Այսօր առավոտից, ինչպես արդեն նշել էինք, Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժման աշխատանքները շարունակվում էին:
«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք իմանալով, որ շինարարությունը շարունակվում է սկսեցին հարվածել շինության թիթեղյա պարիսպին, որի արդյունքում շինարարությունը դադարեցվեց եւ բանվորներն իջան ներքեւ.
«Դրանից հետո մենք պահանջեցին, որ չշարունակեն աշխատանքները մինչեւ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ կգան: Ոստիկանությունն էլ եկավ ուժ փորձեց կիրառել, բայց չստացվեց»:
Քաղաքացի Մայա Բարխուդարյանը մեզ հետ զրույցում իր զարմանքն արտահայտեց առ այն, որ Մշակույթի նախարարության փոխարեն Աֆրիկյանների ակումբի շենքն պաշտպանում են մի խումբ երիտասարդներ.
Կարդացեք նաև
«Ասես արժեքները, մշակույթ կրողը երիտասարդությունն է ո՛չ թե Մշակույթի նախարարությունն ու քաղաքապետարանը: Այդպես չէ, իրենք պետք է պաշտպանեն՝ մենք սատարենք, ոչ թե իրենք ուղարկեն ոստիկաններին, որ գան երեխաներին տանեն ոստիկանության բաժանմունք»:
Նրա խոսքերով՝ ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել շենքի բնակիչներից մեկին, սակայն ակտիվիստները չթողեցին: Տիկին Բարխուդարյանի պնդմամբ այս օրվա ընթացքում 2-3 Գազելով տարել են շենքից արդեն հանված քարերը.
«Ամբողջ Արամի փողոցը փչացրին՝ քարերն համարակալեցին ու տարան, ինչի՞ համար, ճաշակ չունե՞ն: Եվրոպա գնացել են, շենքերը տեսել են, երեւի, հասկացել են, որ հին շենք է, բայց ներսում բոլոր հարմարություններն ունի»:
Աֆրիկյանների ակումբի շենք եկավ Մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ մշակութային հուշարձանների պահպանության գործակալության ներկայացուցիչ Արմեն Աբրոյանը, վերջինս շինարարության պատասխանատուին հայտնեց, որ շինարարությունը ապօրինի է, քանի որ փաստաթղթերը թերի են եւ պահանջեց դադարեցնել ապամոնտաժման աշխատանքները: Նա հայտարարեց, որ գործակալությունը նամակ է ուղարկել «Միլենիում կոնստրակշն» ՍՊԸ-ի տնօրենին, որտեղ նշել են, որ փաստաթղթերը թերի են եւ այդ փաստը կարող է վտանգել հուշարձանը:
Այդ ընթացքում «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները գնացին Մշակույթի նախարարություն՝ պահանջելով՝ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իջնի եւ լսի իրենց, սակայն վերջիններիս հայտնեցին, որ նա տեղում չէ: Ակտիվիստները պահանջեցին, որ նախարարության մեկ այլ անդամ իջնի, սակայն ապարդյուն: Հեռանալով նախարարությունից՝ նախաձեռնության անդամները թողեցին գրություն «Մենք ձեզ սպասելու ժամանակ չունենք»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ