Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Armenia Today կայքի վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գործով որպես վկա ընդգրկված Վանաձորի բնակիչ, երթուղային տաքսու վարորդ Վահրամ Մնացականյանի չներկայանալու պատճառով դատական նիստը հետաձգվեց:
Դատախազը միջնորդեց հրապարակել վկայի նախնական ցուցմունքները:
Իսկ Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պնդեց, որ վկան պետք է հանվի դատակոչի ցանկից: Նրա խոսքով, նախաքննական ցուցմունքները կարելի է հրապարակել, եթե իրականում նրա ներկայությունը հնարավոր չէ ապահովել. «Կա մի անհայտ անձնավորություն, որի բնակության վայրում չգիտեն` ով է: Աբսուրդի ենք վերածում, չգիտենք նման վկա գոյություն ունի՞, թե՞ ոչ»:
Հետո դատախազից հետաքրքրվեց, թե ո՞ր գործողությունների արդյունքում հայտնի դարձավ, որ վկան Վանաձորում է ու վարորդ է:
Կարդացեք նաև
Արգիշտի Կիվիրյանն էլ շարունակեց. «Նիստից նիստ զբաղված եք մի վկայի հայտնաբերմամբ, որը գոյություն չունի, նույն ձեւով ՀՔԾ քննիչ Լյովա Մելքոնյանը մի քանի ցուցմունք կարող է լրացնել Անաստաս Միկոյանի, ուրիշների անունից եւ դատարան ներկայացնել ու այդ հիմքերով փորձեն հիմնավորել ինձ առաջադրված մեղադրանքը: Ակնհայտ է, թե գործն ինչ փնթի ձեւով է քննվել, այստեղ քննություն էլ չկա, եղել է պատվեր, եւ այդ պատվերի շրջանակներում գործը հաստացրել են մեռած հոգիներով»:
Մեղադրողն էլ զայրացավ` ինչ «մեռած հոգիներ». «Դատարանի գրություն է ուղարկել ոստիկանությանը, որ այդ մարդուն գտնեն, այդ գրության հիման վրա մարդուն գտել են, ես էլ տեղեկացել եմ, որ գտել են: Ցեխ գցել ու ասել, թե մարդը գոյություն չունի, քննիչը գործողություն է կատարել»:
Պարոն Կիվիրյանն էլ շարունակեց. «Որտեղի՞ց է տաքսիստ Վահրամ Մնացականյանը հայտնվել քննիչի սենյակում, այդ հարցին որեւէ ձեւով ոչ ոք չի կարող պատասխանել: Այս գործակալական վկաներով էլ կեղծում են իմ դեմ մեղադրանքը»:
Նրա պաշտպանն էլ հավելեց, որ գործում ընդգրկված վկաները մեղադրանքի հետ կապ չունեն:
Դատարանը որոշեց դատական նիստը հետաձգել ու եւս մեկ անգամ հարցում ուղարկել Երեւան քաղաքի վարչություն ` վկայի ներկայությունն ապահովելու համար: Հաջորդ նիստը նշանակվեց հուլիսի 4-ին:
Պարոն Կիվիրյանն էլ մեզ հետ զրույցում չկարողացավ բացատրել, թե երթուղայինի վարորդը ինչ հիմքով է որպես վկա ներգրավվել ու ինչ կապ ունի իր գործի հետ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ