Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէի գալիս Հայաստան, որովհետև չէին հրավիրում». Ջորջ Փեհլիվանյան

Հունիս 24,2014 17:43

12 տարվա բացակայությունից հետո աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով կրկին հանդես կգա հայրենիքում:

«Թե ինչու այսքան տարի սպասեցինք, ես էլ չգիտեմ: Ես չեմ սիրում ինձ ցուցադրել և գնում եմ այնտեղ, որտեղ ինձ հրավիրում են: 12 տարի սպասեցինք, որովհետև ոչ մեկը չէր հրավիրում, եթե հրավիրեին, ավելի շուտ կգայի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Հայաստանից իր երկարամյա բացակայությանը, ասաց դիրիժորը:

Համերգը, որը «Սպասված վերադարձ» խորագիրն է կրում, տեղի կունենա հունիսի 28-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, և նվիրված կլինի դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանի 50-րդ տարեդարձին:

«Ես շատ ուրախ եմ, որ 50-ամյակս հայրենիքում եմ նշելու,- ասում է Ջ. Փեհլիվանյանը:- Թեև արդեն հիսուն տարեկան եմ, բայց ինձ այդքան չեմ զգում, երիտասարդ եմ: Բայց հուսով եմ, որ հիսուն տարեկանի փորձառություն ունեմ, որը կարևոր է երիտասարդներին փոխանցելը»:

Հոբելյանական համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը դիրիժորի ղեկավարությամբ կկատարի Չայկովսկու, Միրզոյանի, Կոմիտասի և Ասլամազյանի հայտնի ստեղծագործությունները:

Դիրիժորն ասում է, որ Երևանը շատ է փոխվել. «Երբ օդանավն արդեն վայրէջքի էր պատրաստվում, ինձ զարմացրեց օդանավակայանի տեսքը. ամեն ինչ նորոգված է, և ես, կարծեք թե, եվրոպական որևէ քաղաքում լինեի: Մտածեցի՝ սա չի կարող Երևանը լինել: Իսկապես շատ ուրախ եմ վերադառնալ Հայաստան: Եվ առավել ուրախ եմ, որ տասնհինգամյա որդուս հետ եմ վերադարձել»,- ասում է Ջ. Փեհլիվանյանը:
Ֆրանսիայում բնակվող հայազգի դիրիժորը հպարտ է, որ իր երեխաները հայերեն են խոսում, թեև հայկական դպրոց երբեք չեն հաճախել. «Շատ կարևոր է հայ ոգին ողջ պահելը, իսկ ոգին միայն մայրենի լեզուն պահելով է ողջ մնում, մշակույթը լեզվով են պահում,- համոզված է Ջ. Փեհլիվանյանը,- եթե հայերեն չհասկանան, հայերեն չկարողանան խոսել, արդեն ինչ-որ շատ կարևոր մի բան պակաս կլինի նրանց կյանքում: Նրանց մայրը ֆրանսիացի է, բայց ես երեխաներիս հետ միշտ հայերեն եմ խոսում»:
Վերադառնալով համերգներին՝ դիրիժորն ասաց, որ աշխարհի շատ ու շատ երկրներում է համերգներ ունեցել, բայց դրանցից լավագույնները Հայաստանում 90-ականների սկզբին տրված համերգներն են. «Հայ երիտասարդ հանդիսատեսի համար ես գուցե օտար եմ, բայց ես օտար չեմ,- ասում է դիրիժորը,- ես ավելի վաղ եմ եղել այստեղ՝ 92-ից հետո, երբ մութ էր ու ցուրտ, երբ նույնիսկ հաց չկար: Այդ դժվարագույն տարիներին եմ ես եղել Հայաստանում և աշխատել այստեղ: Սրանք շատ յուրահատուկ ժամանակներ էին: Երբ դժվարության մեջ ենք ապրում, զգացողություններն ավելի զորավոր են լինում: Ես հիշում եմ այդ ժամանակները, որոնք ինձ վրա խորը հետք են թողել»:

Ջ. Փեհլիվանյանի՝ Հայաստան վերջին այցից արդեն 12 տարի է անցել, և նա մեծ ցանկություն ունի տեսնելու ու համեմատելու այն ժամանակվա և այսօրվա հանդիսատեսին. «Անպայման պիտի տեսնեմ ու զգամ տարբերությունները, պիտի իմանամ՝ ինչն է փոխվել տարիների ընթացքում»,- ասաց նա:

Ջ. Փեհլիվանյանը հույս հայտնեց, որ իր վերադարձը մի նոր սկիզբ կդառնա, և այցելությունները հայրենիք շարունակական կլինեն, բայց ամեն ինչ միայն իրենից չի կախված. «Ինչպես ասում են, տանգոն մենակ չեն պարում. երկու հոգի է պետք, ես պատրաստ եմ և միշտ էլ պատրաստ եմ եղել: Նորից եմ ասում՝ չէի գալիս, որովհետև չէին հրավիրում: Նախապես ծրագրեր չեմ կազմում, ես արվեստագետ եմ, իսկ արվեստագետները զգացմունքային մարդիկ են: Այնպես որ, հետագա անելիքներս կորոշեմ ըստ այն վերաբերմունքի, որը Հայաստանում կցուցաբերեն իմ հանդեպ»,- ամփոփեց դիրիժորը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30