Հունիսի 23-ին մեկնարկած` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: Այսօր քննարկվում են միգրանտների իրավունքների պաշտպանությանը, Եվրոպայի տարածքում նրանց խնդիրների լուծմանն ուղղված հարցեր: Երեկոյան Վեհաժողովը կքննարկի մամուլի միջոցով բռնության տարածմանը վերաբերող մարտահրավերները:
Այսօր ժամը 14.00-ին նախատեսված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նստաշրջանի աշխատանքների առաջին օրվանից սկսած չեն դադարում Ադրբեջանի հասցեին հնչող քննադատական ելույթները: Բյուրոյի օրակարգում է իռլանդացի պատվիրակ Մայքլ Մաք Նամարայի ներկայացրած բանաձևի նախագիծը, որտեղ առաջ է քաշվում Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը, իրավապաշտպանների, լրագրողների նկատմամբ այդ երկրում գրանցված բռնությունները, սահմանափակումները և այլն:
Նշենք, որ Մաք Նամարայի նախաձեռնությունը կուղարկվի համապատասխան հանձնաժողով, որի հիման վրա կնախապատրաստվի բանաձև, թեև երեկվա նիստի ընթացքում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը դժգոհություն էր հայտնել, թե քվեարկությունը տեղի է ունեցել խախտումներով, քանի որ Ադրբեջանի պատվիրակության անդամները դահլիճում չեն եղել:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ