Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Քոչարյանը թող գնա ընդդիմության հետ հարթակում կանգնի եւ ասի՝ կորչի Ամերիկան»

Հունիս 24,2014 19:40

«Մենք քիչ հակառակորդներ ունենք, հիմա էլ Ամերիկային ենք հա՞ նեղացնում, թե փոշմանել ենք, չենք ուզում այդ ՀԷԿ-ը վաճառել քեզ: Այսինքն, հակաամերիկյան ակցիա՞ կատարենք, հիմա էլ ԱՄՆ-ին նեղացնե՞նք»,- Aravot.am-ի հետ զրույցում ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Որոտան» ՀԷԿ-ի վաճառքի հետ կապված քննադատությանը:

Yerkir.am-ին տված հարցազրույցում երկրորդ նախագահն անդրադարձել էր «Որոտան» ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման գործարքին եւ հայտարարել, որ այն անօրինական է, քանի դեռ ուշ չէ, պետք է հրաժարվել վաճառքից: Նա վստահեցրել էր, որ վաղ թե ուշ այդ գործարքի հետ առնչություն ունեցած անձինք պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ըստ Ազատ Արշակյանի, եթե ՀՀ անվտանգության դիմաց, ՀՀ քաղաքացիների բարեկեցության դիմաց պահանջվում է բոլոր ՀԷԿ-երը եւ ատոմակայանն էլ վրան անվարձահատույց հանձնել որեւէ մեկին ու դրա դիմաց ստանալ անվտանգության երաշխիքներ, բարեկեցության երաշխիքներ, այսինքն՝ ներդրումներ, տնտեսական աճ, ապա ինքը համաձայն է տալ դրանք ԱՄՆ-ին անվարձահատույց՝ սիմվոլիկ 1 դոլարով: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, դա, ըստ պարոն Արշակյանի, հակաարեւմտյան ակցիա է եւ փորձ՝ նեղացնելու ԱՄՆ-ին:

Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ վաճառքի համաձայնագրից այնպիսի տպավորություն է ստացել, ասես հայկական կողմն ընդհանրապես չի մասնակցել դրա մշակմանը: Ազատ Արշակյանի խոսքերով՝ «Հիմա ուզում է ասել, որ իշխող քաղաքական ուժը ուրի՞շ երկրի շահերից է ելնում: Այսինքն, ինքը հայտարարում է, որ գործող իշխանության ներկայացուցիչները, որոնք 90 տոկոսն իր կադրերն են, հայրենիքի դավաճաննե՞ր են: Դե թող ասի: Թող ասի, որ ես սխալ եմ արել ժամանակին, որ այսպիսի իշխանություն եմ ձեւավորել եւ ժառանգություն եմ թողել: Կարծեմ միայն Մարգարիտ Եսայանն է, որ իր կադրը չի: Բոլոր մարդիկ, ովքեր իշխանությունում են, նրանք ներգրաված են այդ ծրագրում, նրանք քաղաքական կուրսն են ապահովում: Իսկ այդ քաղաքական կուրսն ապահովող մարդիկ բոլորն էլ իր կադրերն են, բացի Մարգարիտ Եսայանից: Բոլորին ինքն է դրել՝ այդ խայտառակ ծրագիրը կատարելու համար»:

Մեր հարցին՝ այսինքն, ինքն էլ ունի դրանում իր մեղավորության չափը եւ հիմա պահանջելու ոչինչ չունի՞՝ Ազատ Արշակյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ինքը ինչքան որ ուրիշին է մեղադրում, ճիշտ այդքան էլ ինքը մեղք ունի: Հիմա Ռոբերտ Քոչարյանը ե՛ւ ԱՄՆ-ին է դեմ, ե՛ւ իր թողած իր գործընկեր իշխանությա՞նն է դեմ: Եթե ինքը համերաշխ է միայն այն ընդդիմության հետ, որը դեմ է այս ծրագրին, թող գնա այդ ընդդիմության հետ հարթակում կանգնի եւ ասի՝ կորչի Ամերիկան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30