Ուշագրավ էր, որ ոչ իշխանական Քառյակն իր տասներկու կետանոց պահանջագրում մեկ առ մեկ զետեղել էր հենց այս խնդիրները ( թեեւ՝ առկա էին շատ ավելի կարեւոր եւ ոչ կենցաղային հարցեր): Եվ այն, որ միայն այդ պահանջագրի հրապարակումից եւ իշխանությունների կողմից բավականին նորմալ ընդունվելուց հետո է Քոչարյանը կոշտ ձեւակերպումներով արտահայտում իր տեսակետը նշված հարցերի շուրջ, բնականաբար, պատահական չէ։
Այդպիսով՝ նա նախ ընդգծում է իր առնչությունը 12 կետանոց պահանջագրի զգալի մասին, ապաեւ՝ հստակեցնում այն սահմանագիծը, որի շրջանակներում կարող է հանգուցալուծվել քառյակ-իշխանություն պահանջագրային այս գործընթացը։ Եվ հիմա շատ ավելի մեծ հավանականությամբ կարելի է ասել, որ եթե անգամ այս պահին Քոչարյանը չի ցանկանում վերադառնալ՝ ապա միայն այն պատճառով, որ իր դիրքերը բավականաչափ ուժեղ չեն։ Սակայն վերադառնալու քաղաքական որոշումը նա իր մեջ արդեն կայացրել է, եւ հիմա ընդամենը սպասում է նպաստավոր իրավիճակի։
Ինչ վերաբերում է այս հարցազրույցում Քոչարյանի հնչեցրած գնահատականներին՝ ապա դրանք գրեթե հարյուր տոկոսով արդարացի են, սակայն ինչպես եւ նրա բոլոր հայտարարությունները գնահատելու դեպքում՝ դարձյալ բախվում ենք հարցին, իսկ ո՞վ է ասողը։ Եվ այդ դեպքում վերստին տեղի է ունենում ասվածի րոպեական արժեզրկում:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում