Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Սարիբեկյան. «Մութ ու ցուրտ տարիներին երեխա չենք կորցրել» (Տեսանյութ)

Հունիս 24,2014 14:51

Հայաստանում մանկական մահացության ցուցանիշը, այսինքն՝ տարեկան 1000 ծնունդից 0-ից մինչեւ 1 տարեկան երեխաների մահացությունը 1990-2013 թվականներին կրճատվել է 47%-ով: Այսօր «Բլից ինֆո» ակումբում այս տվյալները ներկայացրեց առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Նրա խոսքերով` մանկական մահացության մեր երկրի ցուցանիշը բարձր է եվրոպականից, բայց այն ցածր է ԱՊՀ երկրների համեմատ:

Իսկ մայրական մահացության ցուցանիշները 2000-ից մինչեւ 2010 թվականները կրճատվել են 40%-ով: Ըստ տիկին Սարիբեկյանի, եթե 2000 թվականին տարեկան 100 հազար կենդանի ծննդի հաշվարկով մայրական մահացությունը 39.9 %-էր, ապա 2013-ին նույն հաշվարկով այդ ցուցանիշը նվազել է եւ դարձել 19.2%:

Նշենք, որ մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության, ծննդաբերության կամ հետծննդյան 42 օրերի ընթացքում:

Aravot.am-ի այն հարցին, թե որոնք են այդ մահերի վրա ազդող գործոններն ու ի՞նչն է նպաստել մեր երկրում մայրական եւ մանկական մահացության դեպքերի նվազմանը, Կարինե Սարիբեկյանը նշեց մի քանի գործոններ: Ըստ մասնագետի, մանկական մահացության վրա ազդող գործոններից են առողջապահականը, երեխայի խնամքը, ծնողների գիտելիքները, աղքատությունը. «Պետք է նշեմ, որ մութ ու ցուրտ տարիներին մենք, կարելի է ասել, երեխա չենք կորցրել, որովհետեւ հայերը երեխամետ են, հայ ընտանիքը ռեսուրսները ծախսում է երեխաների համար: Սա ֆենոմեն էր, եւ երբ առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները 1998-ին Հայաստանում էին, զարմացել էին, չէին հասկանում` ամբողջ ԱՊՀ երկրներում մահացության ցուցանիշը բարձր էր, մեզ մոտ` ցածր, խորհրդային կարգերի փլուզումից հետո աղքատություն էր, ճգնաժամ էր, բայց 93-94 թվականներից հետո մեզ մոտ ակտիվ իջնում էր մահացության դեպքերը: Երբ վերլուծեցինք, հասկացանք` մինչեւ անկախացումը մեր բնակչության որոշակի տոկոսը ադրբեջանցիներ էին, չեմ ուզում քաղաքականացնել, բայց իրենց մոտ շատ ծնվում էին, շատ էլ մահանում, եւ տեսակարար կշիռը մանկական մահացության մեջ մեծ էր: Մի քանի երեխա էին ունենում, եւ ես ականատես եմ եղել, ադրբեջանցի ընտանիքում, երբ երեխան մահանում էր, ասում էին` լավ, ոչինչ բժիշկ ջան, աստված տվեց, աստված տարավ: Իրենց ընտանիքներում երեխաներն այլ հարթակում էին, քան հայ ընտանիքներում: Իրենք, որ գնացին, մանկական մահացության դեպքերը բավականին նվազեցին:

Մյուս պատճառը այդ ցուցանիշի կրճատման` մեր արժեհամակարգում երեխայի նկատմամբ դրական վերաբերմունքն է, հետո առողջապահության նախարարության ռազմավարությունն՝ ուղղված երեխայի եւ մայրերի առողջությանը, հետո «unisef»-ն եկավ Հայաստան, հետո մենք սկսեցինք առողջապահության համաշխարհային չափանիշները կիրառել եւ հրաժարվեցինք խորհրդայինից»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30