Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Մագնուս Կարլսենին իր հայրենիք Նորվեգիան է հիշեցնում

Հունիս 24,2014 10:04

Acronis ընկերության եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հրավերով երեքօրյա այցով Հայաստանում գտնվող շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն երեկ Լեւոն Արոնյանի հետ այցելել էր Տաթեւ:

Վերադառնալուց հետո շախմատի երկու հսկաները հանդիպեցին լրագրողների հետ:
Acronis-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Բելոուսովը նշեց, որ թեեւ Մագնուս Կարլսենին ներկայացնելու հարկ չկա, այդուհանդերձ ընդգծեց, որ մինչեւ Կարլսենը աշխարհին ամենից հայտնի նորվեգացին մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենն էր, սակայն Մագնուսը շրջանցել է նրան ու նա է հիմա ամենաճանաչված նորվեգացին: Բելոուսովը ընդգծեց նաեւ, որ երկուսն էլ հայ ժողովրդի բարեկամներն են ու այսօրվա այցով՝ արդեն երկուսն էլ եղել են Հայաստանում:

Կարլսենը հիացած է Տաթեւի Վանքով, տպավորված՝ Հայաստանի բնությունով, որն իրեն իր հայրենիք Նորվեգիան է հիշեցնում, մարդկանցով եւ որ ամենակարեւորն է՝ շախմատի նկատմամբ Հայաստանում եղած մեծ հետաքրքրությամբ ու լուրջ վերաբերմունքով: Չեմպիոնի խոսքերով դա եզակի եւ ընդօրինակման արժանի երեւույթ է:

Խոսելով աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդի հետ երկրորդ մրցամարտի, որում արդեն ինքը պետք է պաշտպանի չեմպիոնի կոչումը, Կարլսենն ասաց, որ ինքը խաղալու է այն թեկնածուի հետ, որը հաղթել է հավակնորդների մրցաշարում եւ որ ինքը չի թերագնահատում Անանդին:

Կարլսենը հիշեց նաեւ Լեւոն Արոնյանի հետ իր առաջին շախմատային հանդիպումը, որում հայ գրոսմայստերը հաղթեց այն ժամանակ տակավին պատանիին եւ որ դա իրեն «կոտրել էր»:

Հարցին, թե արդյո՞ք կոմպյուտերային շախմատը մի օր ասպարեզից չի հանի մարդկային շախմատը, Կարլսենը պատասխանեց. «Դեռ Ալյոխինի ու Կապաբլանկայի ժամանակներում էին խոսու, թե շախմատը մեռնում է: Բայց ինչպես տեսնում եք, շախմատը կա, զարգանում է եւ մարդու գործոնն այս խաղում երբեք չի վերանա»:

Լեւոն Արոնյանն իր հերթին պատասխանելով, թե առաջիկա համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականն ի՞նչ նպատակներ է դրել իր առջեւ, ասաց. «Դուք գիտեք, որ մենք միշտ էլ մեր առջեւ հաղթելու նպատակ ենք դնում: Չեմ կարող խոստանալ, որ անպայման հաղթելու ենք: Բայց մի բան հաստատ է՝ դրա համար պայքարելու ենք»:

Հայաստանի լավագույն շախմատիստն ընդամենը տասը օր է մնալու Հայաստանում: Նա այս ընթացքում ուզում է հանգստանալ, որպեսզի դրանից հետո նախապատրաստվի գալիք կարեւորագույն մեկնարկներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30