Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի աշխատանքների շրջանակներում այս պահին ելույթ է ունենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա դահլիճ մուտք գործեց ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության՝ տղամարդ անդամների ուղեկցությամբ:
Բացման խոսքում ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նկատողություն արեց Ադրբեջանի նախագահին, թե ինչու են իրեն ուղեկցող պատվիրակության կազմում միայն տղամարդիկ: Այնուհետև ակնարկեց, թե լինել տնտեսապես հզոր, բայց ունենալ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշպանության ոլորտում խնդիրներ, այդ երկրին պատիվ չի բերում:
Ադրբեջանի նախագահը ելույթ ունեցավ վարժ անգլերենով, ի սկզբանե սկսեց արդարանալ, թե Ադրբեջանի ցանկացած գյուղում և քաղաքում կա ինտերնետ, սկսեց թվարկել, թե քանի կայք, հեռուստաընկերություն կա Ադրբեջանում ու իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարող է նման երկրում մամուլի ազատության հետ կապված խնդիրներ լինել: Ալիևը պնդեց, թե իր ղեկավարած երկիրն ունի կոռուպցիայի դեմ պայքարի առանձնահատուկ փորձ, թե հասարակության գրագիտության աստիճանը մոտ է 100 տոկոսին:
Հետո շեշտեց, թե միջազգային կառույցների մեծամասնությունը վստահում է Ադրբեջանին, համագործակցում է Ադրբեջանի հետ:
Կարդացեք նաև
Դառնալով ԼՂ հակամարտությանը՝ Ալիևը նշեց. «Հակամարտությունը դեռ սառեցված չէ»: Այնուհետև շարունակեց, թե ԼՂ-ն Ադրբեջանի պատմական մասն է, և ՀՀ-ն օկուպացրել է իրենց տարածքները, ու մեկ միլիոն ադրբեջանցիներ բռնի տեղահանվել են իրենց հողից: Այս առիթով Ալիևը ակնարկեց, թե Հայաստանն անգամ չի ճանաչում ԼՂ անկախությունը:
Ալիևը հայտարարեց, թե ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի նախագահները հայտարարել են, որ «ստատուս քվոն» անընդունելի է և հայտարարեց. «Այս իրավիճակը, որն այժմ հաստատվել է երկու երկրների միջև, հավերժ ձգվել չի կարող: Մենք ակնկալում ենք Հայաստանի կողմից համարժեք մոտեցում»:
Այնուհետև Իլհամ Ալիևը պատասխանեց պատվիրակների հարցերին:
ափահարություններով էին ընդունվում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարմանը, քաղաքական բանտարկյալներին վերաբերող հարցերը: Իսկ Ալիևը առիթը բաց չէր թողնում շեշտելու, թե որքան նավթ, գազ ու էներգետիկ օգնություն է ապահովում Ադրբեջանը եվրոպական երկրներին:
Նշենք նաև, որ Իլհամ Ալիևին հարց հնչեցնող պատվիրակների շարքում չկային ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ