Հմայակ Հովհաննիսյանն ինձ դատի է տվել, ավելի ճիշտ՝ իր գործով պատասխանող է ճանաչվել «Առավոտը», ընդ որում՝ մի հարցազրույցի համար, որի ձայնագրությունը կա, կցված է նյութին եւ ամբողջությամբ բարեխղճորեն վերծանված է: Հիմա ինչն է աբսուրդը, որ ինձ դատի են տվել՝ զրուցակցի խոսքերը նույնությամբ, տառացիորեն նույնը գրելու համար:
Երեկ մի ասուլիսից հետո Հմայակ Հովհաննիսյանին ասեցի, որ ես եմ «Առավոտի» այդ լրագրողը, ինչի՞ եք դատարանում ասել, որ ես լրագրողի հետ չեմ խոսել, ձայնագրություն կա, չե՞ք տեսել կայքում, ինձ ի՞նչ պատասխանի, թե՝ «ասել եմ՝ լրագրողը զանգ է տվել, բայց չի ասել, որ դա հրապարակման համար է: Ես նկատի ունեի, որ դուք կանցկացնեք ժուռնալիստական հետաքննություն: Ցավոք, մեր լրագրության մեջ ժուռնալիստական հետաքննության ժանրը մահացել է, դուք ամեն ինչ ուզում եք լսել ինձանից: Ես ի վիճակի չեմ»:
Ասում եմ՝ պարոն Հովհաննիսյան, լրագրողը հարց է տալիս ձեզ, ինչ պատասխան տալիս եք, դա գրում է՝ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց՝ «Եթե ես իմանայի, որ այդ զրույցը նույնությամբ պետք է հրապարակվի, ես, իհարկե, կզգուշանայի: Ձայնագրությունը կա, բայց տեխնիկական պատճառով սխալ է տեղի ունեցել, այդքան բան: Ինձ համար առաջնայինը դատարաններից պրծնելն է»:
Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, ինքը դատարանում պաշտպանվելու է մոտավորապես այսպես՝ ասելու է, որ լրագրողի հետ եղել է զրույց, բայց ձայնագրության մեջ չկա, որ ձեր հարցազրույցը կտպագրվի այսինչ օրը: Ըստ Հմայակ Հովհաննիսյանի, լրագրողը, որը զանգում, ներկայանում է «Առավոտ» օրաթերթից, ուղղակի հավեսի համար կարող է իր հետ ժամերով զրուցել: Ասում է՝ «Իմ նպատակն էր ձեզ հուշել, որ դուք գնաք իրականացնեք լրագրողական հետաքննություն»:
Կարդացեք նաև
Հիմա ինչպե՞ս բացատրեմ պարոն Հովհաննիսյանին, որ իր նպատակը իմ նպատակին չի բռնում, որ ես նպատակ եմ ունեցել զանգել, Սենիկ Ջուլհակյանի հետ իր դատական գործերի մասին հարցեր տալ ու բացարձակ գլխի չեմ ընկել, թե պարոն Հովհաննիսյանը ժուռնալիստիկայի որ ժանրն է ուզում զարգացնել Հայաստանում:
Հիմա իմ գործընկերներին զգուշացնում եմ, որ նրա հետ հարցազրույցից հետո անպայման վերջում հարցնեն, կարող է մարդը էդ պահին պամֆլետն է ուզում զարգացնել Հայաստանում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ