Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիշերային ակումբի «տանիքը» պաշտպանության նախարարն է եղել», ասում է Ռուբեն Բալաբանյանը

Հունիս 24,2014 15:15

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայրը՝ Մուշեղ Օհանյանը եւ ֆրանսահայ գործարար Քրիստիան Զադիկյանը չէին ներկայացել Հրաչյա Սարգսյանի բողոքի քննությանը: Վերաքննիչ քրեական դատարան էր ներկայացել տուժող Քրիստիան Զադիկյանի ներկայացուցիչը՝ պարոն Փիրուզյանը, իսկ մյուս տուժողն էլ՝ Մ. Օհանյանը, հայտնել էր, որ վատառողջ է եւ որեւէ պահանջ չունի:

Հրաչյա Սարգսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Բալաբանյանը խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, որով 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել նրա պաշտպանյալը՝ կեղծ ստորագրություններ կատարելու, ինչպես նաեւ խարդախության համար:

Հրաչյա Սարգսյանը 2006 թվականից աշխատացրել է «ՍՏՇ Պիրամիդա» ընկերությունը (փաստաբան Բալաբանյանը հապավումից բացեց միայն Ս-Սեյրան բառը, իսկ ՏՇ-Տիգրան, Շահեն անունների համար որեւէ բառ չհայտնեց): Ընկերությունն ունեցել է նաեւ գիշերային ակումբ-սրճարան, ունեցել է եկամուտներ, ավելի քան 60 անձի աշխատավարձն է ապահովել, այդ թվում՝ պարուհիների, հավաքարարների, եւ ըստ փաստաբանի, նրա «տանիքը» եղել է պաշտպանության նախարարը:

Ռուբեն Բալաբանյանը նաեւ ասաց, որ որպեսզի ընկերությունն աշխատացնի, Հրաչյա Սարգսյանը 4 դրվագով վարկ է վերցրել 50 հազար, 200 հազար, 360 հազար եւ 900 հազար դոլար գումար: Գործարքները կատարվել են ինչպես միշտ՝ «Արցախբանկում» եւ «ՎՏԲ բանկում»:

Պաշտպանական կողմը հայտնեց, որ անկախ ստացված եկամուտից, ընկերության տնօրեն Հրաչյա Սարգսյանը հիմնադիրներին մինչեւ 10 հազար դոլար գումար է տվել եւ երբ նկատվել է հաճախորդների եւ ներդրումների պակաս, ինքը այդ ժամանակ չի կարողացել ապահովել ֆրանսիացի գործարար Ք. Զադիկյանի ամսական 4500 դոլար տրվելիք գումարը, որից «պարտք» է գոյացել 80 հազար դոլար:

Փաստաբանը նաեւ ասաց, որ մի քանի անգամ հեռախոսազանգ է ունեցել Քրիստիան Զադիկյանի հետ, որն ասել էր, թե «ըսե 40 հազարը տա, ես նրան արձակել կտամ»: Մինչդեռ Հրաչյա Սարգսյանը այսօր դատարանում չընդունեց անգամ այդ 40 հազար դոլարի «պարտքը»: Ըստ նրա, այդ 40 հազարը պետք էր Հայրապետյան եղբայրների ձիարշավարանում գումարներ ներդնելու համար:

Հիմնադիրներից Մուշեղ Օհանյանը ընդհանրապես երկու անգամ է ոտք դրել «ՍՏՇ-Պիրամիդա» ընկերություն, հիմնադիրներին չի էլ հետաքրքրել, թե ինչպես է աշխատեցվել ընկերությունը, ինչպես են հայթայթվել գումարները:

Բողոքաբեր կողմը պնդում էր, որ ապացուցված չէ հանցակազմը, որ դատարանում պետք է արդարացվի Հրաչյա Սարգսյանը եւ եթե գումար հափշտակելու նպատակ ուներ Հրաչյա Սարգսյանը, ապա 900 հազար դոլար գումարը ցելոֆանով չէր հասցնի Սեյրան Օհանյանի հորը:

Ի դեպ, առաջին ատյանի դատավճռի 20-րդ էջում արձանագրված է, որ հանցագործության իրականացմամբ Մուշեղ Օհանյանին, Քրիստիան Զադիկյանին, բանկին նյութական վնաս չի պատճառվել:

Իսկ հիմնադիրների ստորագրություն կեղծելը Հրաչյա Սարգսյանն ընդունեց այնքանով, որ հիմնադիրներից մեկը գտնվել է Ֆրանսիայում, իսկ Մ. Օհանյանն էլ տեղյակ էր, որ այդ գումարները դրվում են ընկերության համար:

Հրաչյա Սարգսյանը ձերբակալվել է Բագրատաշենում, նրա գրպանում եղել է 35.000 դրամ գումար եւ նա այսօր հայտնեց, որ նախաքննության մարմնի այն ակնարկը, թե ինքը հնարավոր փախուստի փորձ է կատարել, այդպես չէ, քանի որ ինքը գնում էր Վրաստան, որպեսզի այնտեղից բերեր Քրիստիան Զադիկյանի 40 հազար դոլար «պարտքը»:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը վերաքննիչ դատարանում փոխվել էր: Այսօր առաջին անգամ դատարանում հանդես եկած դատախազը գտավ, որ դատավճիռը օրինական է, բեկանելու հիմքեր չկան եւ որ դատաքննության ընթացքում հաստատվել է Հ. Սարգսյանի հանցանքը:

Իսկ Ք. Զադիկյանի ներկայացուցիչ պարոն Փիրուզյանը հանդես եկավ հարցադրմամբ. «Կլասիկ խարդախությունը ո՞րն է. վստահություն են ձեռք բերում, հետագայում քիչ-քիչ բաներ են կատարում: Ընդհանրապես չպիտի լիներ Զադիկյանի պարտքը, «Պիրամիդան» աշխատել է շահույթով: Երբ Ք. Զադիկյանը իմացել է 1 մլն դոլարի վարկ է վերցվում իր անունով՝ զարմացել է»: Բողոքաբեր կողմը պահանջում էր, որպեսզի տուժողները դատարան գան:

Հուլիսի 8-ին կշարունակվի բողոքի քննությունը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ karciq.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30