ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հունիսի 23-ին ընդունել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամ մի խումբ մանկավարժների՝ լսելու նրանց բողոքը «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ փոփոխված օրենքի վերաբերյալ:
Մանկավարժներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնել օրենքի վերաբերյալ՝ նշելով, որ այն հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ին կայացված որոշմանը և ՀՀ մի շարք իրավական ակտերի, այլև ՀՀ Հանրային խորհրդի բանաձևին: Նրանց խոսքով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի, նախագիծ մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծն ազդեցության գնահատողներին ներկայացնելու հետ մեկտեղ կազմակերպում է նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ, որոնց նպատակը նախագծի մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց իրազեկումն է, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքումն ու դրանց հիման վրա նախագծի անհրաժեշտ լրամշակման աշխատանքների իրականացումը, մինչդեռ օրենքն ընդունվել է առանց հանրային քննարկումների:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամ-մանկավարժներն առաջարկել են Հանրային խորհրդում կազմակերպել հանրային քննարկումներ վիճահարույց օրինագծի վերաբերյալ, որի ընթացքում հանրության լայն շերտերը հնարավորություն կունենան իրենց տեսակետները հայտնել:
Վազգեն Մանուկյանի հանձնարարականով հաջորդ օրը՝ հունիսի 24-ին, Հանրային խորհրդում կազմակերպվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀԽ նախագահը, ՀԽ անդամներ, ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը, ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Հայրապետյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, ինչպես նաև «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ ու մանկավարժներ:
Կարդացեք նաև
Վերջիններս ներկայացրել են իրենց մտահոգությունը՝ կապված օրենքի կիրառման հետևանքով դպրոցում առաջացած խտրականության դրսևորման հետ, բարձրաձայնել մանկավարժի խիստ ցածր աշխատավարձի և ոչ լրիվ դրույքաչափով աշխատելու պայմաններում պահվող գումարի բացասական ազդեցության, ինչպես նաև ս.թ. հուլիսի մեկից պետական ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման պարագայում մանկավարժների աշխատավարձերի չնչին փոփոխությունների մասին՝ նշելով, որ սոցիալական վճարների գանձման դեպքում հաճախ բարձրացումը մի քանի հարյուր դրամ է կազմելու:
«Դեմ եմ»-ի ակտիվիստները նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված մտահոգությունները չեն նվազել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է: Նրանք բարձրացրել են նաև հանրության կողմից իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հարցը և կարևորել երկրում ինտելեկտուալ ռեսուրսի գնահատման անհրաժեշտությունը:
Պետական կառույցների պաշտոնյաները փորձել են պարզաբանումներ տալ բարձրացվող հարցերի վերաբերյալ, ներկայացնել օրենքի փոփոխման արդյունքում ի հայտ եկած առավելությունները՝ միաժամանակ նշելով, որ սա ծանր բարեփոխում է և չի կարող ցնցումներ չառաջացնել հասարակական որոշ շերտերում:
Քննարկման ավարտին ՀԽ նախագահը հայտնել է, որ խորհրդում կստեղծվի աշխատանքային խումբ, որը քննարկումներ կանցկացնի շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, կամբողջացնի բարձրացված հարցերը, մտահոգություններն ու առաջարկները և կներկայացնի դրանք ՀՀ նախագահին ու ՀՀ կառավարություն: