Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստին ընդունվեց հաշմանդամություն ունեցող անձանց ավտոկայանատեղերի տեղական տուրքի վճարումից ազատելու մասին որոշում: Որոշման նախագծի հեղինակ Գրիգոր Մինասյանը առաջարկեց նաեւ բոլոր ավտոկայանատեղերում հաշմանդամություն ունեցող անձանց ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսել առանձին հատվածներ` տվյալ տեղերում արգելելով այլ մեքենաների կանգառն ու կայանումը:
Նիստից հետո Գրիգոր Մինասյանը պատասխանեց «Առավոտի» հարցերին.
– Պարոն Մինասյան, քիչ առաջ Երեւանի ավագանին ընդունեց ձեր հեղինակած որոշումը, ըստ որի՝ Երեւան քաղաքում կարմիր գծանշված ավտոկայանատեղիները հաշմանդամների համար անվճար են դառնում: Ինչպե՞ս պետք է իրականացվի այդ որոշումը, տեխնիկապես բարդ չի՞ լինի:
– Լավ գործերը հաճախ բարդ են իրականանում, և այս մեկն էլ բացառություն չէր: Ի պատիվ մեր ներկայիս քաղաքապետի՝ երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց հուզող խնդիրը, այսօր ստացավ չափազանց քաղաքակիրթ և ժամանակակից լուծում: Իսկ ավտոկայանատեղերը այսօրվա ընդունված որոշմանը հարմարեցնելը, իսկապես որ ժամանակի և տեխնիկայի հարց է:
Կարդացեք նաև
– Այդ որոշումը հետադարձ ուժ չունի՞, նկատի ունեմ, եթե արդեն իսկ կան հաշմանդամներ, որոնք տուգանվել են կարմիր գծերի մեջ կայանելու եւ չվճարելու համար, նրանք կարո՞ղ են ազատվել այդ տուգանքներից:
– Ոչ, նման որոշումը չի կարող հետադարձ ուժ ունենալ:
-Ի՞նչ եք կարծում, ճիշտ չի՞ լինի քաղաքում որոշ հատվածներում նախատեսել նաեւ անվճար կայանատեղիներ՝ համընդհանուր օգտագործման համար՝ նրանց համար, ովքեր չեն կարող վճարել: Գուցե դա քաղաքի հյուրերն են մարզերից, գուցե սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդիկ: Այլապես այժմ Երեւանի հատկապես կենտրոնական հատվածներում անհնար է գտնել կայանման համար չարգելված եւ չգծանշված որեւէ տարածք:
– Լավ գաղափար եք առաջարկում, բայց այսօր դեռևս չկան հստակ հաշվարկներ, թե ինչպես այս բարի գաղափարը ևս իրականություն դարձնել: Կարծում եմ՝ այս և այլ նման գաղափարները կլինեն մեր խմբակցության ու Երևանի ավագանու քննության առարկա, ինչպես, օրինակ, տաքսիների, զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների, հեծանիվների համար հատուկ կայանատեղերի կամ ծառայողական ավտոկայանատեղերի ստեղծումը:
– Կայանատեղիներով զբաղվող «Փարկինգ սիթի» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ բաժնեմասերը 100%-ով վաճառելու մասին, դա որեւէ ձեւով չի՞ անդրադառնա քաղաքապետարանի այսօրվա որոշման վրա: Եվ ընդհանրապես՝ ի՞նչ եք կարծում, դա լո՞ւրջ հայտարարություն էր, թե ընկերությունն ուղղակի «դեմարշ» էր անում:
– Ես թաքնված ենթատեքստեր աշխատում եմ չփնտրել այլոց գործողություններում, իսկ մեկնաբանել մասնավոր ընկերության այս կամ այն քայլը, ընդհանրապես չեմ պատրաստվում: Կարծում եմ նրանք, ովքեր շահագրգռված են ներդրում անելու որևէ բիզնեսում, կհետաքրքրվեն «Փարկինգ սիթի» ընկերության հայտարարությամբ: Ինձ այսօր այս հարցը հետաքրքրում է բացառապես սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից: Ես անկեղծ ուրախ եմ, որ մեր քաղաքը թեկուզ փոքր, բայց շատ էական քայլ արեց այնպիսի խոցելի խմբի համար, ինչպիսին հաշմանդամություն ունեցողներն են: Մեր քաղաքի զարգացումը բոլորիս գերխնդիրն է, իսկ ինձ համար այն նաև ոգևորող պարտավորություն է: Բոլորի համար մատչելի և քաղաքակիրթ Երևանը այդ զարգացման ուղղություններից մեկն է:
– ՀՀ երկրորդ նախագահը երեկվա իր հարցազրույցում անդրադարձել էր նաեւ կայանատեղիներին եւ հայտարարել, որ դրանց միջոցով ստացված գումարները պետք է մտնեն համայնքային կամ պետական բյուջե եւ ոչ թե մասնավորի գրպանը: Որքանո՞վ է իրատեսական, որ նման գործունեություն ծավալեր քաղաքապետարանը՝ առանց մասնավորի օգնության:
– Այս հարցին, կարծում եմ, Երևանի ավագանու և քաղաքապետարանի տեսանկյունից սպառիչ և լիարժեք պատասխանել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ