«Ադրբեջանը կոռուպցիայի դեմ պայքարում մեծ փորձ ունի և կարող է իր փորձով կիսվել եվրոպական երկրների հետ»,-այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանում հնչեցրած իր ելույթում այսպիսի արտահայտություն արեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նման զավեշտալի արտահայտությունների պակաս Ալիևի ելույթում չէր զգացվում: Օրինակ` Ալիևը նշեց` ինչպե՞ս կարող է մի երկրում խնդիրներ լինեն մամուլի ազատության ոլորտում, երբ ամեն գյուղ և քաղաք ունի ինտերնետ: Կամ հայտարարեց, թե «Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան»:
Մինչ Իլհամ Ալիևը ելույթ էր ունենում, Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այդ երկրում քաղբանտարկյալների և մարդու իրավունքների խախտումների խնդրի վերաբերյալ Ստրասբուրգում բերանները կապած ակցիա էին կազմակերպել (գլխավոր լուսանկարում): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանը:
Ելույթից հետո Ալիևը պատասխանեց ԵԽԽՎ պատվիրակների հարցերին: Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձև ներկայացրած Իռլանդիայի պատվիրակ Մայքլ Մաքնամարան, հայտարարեց, թե «Ամնեսթի ինթերնեյշնըլ» -ի տվյալներով` Ադրբեջանում կա 39 քաղբանտարկյալ, իսկ վերջին նախագահական ընտրությունները կեղծվել են: Այս հարցը ընդունվեց պատվիրակների ծափերով: Ալիևը հակադարձեց. «Ադրբեջանում չկա որևէ քաղբանտարկյալ: Դա ստի վրա հիմնված տեղեկություն է: Դուք փորձում եք վիրավորել Ադրբեջանին: Ես նաև գիտեմ, թե որն է այդ աղբյուրը և որ դա ունի աշխարհաքաղաքական դրդապատճառ: Այդ թուղթը տվել է ձեզ նա, ով հետաքրքրված է Ադրբեջանին հարված հասցնելով»: Երբ Մաքնամանը հակադարձեց, Ալիևը նրան «տղայական զրույցի» հրավիրեց` ասելով, եթե քննարկելու բան կա, ապա կարող են առանձին դա անել:
Պատվիրակներից մեկն էլ հիշեցրեց իրավապաշտպան Լեյլա Յունուսի հանդեպ կիրառվածը:: Փոխարենը Ալիևը վստահեցրեց, թե երկրում խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանությունը չի տարբերվում եվրոպական երկրներից: Լեյլա Յունուսի մասին էլ ասաց. «Չկար կոպիտ վերաբերմունք, գուցե նրա՞ կողմից կար կոպիտ վերաբերմունք ոստիկանի նկատմամբ, ում վրա նա հարձակվել էր »:
Պատվիրակները Ալիևին հիշեցրին նաև մի շարք լրագրողների ազատազրկման փաստը Ադրբեջանում: Ալիևը, մատ թափ տալով, հայտարարեց, թե Ադրբեջանում որևէ լրագրող չի գտնվում ազատազրկման մեջ:
Կարդացեք նաև
Պատվիրակները հակադարձեցին Ալիևի`երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության դիտարկումները`փաստելով, թե հազարավոր մարդիկ չեն կարողանում մուտք գործել Ադրբեջան, քանի որ «սև ցուցակում» են:
Կեղծված ընտրությունների վերաբերյալ հարցին Ադրբեջանի նախագահը պատասխանեց, թե հազարավոր հարցումներ են իրականացվել, զեկույցներ գրվել, որոնք վկայում են այն մասին, որ ընտրություններն արդար ու թափանցիկ են անցկացվել: Ու հավելեց. «Դուք այստեղ ստում եք»:
Անդադառնալով Անն Բրասյորի այն դիտողությանը, թե ինչու են Ադրբեջանի պատվիրակությունում միայն տղամարդիկ, Իլհամ Ալիևը նշեց, որ Ադրբեջանում կանայք ունեն տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, և ինչ վերաբերում է պատվիրակության կազմին, ապա այնտեղ կանայք ներկայացված են հավասարապես:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ