկական պատվիրակությունը նստած, նույնիսկ, ես ժպիտ տեսա որոշ պատվիրակների շրջանում, եւ որեւէ արձագանք մեր պատվիրակության կողմից չեղավ»:
Կարդացեք նաև
Հայկական պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը փոխանակ ակտիվություն ցուցաբերի ԵԽԽՎ նստաշրջանում, փոխարենը ակտիվ է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ գրել է` մինչ Իլհամ Ալիեւ ելույթ էր ունենում, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այդ երկրում քաղբանտարկյալների եւ մարդու իրավունքների խախտումների խնդրի վերաբերյալ Ստրասբուրգում բերանները կապած ակցիա էին կազմակերպել:
Պարոն Իգիթյանի դիտարկմամբ` շատ տարօրինակ է այն հանգամանքը, որ հերթագրված հարց տվողների ցուցակում չկար Հայաստանի որեւէ ներկայացուցչի անուն, եւ նույնիսկ ՀՀ պատվիրակությունը մեկ գործընկեր պատվիրակություն չի գտել ԵԽԽՎ-ում, որպեսզի Հայաստանի վերաբերյալ հարցեր հնչեցնի. «Սա անընդունելի է»:
Ի՞նչն է պատճառը, որ հայկական պատվիրակությունը նման պասսիվ պահվածք է դրսեւորել, Aravot.am-ի այս հարցին Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես 2 հանգամանք կնշեմ, նախ`Հայաստանի արտաքին քաղաքականության գծի հետ կապված. այն հանգամանքը, որ Հայաստանը բացահայտ վերցրել է պրոռուսական ուղղվածություն, եւ Ռուսաստանի կողքին է կանգնել, սրանով Ռուսաստանի վարկաբեկված լինելը տարածվել է նաեւ Հայաստանի վրա: Այսինքն` Հայաստանը համարվում ոչ եվրոպական, հակաեվրոպական էլեմենտ Եվրոպայում, եւ դա երեւում է սկսած ԵԽԽՎ շատ անդամների եւ ԵԽԽՎ-ի նախագահ ֆրանսիացի Անն Բրասյորի հայտարարություններից` կապված Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, եւ վերջացրած եվրոպական այն բոլոր ներկայացուցիչներից, որոնք առնվազն ցույց են տալիս պրոադրբեջանական մոտեցում: 2-րդ պատճառը` անձնական հարց է պատվիրակության կազմի հետ կապված: Իմ կարծիքով, այսպիսի թույլ պատվիրակություն ԵԽԽՎ-ում Հայաստանը երբեք չի ունեցել: Պետք է մի քանի չափանիշներին, անպայման, համապատասխանեն, նախ` լեզուն, ամեն տեղ փորձում են ռուսերեն խոսել, Եվրոխորհուրդը այն կազմակերպությունն է, որտեղ կա 2 պաշտոնական լեզու` անգլերեն եւ ֆրանսերեն, բացի այն, որ պատվիրակների հիմնական մասը անգլերեն է խոսում, պետք է կարողանալ ամեն մեկի հետ առանձին աշխատել, պետք է շփման մեջ ճկուն լինեն, պետք է լեզվին տիրապետել, իսկ հայկական պատվիրակությունն այստեղ մեկուսացված է, դա է պատճառը, որ որեւէ մեկը Հայաստանին չի պաշտպանում: Մյուս խնդիրը` հայկական պատվիրակները չունեն Հայաստանի հստակ գիծը, որ թղթով վեր կենան ու հնչեցնեն Հայաստանի տեսակետ, օրինակ` ԼՂՀ-ի հետ կապված: Ես չգիտեմ, գուցե ելույթի համար հերթագրվել են մեր պատվիրակության անդամները,, բայց նրանց չեն ընդգրկել, դա խոսում է նրա մասին, որ նրանք պրոցեդուրան չգիտեն, եւ չեն կարողանում ժամանակին գրվել` հարց տալու համար, կամ ուղղակի իրենց չեն ընդգրկում, որովհետեւ արհամարհում են»:
Նշենք, որ պարոն Իգիթյանի հետ մեր հարցազրույցից հետո, տեղեկացանք, որ հայկական պատվիրակության անդամներից մեկը ԵԽԽՎ նստաշրջանի նիստի ընդմիջումից հետո ելույթ ունեցել է, սակայն ոչ ԼՂՀ հարցի վերաբերյալ, այլ` Ադրբեջանում կոռուպցիոն վիճակի մասին:
Իսկ մինչ ընդմիջումը, ըստ ինչպես վստահեցրել է պարոն Իգիթյանը, Ալիեւը 1 ժամ 10 րոպե ելույթ է ունեցել, մերոնք ոչ հարց են տվել, որ տեղից ռեպլիկ են արել, ոչ էլ փորձել են խանգարել ելույթը, բոյկոտել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ