Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են մահաբեր Կալաշնիկովի արձանը տեղադրում Գյումրիում

Հունիս 24,2014 15:55

Երեկ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանում տեղի է ունեցել զինագործ-կոնստրուկտոր, Ռուսաստանի հերոս, գեներալ-լեյտենանտ Միխայիլ Կալաշնիկովի արձանի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը: Կալաշնիկովի` 2 մետր 87 սանտիմետրանոց քարե արձանը, որը տեղադրելու գաղափարը պետերբուրգցի բարերար և հասարակական գործիչ, պահեստազորի մայոր Հրաչյա Պողոսյանինն է, ըստ www.azatutyun.am-ի, ունենալու է հետևյալ տեսքը` Կալաշնիկովի ձեռքերի ափերում՝ աղավնի, արձանի պատվանդանին՝ ավտոմատ, հարթակի դիմաց՝ երկրագունդ, որն արտահայտելու է զինագործի համաշխարհային ճանաչումը:

Գյումրեցիները, Կալաշնիկովի արձանը իրենց քաղաքում տեղադրելու մասին տեղեկանալով ռուսական լրատվական գործակալություններից, անմիջապես սկսեցին կատակել ֆեյսբուք սոցիալական ցանցում: Օգտատերերից մեկը գրում է. «Միկոյանի արձանը` Երևանում, Կալաշնիկովինը` Գյումրիում»:

Aravot.am-ը «Շրջապատ» շաբաթաթերթի տնօրեն Եպրաքսյա Մեխակյանից կարծիք հարցրեց զինագործի արձանը Գյումրիում տեղադրելու շուրջ, որին ի պատասխան, մեր զրուցակիցը վրդովված ասաց. «Ինձ թվում է մի քիչ շատ առաջ գնացին, ի՞նչ է նշանակում առանց ազգաբնակչությանը տեղյակ պահելու, մեր հողի վրա է վերջը, մահ բերողի արձանը տեղադրել Գյումրիում: Թող Սախարովի արձանը տեղադրեն` որպես մարդու իրավունքների պաշտպանի, ոչ թե մարդ սպանողի արձանը, ինքը վերջիվերջո մարդ սպանող է, քանի՞ զոհեր է տվել Կալաշնիկովը, եթե հարցին մարդկային տեսանկյունից մոտենանք: էս ինչ արձանացավ են կպել, թող Ռուսաստանը իր Պետերբուրգում դնի Կալաշնիկովի արձանը: Թող Կալաշնիկովի արձանը տանեն, դնեն Մասիսի գագաթին, էլ ինչ ասեմ»:

Մեր այն դիտարկմանն էլ` հնարավո՞ր է ռուսները ոգևորվեցին նրանից, որ Կալաշնիկովին շատ են «հարգում» Գյումրիում. ով ում կրակի՝ Կալաշնիկովի անունն է տալիս, մի բան էլ դատարաններում Կալաշնիկովի ստեղծած զենքերն են հետազոտում, մեր զրուցակիցն ասաց. «Ես էդ կարծիքին չեմ, ամենուրեք կրակոցները հնչում են, կան, և միայն Կալաշնիկովի զենքերը չեն, որ օգտագործվում են: Եթե կատակը մի կողմ թողնենք, միայն Կալաշնիկովը չէ, որ աշխատում է, թող արձանը տանեն Երևանում դնեն` կլինի Միկոյանի շարքից …Վաղը Ստալինի արձանն էլ կդնեն, իրենց ի՞նչ է եղել, երևի իրենց ասողներ կան…Շատ տխրեցի այս փաստից, էս դեպքում «դոկտոր մահի» արձանը թող դնեն, նա գոնե ինչ-որ տեղ մարդուն փրկել է տառապանքներից…»:

Ի դեպ, Գյումրիում մի հետաքրքիր անկեդոտ կա՝ կապված Կալաշնիկովի հետ. գյումրեցիներից մեկը Գյումրիում անընդհատ կրակոցներ արձակող մի ջահելի ասում է. «Ծո, գիտես, Կալաշնիկովը իր կյանքին վերջ դրեց ձեր պատճառով, տեսավ անընդհատ կկրակես, կկրակվիս ու չես մեռնի, ինքնասպան եղավ ամոթից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ ria56.ru-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Ցավում եմ Հայաստանի համար: Ուր էինք գնում, ուր հասանք …

  2. Ռուբեն Պարսամյան says:

    Սատրապական Հայաստանը հոգեվոր վերասերման գործընթացում….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30