Նրանք Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նաեւ չհիշեցին, թե տեսել են իրենց օպերատիվ հետախուզության վարչության նախկին աշխատակից, դասախոս, մեղադրյալ Արտակ Ղուկասյանին ծեծված: Մինչդեռ Արտակ Ղուկասյանը հայտարարություն է տվել իրեն խոշտանգելու, առեւանգելու, իր եւ իր ընտանիքի բիզնեսն իրենից խլելու մասին:
Սպասվում էր, որ այսօր դատարան կներկայանա Ազգային ժողովի պատգամավոր, հանրապետական Վահրամ Մկրտչյանը: Սակայն նա դատարան չներկայացավ: Արտակ Ղուկասյանի դեմ հարուցված քրեական գործով մինչ օրս դատարան է ներկայացել 6 անձ: ՊԵԿ-ի նախկին աշխատակցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումարների է տիրացել: Տուժողների մեծ մասը ՊԵԿ-ի աշխատակիցներ են:
Դատարան ներկայացած Աշոտ Բագրատունյանն ասաց, որ աշխատում է ՊԵԿ-ի օպերատիվ վարչությունում:
Նա 20 000 դոլարին համարժեք գումար է տվել Ա.Ղուկասյանին, փոխառության պայմանագրով: Ասաց, որ որեւէ նպատակ չի հետապնդել, չի իմացել, որ իրենց աշխատակիցն ունի գրավատներ, տարադրամի փոխանակման կետեր: Տուժողն ասաց, որ գումարի կեսն Ա.Ղուկասյանը վերադարձրել է, եւ ինքը կցանկանար, որ 10 000 դոլարի կարգի համարժեք գումարն էլ ստանար:
Կարդացեք նաև
Արագածոտնի մարզի դատախազի տեղակալ վերջերս նշանակված, այս գործով մեղադրող Պավել Գյուլումյանը հարցրեց, թե ծանո՞թ է եղել Ա.Ղուկասյանի բիզնեսին: Տուժողը տվեց բացասական պատասխան:
Իսկ Ա.Ղուկասյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանի հարցին էլ, թե երբ պիտի գումարը վերադարձվեր, ՊԵԿ աշխատակիցը պատասխանեց՝ մինչեւ 2012թ.հունիսի 1-ը:
Մինչ Արտակի բռնվելը տուժողը տեսել էր նրան, փողոցում, այն հարցին էլ, թե ծեծի հետքեր տեսել է նրա վրա, պատասխանեց՝ չի տեսել:
Արտակ Ղուկասյանը դիմեց իր նախկին գործընկերոջը.
-Եթե գործերս չձախողվեին, այդ գումարները ժամանակին կտրվեի՞ն:
Հետեւեց պատասխանը.
-Պարզ է, որ կլինեին:
Երկրորդ վկան ավտոսերվիսի աշխատակից էր՝ Հայկ Ասատրյանը: Նա ասաց, որ 150 000 դոլար գումար է տվել Արտակ Ղուկասյանին: Առաջին անգամ 60 հազար դոլար գումար է տվել, ապա երեք անգամ 30 000-ական դոլար գումար:
Նա նույնպես պնդեց, որ շահ չի հետապնդել, եկամուտ չի ունեցել, ձեռի հետ էլ ասաց, թե հրաժարվում է 30 հազար դոլար գումարից, պահանջում է միայն 120 000 դոլար գումարը:
Տուժողին տրված հարցերի ժամանակ պարզվեց, որ եղել է ամիս, որ նրան Ա.Ղուկասյանը տվել է 500 000 դրամ գումար, նաեւ՝ 600 000 դրամ:
Նա էլ ծեծված չէր տեսել Արտակին: Արտակի կինը դատական նիստի ավարտից հետո նրան հարցրեց, թե դու ոնց ես ստում, միթե դու չես տեսել: Վկան ոչինչ չասաց:
Այս վկան էլ առանց Արտակի գիտության վաճառել էր նրա մեքենայում հայտնաբերված զենքը, փաստաթղթերը հանձնել ինչ-որ մարդկանց, իր ասելով՝ Արտակի զանգից հետո:
Մեղադրողի հարցին էլ, թե տոկոսով եք գումարը տվել, տուժողն ասաց, որ տոկոսի մասին խոսք չի եղել:
Պաշտպան Հակոբ Ճարոյանը հրապարակեց մեղադրական եզրակացության այն հատվածը, համաձայն որի, Արտակ Ղուկասյանը պայմանագրով պարտավորվել էր Հ. Ասատրյանի հետ ամեն ամիս իր եկամուտը հավասար կիսելու պայմանով համագործակցել:
Տուժողն ասաց, որ կարդացել է պայմանագիրը, նման բան գրված չի եղել:
Արտակ Ղուկասյանի քրեական գործով դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 2-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ