Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյանը՝ «Հին Երեւան» նախագծի մասին. «Այն, ինչ նախատեսված է, իրականություն է դառնալու»

Հունիս 24,2014 15:39

«Ես մշակույթի նախարարությանը եւ համապատասխան մարմիններին պատասխան հարցադրումներ արել եմ, կսպասեմ այդ հարցադրումների պատասխաններին, որից հետո կհստակեցնեմ հետագա գործողությունները»,- այսօր՝ հունիսի 24-ին, «Ազդակ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքներին, հայտարարեց Ազգային ժողովի Գիտության, կրթության, սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք՝ արդեն մոտ 10 օր է՝ շարունակվում են հանրապետական հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները: Այս հարցով Հայաստանի հելսինկյան կոմիտեն եւ «Ուրբանլաբ Երեւան» հասարակական կազմակերպությունը ուրբաթ օրը՝ հունիսի 20-ին, դիմել են վարչական դատարան, իսկ երեկ՝ հունիսի 23-ին, մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակույթի պահպանման գործակալության ներկայացուցիչը, հանդիպելով  շինարարության պատասխանատուին, պահանջել էր դադարեցնել աշխատանքները, քանի որ աշխատանքներն անօրինական էին, սակայն այսօր առավոտից ապամոնտաժման աշխատանքները կրկին շարունակվում էին:

Aravot.am-ը պարոն Դավթյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մշակույթի նախարարությունը եւ ԱԺ Գիտության, կրթության, սպորտի, մշակույթի եւ երիտասարդության հանձնաժողովի փոխարեն քաղաքացիական ակտիվիստներն են պայքարում շենքի համար, նա պատասխանեց, որ քաղաքացիական հասարակության կայացման համար կարեւոր հատկանիշներն են քաղաքացիական ակտիվիստները.
«Բոլոր այն խնդիրները, որոնք կարծես թե դուրս են մնում կառավարության, Ազգային ժողովի, լրատվամիջոցների ուշադրությունից, հենց քաղաքացիական ակտիվիստներն իրենց գործողություններով բերում են մեր օրակարգ եւ քաղաքական օրակարգ եւ բավականին սուր հարցադրումով ներկայացնում մեզ»:

Նա հիշեցրեց ասացվածքը, թե երեխան մինչեւ լաց չի լինում, մայրը կաթ չի տալիս, եւ ասաց, որ այս դեպքերը պետք է ընդունել այդ տրամաբանության մեջ: Արտակ Դավթյանի խոսքերով՝ պետք է հասկանալ, որ հասարակական հարաբերություններում կարող են լինել բազմաթիվ հարցեր, եւ այդ իսկ պատճառով նրանք կարող են եւ դուրս մնալ համապատասխան մարմինների ուշադրությունից.
«Քաղաքացիական ակտիվիստները նրա համար են, որ այդ հարցերի վրա մեր ուշադրությունը կենտրոնացնեն»:

Մեր հարցին, թե պարոն Դավթյանի կարծիքով՝ «Հին Երեւան» նախագծի շրջանակներում Աֆրիկյանների շենքը կպահպանի՞ իր արժեքը եւ կլինի՞ այն, ինչ որ կար, Արտակ Դավթյանը պատասխանեց, որ դրանում համոզված է.
«Ոչ միայն Աֆրիկյանների ակումբի շենքը, այլ նաեւ այլ շենքեր, որոնց մասին ակտիվիստներն ամենեւին էլ չեն բարձրաձայնել: Ակտիվիստների շարժումը այս մի քանի տարվա ընթացքում է, որ հաջողություն է արձանագրել, եւ այդ շարժումը վերջին մի քանի տարիների ընթացքում է, որ տեսանելի է դարձել: Այո,՛ անպայման: Այն, ինչ նախատեսված է, իրականություն է դառնալու վերջիվերջո»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30