Աֆրիկյանների ակումբի շենքի մոտ ակտիվիստները շարունակում են իրենց պայքարը՝ հարվածելով թիթեղյա պարիսպներին եւ կոչելով՝ «չեք քանդելու, ա-մոթ»:
Ակտիվիստներից Կարեն Հարությունյանը մոտենալով Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ներկայացրեց մշակույթի նախարարության կողմից կնքված փաստաթղթի պատճենը, որով պետք է կասեցվեր շենքի ապամոնտաժումը: Կարեն Հարությունյանը դիմեց ոստիկանապետին, ասելով, թե ցանկանում են, որպեսզի ինքը միջնորդ դառնա եւ չթույլատրի ապամոնտաժումը, ինչից հետո իրենք կդադարեցնեն իրենց ակցիան:
Կարդացեք նաև
Վալերի Օսիպյանն ասաց, որ իրենք իրավասու չեն նման բան անել, իրենք հասարակական կարգն են պահպանում: Կարեն Հարությունյանն ասաց, որ ոստիկանությունը պետք է գնա ահազանգի հետքերով. այս դեպքում իրենք քաղաքացիներ են, որոնք ահազանգում են ապօրինության մասին: Լրագրողների հետ զրույցում Օսիպյանն ասաց, որ դա ընդամենը թղթի պատճենն է եւ իրենից որեւէ փաստ չի ներկայացնում: Նա չընդառաջեց ակտիվիստներին:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ