Նավարրայի ինքնավար համայնքի խորհրդարանը հունիսի 23-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն է ընդունել, որը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության՝ խորհրդարանականներին Հայաստան և Լեռնային Ղարաբաղ այցեր կազմակերպելու արդյունքն է:
Հայտարարությունում ասվում է՝ «համաձայն 1987թ. հունիսին Եվրոխորհրդարանի ընդունած բանաձևի, որը վերահաստատվել է հետագայում ընդունած բանաձևերով (2002թ. փետրվարի 28, 2004թ. ապրիլի 1), հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը իսկական ցեղասպանություն է»:
ՀԵԲ-ի տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան հայտնել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Նավարրայի հայտարարությունը ցույց է տալիս Հայ ժողովրդի նկատմամբ եվրոպացիների համերաշխությունը. «ՀԵԲ-ը հպարտ է, որ իր ցանցի արդյունավետ աշխատանքի շնորհիվ, Եվրոպայում ավելի ու ավելի առանցքային կողմեր են իրազեկվում այս կարևոր հարցի մասին», – ասել է Օչոան:
Հայտարարությունը դատապարտում է Թուրքիայի ներկայիս վարած քաղաքականությունը և կոչ է անում «համերաշխ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ սկսել Հայաստանի հետ, և սահմանային վեճը լուծել խաղաղ ճանապարհով»: Նաև ասվում է, որ որպես Եվրոմիության թեկնածու երկիր Թուրքիայից պետք է պահանջվի ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը:
Նավարրան 650 հազար բնակչություն ունեցող պրովինցիա է Իսպանիայի Հյուսիսում: Այն արդեն 4-րդ շրջանն է այդ երկրում, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Մինչ այս ճանաչել էին Կատալոնիան, Բասկոնիան և Բալեարյան կղզիները:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ