Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Արցախի վարչապետները քննարկել են հայկական երկու պետությունների համագործակցության խորացման ուղիները

Հունիս 24,2014 15:21

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին: Հայկական երկու պետությունների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանի և Արցախի միջև բազմաոլորտ համագործակցության սերտացման հեռանկարները և ապագա ծրագրերը:

Այնուհետև ՀՀ և ԼՂՀ վարչապետների նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ և ԼՂՀ կառավարությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

«Սա իմ առաջին այցն է Լեռնային Ղարաբաղ որպես վարչապետ: Համոզված եմ, որ մեր հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի վարչապետի և կառավարության հետ լինելու են շատ ջերմ, աշխատանքային և արդյունավետ: Իմ մոտեցումը հետևյալն է. քննարկումները պետք է լինեն առարկայական, նպատակային, և մենք հետամուտ ենք լինելու կայացրած որոշումների իրականացմանը՝ սահմանված ժամկետներում: Մեզ համար շատ կարևոր է մեր երկրորդ հայրենիքի տնտեսության զարգացումը և անվտանգության ապահովումը, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ այդ նպատակով անելու եմ ամեն ինչ», – ողջույնի խոսքում նշել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Գոյություն չունի մի խնդիր, որ ի զորու չլինենք լուծել մեր ապագա միասնական տեսլականի շրջանակում», – իր հերթին հավելել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:

Հովիկ Աբրահամյանը և Արա Հարությունյանը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Արցախի միջև բազմակողմանի հարաբերությունների զարգացման ընթացքից և անդրադարձել ըստ ճյուղային նախարարությունների կատարվող աշխատանքներին:

Պատասխանատու նախարարները զեկուցել են արդարադատության, էներգետիկայի, գյուղատնտեսության, սոցիալական, ֆինանսական, արտակարգ իրավիճակների ոլորտներում ստորագրված համագործակցության հուշագրերի շրջանակում համատեղ ծրագրերի և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Նշվել է, որ համագործակցությունն ընդգրկում է լայն շրջանակ՝ օրենսդրական կարգավորումների դաշտից մինչև կոնկրետ առարկայական հարցեր, իսկ ձեռնարկվող ծրագրերը հաջող իրականացվում են: Ծագող բոլոր հարցերը քննարկվում են մշտական փոխայցերի շրջանակում, պարբերաբար կազմակերպվում են մասնագիտական վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ՝ փորձի փոխանակման նպատակով:

«Արցախ աշխարհը պետք է լինի կայուն, անվտանգ և ունենա հզոր տնտեսություն: Ես այս զեկույցներից հասկացա, որ մեծ գործ է արվում, և նոր կառավարությունը ձեռնամուխ է լինելու կոնկրետ աջակցության ծրագրերի իրականացմանը՝ համագործակցությունը զարգացնելու և սերտացնելու նպատակով», – դիմելով ներկաներին՝ ընդգծել է Հայաստանի վարչապետը և հորդորել էլ ավելի ակտիվացնել տնտեսական կապերը հայկական երկու պետությունների միջև:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30